Հասարակություն

Բրոքերներն էլ պետք է մուծվեն. Նոր օրենք` բյուջեն լցնելու համար

Բրոքերներն էլ պետք է մուծվեն. Նոր օրենք` բյուջեն լցնելու համար

Կառավարությունն ամեն հինգշաբթի օրակարգում ունի նախագծեր, որոնց նպատակը մարդկանցից նոր գումարներ կորզելն ու բյուջեն լցնելն է, իսկ բյուջեն լցնելուց հետո արդեն այդ գումարներն անկառավարելի են դառնում հանրության կողմից: Նոր գումարներ ժողովրդից քերելուն է միտված ռիելթորական գործունեությունը կանոնակարգելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Այսօր մարդիկ իրենց տները վաճառում են` ով ինչպես ցանկանա, անհատ բրոքերների, գործակալությունների միջոցով, կամ առանց միջնորդի: Կառավարությունն էլ որոշել է կանոնակարգել այս ոլորտը, նորմատիվ իրավական բազա ստեղծել եւ կիրառել: Եւ ըստ այդմ, հավանություն է տվել «Ռիելթորական գործունեության մասին» և հարակից օրենքների նախագծերին: 
Այս փաթեթով խաղի կանոններ են սահմանվելու անշարժ գույքի առք ու վաճառքի, կառավարման բնագավառում, ռիելթորների, անշարժ գույքի կառավարիչների և պատվիրատուների իրավունքներն ու պարտականություններ են որոշվելու, միջնորդական ծառայությունների մատուցման կարգը, ռիելթորական գործունեության ոլորտում պատասխանատվության սահմանումը եւ այլն: 

Հիմնավորման մեջ` որպես նպատակ հայտարարվում է ոլորտում ծառայությունների մատուցման որակի բարձրացումը, ստվերից դուրս բերումը, պետական բյուջե մուտքերի ավելացումը, սպառողների իրավունքների պաշտպանությունը: Միասնական տեղեկատվական հարթակ է լինելու, որտեղ երևալու է գործարքների շարժը, սահմանվելու են պատասխանատվության նոր միջոցներ խախտողների համար: 

Անշարժ գույքի գծով փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը համարում է, որ կարգավորումն ընդհանուր առմամբ վատը չէ, պատասխանատվություն սահմանելն ու կարգավորելն էլ, բայց հարցն այն է, թե ինչ որակի կլինի կարգավորումը, ում հետ են այն քննարկելու: Առայժմ քննարկումների մասին թեմայից նա տեղյակ չի: «Հարց է, թե իրոք, իրապես գիտե՞ն անշարժ գույքի ոլորտում այսօր առկա խնդիրները, ինչքանո՞վ են տեղյակ, թե ինչն են կանոնակարգում։ Նախ, պետք է քաղաքացին պարտադիր չկորցնի իրավունքը` ինքնուրույն վաճառելու իր գույքը: Կարևոր է, որ չպարտադրեն նոտարական ծախսի կամ բանկային ծախսի նման մի նոր պարտադիր ծախս: Բանկային փոխանցունը, օրինակ, 2-3% -ի չափ ազդում է գնի վրա: Օրինակ, դուք ուզում եք ինձ վաճառել ձեր գույքը, եւ ձեզ չասեն, որ դուք  պարտադիր գնաք ինչ որ  Պողոսի ֆիրմայով գրանցեք գործարքը և պարտադիր վճար տաք, որն իր հերթին կդառնա ավելորդ ծախս «հարկի» տեսքով», - ասում է Կարապետ Հովհաննիսյանը:
Ըստ նրա, Կադաստրի կոմիտեն հիմա պետք է լայն քննարկում նախաձեռնի: «Հարյուրավոր  մարդիկ  և կազմակերպություններ կան, որ դաշտում աշխատում են: Եթե իսկապես ցանկանում են լավ օրենք ստանալ, որը երկարաժամկետ օգուտ կբերի մեր հայրենիքին, պետք է քննարկեն նրանց հետ»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image