Հարցազրույց

Արևմուտքը արագացնում է Արցախի ու Հայաստանի հանձնման գործընթացը

Արևմուտքը արագացնում է Արցախի ու Հայաստանի հանձնման գործընթացը

«Հրապարակի» զրուցակիցը սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է։ 

- Պարոն Պողոսյան, նոր շարժում է սկսվել՝ «Հայաքվեն», որի նպատակը Արցախը հանձնելը քրեականացնող օրինագծի ընդունումն է՝ հանրաքվեի միջոցով։ Դուք նման ճանապարհով Արցախի հանձնումը կանխելը իրատեսական համարու՞մ եք։

- Գիտեք՝ ողջունելի նախաձեռնություն է, ինչքանով դա հաջողության կհասնի, չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած մտահոգված քաղաքացի՝ մտահոգված մեր պետականության, Արցախի պետականության ճակատագրով, պետք է քայլեր ձեռնարկի։ Դա քայլերից մեկն է, համենայն դեպս փորձել արժի, կտեսնենք՝ ինչ արդյունք կունենանք։ Ամեն դեպքում գործընթացն այնպիսին է, որ հանրության մոբիլիզացիա է ենթադրում, և այդ առումով իրապես ողջունելի է, որովհետև շատ մարդիկ դեռևս մտածում են, որ «լավ, վտանգը կանցնի, Արցախը եթե Ադրբեջանի կազմում լինի, ոչինչ»։ Կարծում եմ, որ «Հայաքվե» նախաձեռնությունը կարող է որոշակիորեն փոխել տրամադրությունները հանրության մեջ, կարծում եմ նաև, որ հանրության բավականին փոքր զանգվածն է այնպես մտածում, ինչպես Հայաստանի դավաճանական իշխանությունները։ Շատ- շատերը դժգոհ են, դժգոհ բառը դեռ մեղմ է, որը ես օգտագործում եմ իրավիճակի մասին, և այդ առումով նույնպես «Հայաքվեն», կարծում եմ, խոստումնալից նախաձեռնություն է։

- Հայտնի դարձավ, որ ԲԴԽ նախագահը իր մոտ է կանչել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին և փորձել դատարանի ստվերային նախագահ ընտրել։ ԲԴԽ-ն այս մասին դեռևս ոչ մի պարզաբանում չի տարածել, չի հերքել այս տեղեկությունները։ Սա, Ձեր կարծիքով, թույլատրելի՞ արարք է ԲԴԽ նախագահի կողմից, և թույլատրելի՞ է Քրեական օրենսգրքի տեսանկյունից։

- Չեմ կարող հիմա կոնկրետ քրեական օրենսգրքով որակումները տալ, ակնհայտ է, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահում կա, դատավորների անկախության նկատմամբ ոտնձգություն կա, որը նույնպես քրեորեն պատժելի արարք է, բայց, գիտեք, ինձ այդպիսի տեղեկությունները բոլորովին չեն զարմացնում, որ նման փաստ տեղի է ունեցել, դրանում էլ որևէ կասկած չունեմ։ Իրավական պետության առումով Հայաստանը այնքան մեծ քայլերով հետ է գլորվել, որ արդեն օրինականության, սահմանադրականության մասին Հայաստանում խոսելը դարձել է ավելորդ։

- Ժոզեֆ Բորելը հայտարարեց, որ Հայաստանի ոչ մի նախկին իշխանություն Արցախը Ադրբեջանի կազմում չի ճանաչել, և դա արել է Նիկոլ Փաշինյանը։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ սա քննադատություն է Նիկոլ Փաշինյանի հասցեին, և այն արտոնությունները, որ ուներ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքում, արդեն սպառված են։

- Չէի ասի, որ սպառված է։ Արևմուտքը իր քաղաքականությունն է իրականացնում։ Ընդհակառակը՝ Արևմուտքը արագացնում է Հայաստանի հանձնման գործընթացն ու Արցախինը, բնականաբար, նույնպես։ Այդ առումով Բորելի հայտարարությունը այդպես չէի գերագնահատի, նա պարզապես արձանագրել է փաստը։ Փաշինյանը, երբ միշտ փորձում է մեղքը գցել նախկինների վրա, Փաշինյանի համար դա առանձնապես բարենպաստ չէ, կարծում եմ՝ Փաշինյանին դա մեծ հաշվով չի անհանգստացնելու․ եթե մարդը պատրաստ է արհամարհելով ամեն ինչը՝ հայոց շահերը, հայոց պետականության հիմնաքարերը, Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, նման հայտարարություն անել, Ա ասելուց հետո Բ էլ կասի, Գ էլ կասի։ Այնպես, որ այդ առումով Բորելի հայտարարությունը շատ տրամաբանական է։ Չմոռանանք նաև ենթատեքստը․ նա ասաց այն իմաստով, որ ի՞նչ եք ուզում մեզնից, երբ Հայատսանն ինքն է ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում, ապա ինչո՞ւ մենք պետք է խոսենք Արցախի ինքնորոշման մասին։

- Արդարադատության նախարարությունը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել, և պատրաստվում է գործուն զղջման ինստիտուտը կիրառել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։ Ի՞նչ կարծիք ունեք այս փոփոխության վերաբերյալ։

- Ակնհայտորեն ուղղված է նրան, որպեսզի ամենաթողության մթնոլորտը պետական իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց կողմից էլ ավելի խորանա, և «օրինական հիմք» ունենան գործուն զղջման պատրվակով ազատել քրեական պատասխանատվությունից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image