Քաղաքականություն

«Հրապարակ». Դատախազն ու «բոչկեքը»՝ դատարկ կամ վառոդով լի

«Հրապարակ». Դատախազն ու «բոչկեքը»՝ դատարկ կամ վառոդով լի

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը տեւական ժամանակ չէր երեւացել եւ մի քանի ամսից հրաժեշտ է տալու պաշտոնին` պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, նկատելի է նաեւ, որ որոշակիորեն կորցրել է իշխանական վերնախավի վստահությունը: Ճիշտ է` նա 2018-ից հետո հսկայական ծառայություններ է մատուցել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, կատարել է բոլոր հրահանգները, բայց նրանց, միեւնույն է` դա չի բավարարում: Նրանք Սասուն Խաչատրյանի հավատարմությունն են պահանջում, Կարեն Անդրեասյանի կույր սերը, Վահագն Ալեքսանյանի անձնազոհությունը եւ այլն:

Մինչդեռ գլխավոր դատախազը հակասությունների մեջ է մտել Արգիշտի Քյարամյանի Քննչական կոմիտեի եւ Սասուն Խաչատրյանի Հակակոռուպցիոն կոմիտեի հետ: Այս կառույցները սկսել են հրապարակային «բոչկա գլորել» միմյանց վրա: Դա երեւաց Վովա Գասպարյանի գործով, ապա՝ Հովիկ Աբրահամյանի, որին Սասուն Խաչատրյանի հիմնարկն աջակցել էր, որ իր միլիոնանոց դղյակն արագ վերաձեւակերպի եւ փրկի պետականացումից:

Երեկ Արթուր Դավթյանը, իհարկե, ԱԺ-ում կրծքով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին՝ նրա ելույթներում որեւէ հանցակազմ պարունակող տարր կամ խնդրահարույց բան չհայտնաբերելով, չնայած զոհվածների ծնողները դիմել են դատախազություն՝ պահանջելով քրգործ հարուցել ԱԺ-ում ելույթի առիթով, որտեղ նա ասում է, որ կարող էր կանխել պատերազմը, բայց «արդունքում կունենայինք նույն իրավիճակը, իհարկե՝ առանց զոհերի»։ Այստեղ դատախազ Դավթյանը որեւէ հանցակազմ չի տեսնում եւ փորձում էր դա հիմնավորել մասնագիտորեն։

Փոխարենը նա փիլիսոփայորեն փորձեց մեկնաբանել մեր այն դիտարկումը, թե քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներն իր դեմ «բոչկա են գլորում»։ «Սովորաբար, գլորում են վերեւից ներքեւ, իսկ դատախազությունը վերեւում է, հետեւաբար, «բոչկեքը» վերեւ չեն կարող բարձրանալ»,- ասաց Դավթյանը՝ փաստացի շեշտելով, որ Սասուն Խաչատրյանն ու Արգիշտի Քյարամյանն ավելի ցածր կարգավիճակ ունեն, քան ինքը։

Արթուր Դավթյանին հիշեցրինք նաեւ իր նախկին կոլեգաների՝ նախկին դատախազներ Աղվան Հովսեփյանի եւ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ իր հարուցած քրեական հետապնդումների մասին, որոնց արդյունքում Հովսեփյանն արդեն քանի ամիս կալանքի տակ է, իսկ Կոստանյանը՝ հետախուզման մեջ, չնայած խնդրել էր հետախուզումը վերացնել` պատրաստակամություն հայտնելով գալ եւ մանրակրկիտ ցուցմունք տալ Մարտի 1-ի գործով, որով իրեն մեղադրանք են առաջադրել։ Հիշեցրինք նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անհասկանալի քրգործով կալանքի տակ պահելու, նաեւ Նարեկ Մանթաշյանին «դրոշ տեղադրելու համար» ազատությունից զրկելու մասին։ Դավթյանը փորձեց իրավաբանորեն արդարացնել՝ բնականաբար բացառելով, որ այդ ամենում քաղաքական մոտիվացիա կա՝ ուղղորդված իշխանությունների կողմից։

Նրան փորձեցինք մասնագիտականից բերել բարոյական ու մարդկային դաշտ՝ նկատելով, որ այսօր ինքն է իր նախկին կոլեգաների դեմ քրեական հետապնդում իականացնում, մեկին կարողանում է նստեցնել՝ Աղվան Հովսեփյանին, մյուսին՝ Գեւորգ Կոստանյանին, թեեւ չի կարողանում կալանավորել տալ, բայց հետապնդում է, մտավախություն չունի՞, որ իրենից հետո եկող դատախազն էլ իր հետ նման կերպ կվարվի, եւ ինքն էլ նույն ճակատագրին կարժանանա, ինչ իր նախկին կոլեգա դատախազներն այսօր։ Դավթյանը հեգնանք տեսավ մեր արձանագրած փաստի մեջ, որ չի կարողանում կալանավորել Կոստանյանին, փոխարենը՝ հետը միջոցառման է մասնակցում, եւ արձագանքեց․ «Ես ոչ միայն մտավախություն չունեմ, այլեւ կուզեմ, որ իմ վերաբերյալ, եթե էսպիսի հարցեր քննարկվեն, դատախազական հսկողություն իրականացնող անձը մտածի ու վարվի ինձ նման»։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image