Քաղաքականություն

Հայ-թուրքական հարաբերությունների 30-ամյա բարդ ուղին

Հայ-թուրքական հարաբերությունների 30-ամյա բարդ ուղին

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ակտիվորեն քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու, այսպես կոչված՝ խաղաղության դարաշրջան բացելու հեռանկարները: Իհարկե, դրանք միակողմանի ձգտումներ են, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը հայկական իշխանությունների խաղաղասիրական ձգտումներին ի պատասխան՝ պարբերաբար նոր սադրանքներ է ձեռնարկում: Արցախն էլ հումանիտար ճգնաժամի առջեւ է կանգնած, սակայն ՀՀ իշխանություններն աննահանջ են իրենց ձգտումներում, եւ երեկ էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե պատրաստ են սկսել սահմանների բացման գործընթացը:

Ճիշտ է` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությամբ հանդես են եկել նորանկախ Հայաստանի բոլոր իշխանությունները, սակայն արցախյան հակամարտությունը, Ցեղասպանության ճանաչման հարցը մշտապես խանգարել են այդ գործընթացին, եւ դա է պատճառը, որ մինչ օրս երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ: 
1990-ականներին, երբ ընթանում էր արցախյան առաջին պատերազմը, Տեր-Պետրոսյանի իշխանությունը փորձում էր հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

ՀՀ առաջին նախագահը հայտարարում էր, որ առանց որեւէ քաղաքական զիջման եւ առանց նախապայմանների պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Թուրքական կողմը եւս հանդես էր գալիս համանման հայտարարություններով, ընդհուպ Երեւանում թուրքական հյուպատոսություն բացելու մասին էին խոսում: 1991 թվականին Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին: Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը կոչ էր անում ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը՝ որպես նախապայման:

Սա վերաբերում էր ոչ միայն Ղարաբաղին, այլեւ Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ նշված էր, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Հռչակագրի ընդունման պահին Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ էր նման արտահայտություն կիրառելուն եւ կարծում էր, որ Ցեղասպանության հարցը Հայաստանի անկախության հռչակագրում դնելը քաղաքական եւ դիվանագիտական տեսակետից ճիշտ չէ: 1992-ին Երեւան է ժամանում թուրքական բարձրաստիճան պատվիրակություն, Հայաստանը Թուրքիայից 100,000 տոննա հացահատիկ է օգնություն խնդրում եւ ստանում: 1993 թ. փետրվարին Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հայտարարում է, որ Հայաստանը եւ Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ավելի ուշ բանակցությունները դադարում են, երբ Քարվաճառն անցնում է հայկական ուժերի վերահսկողության տակ: Թուրքիայի կառավարությունը փակում է Հայաստանի հետ սահմանը:

Թուրքիայի նախագահ դարձած Սուլեյման Դեմիրելը կոչ է անում դուրս բերել զորքերը «Ադրբեջանի գրավված տարածքներից»՝ մասնավորապես Լաչինի միջանցքից` խոստանալով, որ դա Թուրքիան կընդունի իբրեւ հայկական կողմից համագործակցության նշան: Լուրեր էին պտտվում, որ այդ ժամանակ Դեմիրելը հորդորել է Լեւոն Տեր-Պետրոսյանին` կարգավորել միջպետական հարաբերությունները, քանի որ իր մահից հետո դա կդառնա անհնարին: 1998-ին Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, Դեմիրելը 2000-ին հեռացավ նախագահի պաշտոնից: Իսկ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դրվեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում, եւ հայ-թուրքական հարաբերություններն ավելի հեռացան միմյանցից: Թեեւ Քոչարյանի նախագահության տարիներին Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները 2 անգամ հանդիպել են։ Հայաստանն առաջարկել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, իսկ Թուրքիան պնդել է, որ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

1998-ին նախագահ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրաձայնեց 1915 թ. Հայոց ցեղասպանության հարցը, եւ հայ-թուրքական շփումներն ավարտվեցին: Թուրքիայի իշխանությունն էլ պարբերաբար նշում էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: ԼՂ-ից հայկական զորքերի դուրսբերումից հետո խոստանալով սահմանները բացել, որը, ըստ Քոչարյանի, անընդունելի պայման էր Հայաստանի համար:

2005 թվականին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղում Քոչարյանին՝ առաջարկելով պատմաբանների հանձնաժողով ստեղծել` ուսումնասիրելու 1915 թվականի իրադարձությունները: Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակում նշվում է, որ անցյալը լուծելու Էրդողանի առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն խուսափում է ներկայի ու ապագայի խնդիրների լուծումից: Քոչարյանը, այդուհանդերձ, առաջարկում է ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը կարող է քննարկել բոլոր չլուծված խնդիրները երկու պետությունների միջեւ:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հաջորդ փորձն արդեն արվեց Սերժ Սարգսյանի կողմից՝ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում: Սերժ Սարգսյանը, նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, Թուրքիայի նախագահին հրավիրեց Հայաստան՝ սեպտեմբերի 6-ին դիտելու աշխարհի առաջնության Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի ազգային հավաքականների ընտրական հանդիպումը: 2008 թ. սեպտեմբերի 6-ին Աբդուլա Գյուլը ժամանեց Երեւան:

Հասարակության մի մեծ հատված, հատկապես Դաշնակցությունը, դեմ էր Գյուլի այցին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եւ բողոքի ակցիաների շարք սկսեցին, այդ թվում` սփյուռքում, ապա ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից:  

2009 թ. հունվարի 29-ին Դավոսում Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ 20 րոպե տեւողությամբ հանդիպում կայացավ, որից հետո Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան չի ստորագրի վերջնական պայմանագիր, քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել Ղարաբաղի շուրջ:

Սակայն, այդուհանդերձ, 2009 թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները Շվեյցարիայի, ինչպես նաեւ Մինսկի խմբի եռանախագահող պետությունների արտգործնախարարների ու եվրոպացի բարձրաստիճան այլ դիվանագետների ներկայությամբ ստորագրեցին հայ-թուրքական երկու արձանագրությունները:
Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարեց, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումն այլընտրանք չունի։ Նա նաեւ շեշտում էր, որ դա չի նշանակում, թե կասկածի տակ է դրվում հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Բացի այդ, ուղերձում նշվում էր, որ հայ-թուրքական հարաբերությունները որեւէ ձեւով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ու ինքնուրույն գործընթաց է։
Հետագայում, սակայն, թուրքական կողմը ձգձգեց արձանագրությունների վավերացումը՝ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառաբանությամբ: Որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանը սառեցրեց գործընթացը՝ հայտարարելով, որ ողջամիտ ժամկետներն ավարտվել են: Արդեն 2014 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը կոշտ ելույթով հանդես եկավ՝ «գրողի ծոցն ուղարկելով արձանագրությունները»։ Իսկ 2015 թվականին հետ կանչեց արձանագրություններն Ազգային ժողովից, 2018 թ. մարտի 1-ին էլ դադարեցվեց դրանց կնքման ընթացակարգը: Արձանագրենք, որ ներսի ու դրսի ճնշման արդյունքում տապալվեց մի գործընթաց, որը կարող էր մեզ բոլորովին այլ իրողությունների բերել:

Սակայն Սահմանադրական դատարանն այդ ժամանակ հատուկ կարծիք հայտնեց արձանագրությունների թեմայով, չնայած այն ճանաչել էր Սահմանադրությանը համապատասխան, գծել էր իրավական այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է կյանքի կոչվեին այդ արձանագրությունները: Մասնավորապես, նշվել էր, որ երկու կոնկրետ պարտավորությունները՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ընդհանուր սահմանի բացումը, ունեն փոխպայմանավորված ելակետային նշանակություն: Արձանագրություններում ամրագրված բոլոր պարտավորությունները, ըստ ՍԴ-ի, միջազգային իրավական ուժ կարող են ունենալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փաստացի սահմանի բաց լինելու եւ կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում: Որոշ փորձագետներ հատկապես կարեւորում են ՍԴ որոշման այս հատվածը. «Արձանագրություններում տեղ գտած դրույթները չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որ հակասեն ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին»: Խոսքը ցեղասպանության ճանաչման մասին է:

Հիմա եւս եթե Փաշինյանի իշխանությունը որոշի Թուրքիայի հետ խաղաղության պայմանագիր կնքել, դրա վերաբերյալ ՍԴ-ն պետք է որոշում կայացնի, եւ դրանք չպետք է հակասեն Սահմանադրության նախաբանի դրույթներին: Ի դեպ, մի առիթով ՍԴ նախկին անդամներ Կիմ Բալայանն ու Ալվինա Գյուլումյանը մեզ հետ զրույցում ասել էին, թե Փաշինյանի իշխանությունը նաեւ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը պետք է ՍԴ ուղարկեր: Այնպես որ, կարող է Թուրքիայի հետ հարաբերություններն էլ կարգավորել առանց ՍԴ վավերացման:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image