Քաղաքականություն

«Հրապարակ». 100 տարի ցեղասպանության հարցն էինք բարձրացնում, մի 100 տարի էլ Ղարաբաղի հարցով կզբաղվենք

«Հրապարակ». 100 տարի ցեղասպանության հարցն էինք բարձրացնում, մի 100 տարի էլ Ղարաբաղի հարցով կզբաղվենք

Հոկտեմբերի 12-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը՝ ԼՂ-ում» բանաձեւը եւ համանուն խորհրդա-տվությունը։ Բանաձեւը դատապարտում է 2023-ի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։ Վեհաժողովը ֆիքսել է, որ ԼՂ գրեթե ամբողջ բնակչությունը լքել է հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի եւ Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության պատճառով։ Հոկտեմբերի 5-ին էլ Եվրախորհրդարանի անդամները Ստրասբուրգում կայացած ԵԽ լիագումար նիստում բանաձեւ էին ընդունել, որով կոչ էին արել ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետ, ինչպես նաեւ՝ վերանայել համագործակցությունը եւ նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը։

Այս բանաձեւերն ու հայտարարություններն իշխանական եւ մերձիշխանական շրջանակներում ցնծության պատճառ են դարձել, սակայն, Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի կարծիքով, դրանք ընդամենը գեղեցիկ բառեր են։ Խաչիկյանին նախ հարցրինք՝ իր կարծիքով, այս հայտարարությունն ու բանաձեւը կո՞շտ են իրենց բովանդակությամբ։ «Բանաձեւը լավ բան է, այնտեղ կոշտ լեզու կար, բայց դա ոչնչի չի բերի, քանի որ արդեն հայտարարություն եղել էր, որ Եվրոպան որեւէ պատժամիջոց չի կիրառի Ադրբեջանի նկատմամբ։ Ես կարծում եմ՝ սա կմնա միայն բանաձեւ, ինչպես միշտ՝ գեղեցիկ բառեր, որեւէ ուրիշ բան ես չէի սպասի»,- պատասխանեց Խաչիկյանը։

Այդ դեպքում իմաստը ո՞րն է՝ ԵԽԽՎ-ում նման բանաձեւ ընդունելու, եթե դրանք, միեւնույն է, որեւէ արդյունքի չեն հանգեցնի՝ հարցրինք։ «Առաջինը՝ հայերին, ինչպես միշտ, խաբել, ինչը մեզ հետ անում են շատ երկար ժամանակ։ Նրանք շատ լավ գիտեն, որ մենք միամիտ ժողովուրդ ենք, ունենք անմեղսունակ կառավարություն, եւ մեզ շատ հեշտ է խաբելը։ Երկրորդը․ ձեւ անել, որ իրենք անտարբեր չեն, եւ իրենց վրայից այդ մեղքը հանել, բայց որեւէ ռեալ քայլ չի լինի։ Եթե դուք ուզում եք տեսնել, թե ինչ է անում Արեւմուտքը, երբ ռեալ քայլեր է ձեռնարկում, նայեք, թե ինչ է արվում Ուկրաինայում։ Ուկրաինայում նրանք ռեալ քայլերի են դիմում, իսկ մեր նկատմամբ՝ միայն բանաձեւեր եւ բառեր»,- պատասխանեց քաղաքագետը։

Իսկ հնարավո՞ր է այս բանաձեւերն ու բառերն օգտագործել եւ դրանցից օգուտ քաղել, եթե լինի այնպիսի իշխանություն, որն ուզում է եւ կարող է դա անել։ «Հնարավոր է, բայց դրա համար պետք է ունենալ դիվանագիտություն, իսկ մենք դիվանագիտություն չունենք։ Մենք մենակ մնացինք ե՛ւ 3 տարի առաջ, ե՛ւ հիմա: Բոլորի հետ հարաբերությունները տապալեցինք: Որեւէ մեկը մեզ չի հարգում, որեւէ շահ այստեղ մենք չստեղծեցինք ուրիշ երկրների համար․․․ կարծում եմ՝ դա ուղղակի ինչ-որ բարոյական բավարարվածության հարց է լինելու, ինչպես 100 տարի աշխատում ենք, որ ցեղասպանությունը ճանաչվի, հիմա էլ կաշխատենք, որ Ղարաբաղի հայերի տեղահանության հարցը բարձրացվի, գուցե մի 100 տարի էլ դրանով զբաղվենք։ Դա մեր սիրած գործն է»,- պատասխանեց Խաչիկյանը։

Իսկ կարո՞ղ է ԵԽԽՎ-ի այս դիրքորոշումը կանխել Հայաստանի վրա հարձակումը, օրերս ԵՄ դեսպան Տիգրան Բալայանն էր հայտարարել, որ Ադրբեջանը պատրաստվում է առաջիկա շաբաթներին ներխուժել Հայաստանի տարածք, ԱՄՆ պետքարտուղարն էր նման բան ասել, չնայած հետո հերքեցին։ «Ոչ, չեմ կարծում, որ կկանխեն, քանի որ եվրոպական կառավարությունների ղեկավարներն ասել են, որ որեւէ ձեւով չեն կարող օգնել, ռազմական օգնություն չի լինելու Հայաստանին, պատժամիջոցներ չեն լինելու Ադրբեջանի նկատմամբ։ Դրանով նրանք ոգեշնչում են Ադրբեջանին՝ հասկացնելով, որ որեւէ ռեալ քայլի չեն դիմի, եթե նա հարձակվի մեզ վրա, եւ Ադրբեջանն այդ հնարավորությունն ունի՝ մանավանդ, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը շեղված է դեպի Իսրայել-Պաղեստին, անգամ Ուկրաինան երկրորդական տեղ է սկսում գրավել։ Այսինքն՝ սա շատ հարմար պահ է նրանց համար, որպեսզի այդ հարձակումը տեղի ունենա մեր դեմ։ Իսկ մեր ղեկավարությունը, տեսնում եք, վերջին 3 տարին մենք ասում էինք, որ այս օրը գալու է, պետք է պատրաստվել, պետք է ամրապնդել մեր դիրքերը, դիվանագիտությունը վերականգնել, բանակը վերականգնել, իսկ մեզ ասում էին՝ «ապագա կա», կարծես սեկտայի անդամ լինեինք մենք։ «Ապագա կա»՝ այդ կոչերով մեզ ասում էին, որ կլինի խաղաղության դարաշրջան։ Ոչինչ չարեցինք 3 տարվա ընթացքում եւ հիմա բացարձակ անպաշտպան ենք։ Հնդկաստանից մի քանի զինատեսակ, Ֆրանսիայից ինչ-որ բառեր ստանալով ․․․ Իմ կարծիքով՝ այո, նրանք հնարավորություն ունեն հարձակվելու»,- պատասխանեց Խաչիկյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image