Անահիտ Մանասյանը՝ Հայաստանի մարդու իրավունքների այսօրվա պաշտպանը, քեֆչի կին է՝ ուրախ ու ակտիվ։ Նա առիթը բաց չի թողնում՝ միջոցառումների մասնակցելու։ Կանանց միջազգային օրվա առթիվ գնացել էր ՄԱԿ-ի գրասենյակ՝ նախաճաշի։ Ի՞նչ է արել՝ ուտելուց բացի։ Մտքեր է փոխանակել դեսպանների եւ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ՝ կանանց իրավունքների պաշտպանության ու գենդերային հավասարության թեմայով։
Գենդերային ու խտրականության դեմ պայքարի թեմաները, առհասարակ, Մանասյանի սիրելի թեմաներից են։ Դրանից մի օր առաջ էլ նա Իսպանիայի դիվանագիտական գրասենյակի կազմակերպած միջոցառմանն է մասնակցել, ելույթ է ունեցել մի բացարձակ անհասկանալի թեմայով․ «Կանանց ձայները՝ մշակութային բազմազանության մեջ. ուժի եւ ստեղծագործականության տոն»։ «Ստեղծագործականության» այս տոնին նա կրկին խոսել է գենդերային հարցերի շուրջ, որոնք նրա համար, հավանաբար, շատ ավելի ակտուալ են, քան անարդարության եւ հակաժողովրդավարության դեպքերի բացահայտումը, խոշտանգված մարդիկ, ռազմագերիները, քան կալանավայրերում առանց բուժօգնության ու խնամքի մնացած կալանավորները, որոնք ՄԻՊ ուշադրությունը գրավելու, նրան իրենց մոտ կանչելու, նրա դեմքը տեսնելու համար դիմում են ծայրահեղ միջոցների։ Օրինակ, օրերս կալանավոր Ասատուր Հովհաննիսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ ընդունելության սենյակում մեխել էր իր ձեռքի ափը հսկիչի սեղանին՝ բութ մատի ու ցուցամատի արանքում, ու պահանջում էր, որ իրեն այցելի որեւէ պաշտոնյա։ Նա ասելու բաներ ուներ, քանի որ մեղքը չէր ընդունում, եւ նրան դատական նիստերի չէին տանում՝ ասելով, որ մեքենա եւ ուղեկցող չկա։ Իհարկե, Անահիտ Մանասյանը չայցելեց դատապարտյալին։ Նրա գրասենյակից ընդամենը հայտնեցին, որ իրենք տեղյակ են այդ դեպքից ու կապվել են քրեակատարողական ծառայության հետ։ Հավանաբար, Անահիտ Մանասյանը կարծում է, որ առանձին դեպքերը եւ առանձին մարդիկ արժանի չեն իր ուշադրությանը, որ ինքը կարող է խոսել միայն գլոբալ, տեսական թեմաներով, հանդիպումներ ունենալ եվրոպացի պաշտոնյաների եւ ՀՀ բարձրաստիճանների հետ։ ՄԻՊ է, հո հասարակ մարդ չի՞, որ ամեն մեկի ասելով վազի բերդ։ Առավելագույնը՝ կարող է իր աշխատողին ասել, որ զանգեն ՔԿԾ։
«Ես շատ հետաքրքիր իրավիճակում եմ այս պահին, քանի որ, մի կողմից, ինքս եմ որպես կին ամենօրյա ռեժիմով թիրախավորվում հանրային միջավայրում, մյուս կողմից` պետք է այնքան ուժեղ լինեմ, որ իմ հետ մեկտեղ պաշտպանեմ նույն խնդիրներին բախվող այլ կանանց իրավունքներն ու խթանեմ այնպիսի միջավայրի ձեւավորումը, որը զերծ կլինի որեւէ տեսակի խտրական երեւույթից»,- ասել է Անահիտ Մանասյանը մարտի 8-ին ընդառաջ միջոցառմանը։
Այո, կանանց թիրախավորումը՝ պայմանավորված սեռով, արտաքին հատկանիշներով, հոգեհարազատ թեմա է Անահիտ Մանասյանի համար։ «Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների ու դառնում ատելության խոսքի, այդ թվում՝ առցանց ատելության խոսքի թիրախ: Սա երեւույթ է, որին բախվող կանայք չպետք է ընկրկեն, այլ համատեղ ուժերով պետք է պայքարենք՝ վերջինիս վերացման ու հաղթահարման նպատակին հասնելու համար»,- ասել է պաշտպանը։ Եվ կրկին ոչ մի կոնկրետ օրինակ՝ ոչ մի տղամարդու կամ կնոջ, որը հարձակման է ենթարկվել, ոչ մի տառապյալի ու ճնշվածի, բռնության զոհի։ Ատելության խոսքը մեր ՄԻՊ-ը համարում է ամենամեծ փորձությունը, որին կարող է ենթարկվել մարդը ՀՀ-ում։ Իհարկե, այս մոտեցումը դուր կգա իշխանություններին, կառավարությանը, դատախազությանը, քննչական մարմիններին, քաղաքապետարանին եւ այլն, որովհետեւ ատելության խոսք ասողը ոչ թե իրենք են, այլ հասարակ մարդիկ, որոնց համար այդ ատելության խոսքը միակ սրտհովանքն է ապաշնորհ, քաղաքացուն թալանող իշխանության դեմ։
«Մեր հասարակությունում առկա են կանանց եւ տղամարդկանց կանխորոշված դերեր, աշխատանքի տեսակներ, որոնք միայն տղամարդիկ կարող են կատարել, կամ հակառակը՝ միայն կանայք»,- նշում է պաշտպանը եւ սահուն անցում է կատարում Աննա Հակոբյանի սիրած թեմային։ «Այս մոտեցումները փոխանցվում են, այդ թվում՝ կրթական համակարգի միջոցով: Մենք պետք է փոխենք այս մոտեցումները մեր հասարակությունում, իսկ դրա համար պետք է բարեփոխել կրթական ամբողջ համակարգը»,- հաճոյանալով Աննային, ասել է ՄԻՊ-ը։ Ահա այսպիսի առաջադեմ, ճարպիկ, մոդայիկ, «ստեղծագործական» ՄԻՊ ունենք ու չենք հասկանում, թե ինչու ՀՀ քաղաքացիները նրան չեն սիրում, ինչու են նրան թիրախավորում։ Գուցե պատճառը չափից դուրս իշխանասիրությո՞ւնն է, որը հակասում է մարդու իրավունքների պաշտպանի առաքելությանը։
Հայաստանի բոլոր օմբուդսմենները հակառակվել են իշխանություններին՝ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը, ու եթե անգամ արժանացել են ատելության խոսքի, ապա միայն իշխանավորների կողմից, քննիչների, դատախազների, քաղաքապետարանի, այլ պետական մարմինների։ Լարիսա Ալավերդյանին եւ Արմեն Հարությունյանին՝ իրենց նշանակող Ռոբերտ Քոչարյանն էր մերժում․ չէր ընդունում, չէր շփվում։ Արմեն Հարությունյանը, օրինակ, բաց նամակներ էր հղում ՀՀ ոստիկանապետին, ՀՀ արդարադատության նախարարին՝ այս կամ այն իրավախախտման վերաբերյալ, ու պահանջում, որ միջոցներ ձեռք առնեն, իրեն էլ տեղյակ պահեն։ Ի դեպ, նման նամակով դիմել էր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի իրավունքի խախտման վերաբերյալ, որն այն ժամանակ՝ 2009-ին, կալանքի տակ էր։ Կարեն Անդրեասյանը եւս բարդ ու լարված հարաբերություններ ուներ իր պաշտոնավարման վերջին շրջանի բարձր պաշտոնյաների, դատավորների հետ։ Նա 2008-ի մարտի 1-ի հետ կապված՝ բավականին համարձակ զեկույց էր պատրաստել։ 2015թ. հոկտեմբերին, երբ ԱԺ-ում տեղի էին ունենում ՄԻՊ-ի 2014թ. գործունեության եւ երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցի շուրջ քննարկումները, ԱԺ քաղաքական մեծամասնությունը կոշտ քննադատության ենթարկեց ՄԻՊ-ին, ընդհուպ նրան անձնական վիրավորանքներ ուղղեցին։ Հիշում ենք ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի՝ պատշաճության սահմաններն անցնող ելույթը, որի ընթացքում պատգամավորը հիշեցրեց Քոչարյանի խոսքը՝ օմբուդսմեն Արմեն Հարությունյանին ուղղված․ «Ձեզ հանգիստ չի տալիս ամենաանհաջող կադր լինելու դափնին»:
Նախկին օմբուդսմենները, որքան էլ «կոնյունկտուրային» լիներ նրանց գալն այդ պաշտոնին, ժամանակին իջան իշխանական ձիու թամբից ու արժանի ձեւով կրեցին իրենց առաքելությունը։ Բացառություն է թերեւս ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, մեր ամենաիշխանական ՄԻՊ-ը, որը ոչ մի թթու խոսք չասաց նիկոլական իշխանությանն ու «պարգեւատրվեց» արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնով։ Բայց Անահիտ Մանասյանը, որն ամբողջ օրը գիտաժողովների, այցելությունների է, ճաշկերույթների, նախաճաշերի ու գենդերային քննարկումների, կարծես նրան էլ է գերազանցել։