Հասարակություն

Արյամբ շաղախված հողը չի վաճառվում

Արյամբ շաղախված հողը չի վաճառվում

Օրեր առաջ Արցախ այցելած մտավորականների խմբին ընդունեցին Արցախի խորհրդարանում։ Հանդիպմանը մասնակցում էին Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ղեկավարները՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ։ Նրանք կարճ ելույթներով հանդես եկան, որոնք մի ընդհանրություն ունեին՝ բոլորը միաբերան նշում էին, որ շատ ուրախ են, որ Հայաստանից խումբ է այցելել Արցախ, նշում էին, որ նման այցելությունների կարիք շատ կա եւ շեշտում էին, որ հիմա ամենակարեւոր խնդիրներից մեկը Հայաստանի հետ կապը պահպանելն ու սերտացնելն է, մինչդեռ Հայաստանի ուշադրությունն Արցախի հանդեպ՝ պատերազմից հետո, նկատելիորեն նվազել է, ինչը շատ վտանգավոր է։

ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց․«Եկեք ուղղակի Ստեփանակերտում սուրճ խմեք՝ գնացեք, աշխարհը տեսնում է, որ շարժը պակասել է, իսկ դա ցուցիչ է»։ Խմբակցություններից մեկի ղեկավարն էլ նշեց՝ «երբ մարդը հիվանդանոցում է, նրան այցելելը շատ կարեւոր է ապաքինման համար, հիմա Արցախը հիվանդ է»։ 

Սակայն հայաստանցիները համաձայն չէին այս ձեւակերպման հետ, ասում էին, որ իրենք եկել են Արցախ ավելի շատ ուժ ստանալու, Արցախից ու արցախցուց պայքարել սովորելու համար։ Չարենցի անվան Գրականության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Կարո Վարդանյանն առարկեց, թե՝ «Մենք հիվանդատես չենք եկել, էս աղետը ծնվել է Հայաստանում, ու եթե հիվանդ կա՝ այստեղ չէ, այլ Հայաստանում է»։ 

Հանդիպման ավարտին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մտավորականների խմբի հետ Արցախ ժամանած Հրանտ Բագրատյանին, որի հետ վաղեմի բարեկամություն ունեն, նվիրեց փոքրիկ սրվակ, որի մեջ պատերազմում զոհված մեր հերոսների արյամբ շաղախված հող էր։ Թովմասյանը նվիրելիս ասաց՝ այս սրվակում մեր զինվորների արյունն է, «իսկ արյունով շաղախված հողը չի վաճառվում»։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image