Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս կազմակերպելու որոշումը բառիս բուն իմաստով ցնցել է Նիկոլ Փաշինյանին։ Ինչու՞։ Որովհետև այս Ժողովը դուրս է պետական վերահսկողությունից՝ Կաթողիկոսի դիրքը կուժեղանա, իսկ նրա ազդեցությունը կարող է տարածվել անկախ՝ առանց իշխանության միջամտության։ Փաշինյանի իշխանությունը 2018-ից փորձել է թուլացնել Կաթողիկոսի և Մայր Աթոռի ազդեցությունը՝ օգտագործելով պետական քարոզչական օղակները, մամլո հարձակումները, քրեական գործերի մթնոլորտը, համագործակցության խափանումները։ Երբ Եպիսկոպոսաց ժողովը տեղափոխվում է արտասահման, դա իրականում նշանակում է՝ «Կաթողիկոսը կարող է հավաքել ամբողջ եպիսկոպոսությունը՝ առանց պետական ճնշման»։
Խնդիրը դառնում է քաղաքական՝ իշխանությունը կորցնում է վերահսկողությունը Եկեղեցու վրա։ Չկա ԱԱԾ ճնշում, չկա ոստիկանության միջամտություն, չկա դատախազական ճիգ։ Իշխանությունը չի կարող կանխատեսել հայտարարությունների բովանդակությունը։ Սրբազանները կարող են ընդունել բանաձևեր, որոնք կլինեն քննադատական, պահանջատիրական, քաղաքական գնահատականներով։ Եվ Փաշինյանը չի կարող դա կանխել կամ խմբագրել։
Ավելին, իշխանությունը ստեղծել է «Բարենորոգումների խորհուրդ», և այդ խորհուրդը, որը Փաշինյանի խոսափողն է, հայտարարություն է տարածել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինն է և Եպիսկոպոսաց ժողովը պիտի տեղի ունենա Էջմիածնում։ Միայն այս դրվագն եմ մեջբերում, որովհետև կարծում եմ, հենց այս մանրևն է, որն օգտագործելով, իշխանությունը փորձում է խաղալ հավատացյալների զգացմունքների վրա։ Դա իշխանության ձեռագիրն է՝ խաղալ հանրության զգացմունքների վրա։ Նրան թվում է, թե հասարակության որոշակի մաս կարող է խաբվել, թե իշխանությունը պաշտպանում է հավատացյալների շահը և բարձրացնում է Էջմիածնի առաջնորդական դերը։ Բայց այս ութ տարվա արշավը Եկեղեցու դեմ հուշում է, որ դրանք սին խաբկանքներ են՝ քաղաքական նպատակը քողարկելու համար։ Էջմիածին շահարկելը քաղաքական ճնշման այս պայմաններում՝ հավատացյալների զգացմունքների շահարկում է, որը վստահելի չէ այն պատճառով, որ Սրբազաններ են կալանավորված, քրեական հետապնդումների մեջ։ Ի վերջո Էջմիածին ու այլ սրբավայրեր ոստիկանանական ուժեր են ներխուժել։ Եթե Էջմիածինը առաջնորդարան լիներ կամ Եկեղեցին սրբություն լիներ, իշխանությունը նման քայլերի չէր գնա։
Բարենորոգումների խորհուրդը դարձրել է Փաշինյանի քաղաքական գործիքը՝ առաջ մղելու սեփական օրակարգը, կրկնապատկելու ազդեցությունը Մայր Աթոռի վրա։ Վիեննայի ժողովը, անկախ տեսանելի սիմվոլիկությունից, դարձել է քաղաքական լուրջ ազդակ։ Դա արտահայտում է Եկեղեցու անկախության ամրապնդումը, միաժամանակ ցույց տալիս իշխանության սարսափը, նրա սեփական գործիքների անզորությունը։ Իսկ հասարակության զգացմունքների վրա խաղալու, շահարկելու ձգտումը հանրությունն ընդունում է քմծիծաղով ՝ հաշվի առնելով անցյալի փորձը։