Քաղաքականություն

ՔՊ-ն չի պահպանում ոչ մի գործընկերային հարաբերություն․ ավագանու անդամ

ՔՊ-ն չի պահպանում ոչ մի գործընկերային հարաբերություն․ ավագանու անդամ

Գրել էինք, որ «Ապրելու երկիր» խմբակցությունը պատրաստվում էր Գյումրիում  ավագանու արտահերթ նիստ հրավիրել՝ համայնքապատկան մանկապարտեզները անվճար դարձնելու հարցը քննարկելու նպատակով։ Նիստը կայանալու համար անհրաժեշտ է ավագանու անդամների առնվազն 11 անդամի ստորագրությունը: Նիստը չկայացավ, քանի որ ՔՊ-ն հավանություն չտվեց նախագծին, եւ ընդամենը 8 ավագանի ստորագրեց նախագիծը քննարկման դնելու համար նիստ հրավիրելու առաջարկությանը: Նիստը նախատեսվում էր հունվարի 8-ին: Նշենք, որ մոտ 2500 երեխայի մասին է խոսքը, որոնք հաճախում են համայնքապատկան մանկապարտեզներ, որոնց թիվն էլ Գյումրիում 22-ն է:

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը hraparak.am-ի հետ զրույցում  ասաց, որ ՔՊ-ն այդպես էլ որևէ հակափաստարկ չի ներկայացրել իրենց, թե ինչու չեն միանում նախաձեռնությանը:

«Ես մեկ անգամ ասել եմ, նորից կկրկնվեմ՝ դա իրենց ձեռագիրն է, իրենք չեն պահպանում ոչ մի գործընկերային հարաբերություն, ինչ ուզում, այն էլ անում են:Ինչևէ, տարին սկսել է, մենք շարունակելու ենք նույն ձևաչափով աշխատել, այսինքն՝ նորից նախագծեր ենք ներկայացնելու, իսկ թե իրենք կմիանան, թե չեն միանա, դա իրենց խնդիրն է:

Նշեմ, որ Նոյեմբերյան համայնքում, որտեղ համայնքի ղեկավարը «Ապրելու երկրի» անդամ է, արդեն որոշում են կայացրել եւ ընդունել, որ հունվարից մանկապարտեզներն անվճար են լինելու: Այսինքն՝ արդեն  կա նախադեպը, որ կյանքի է կոչվել  մեր քաղաքական ուժի կողմից նախաձեռնված: Իսկ մեր բերած նախագիծը Գյումրիում,  լուրջ հիմնավորված էր, ֆինանսական աղբյուրը նշված էր, մեր գործընկերները մերժեցին, չուզեցին․․․: Ասել եմ ու էլի կասեմ՝ գյումրեցին այս ամենը տեսնում է, հասկանում եւ համոզված եմ՝ գնահատականը քվեի տեսքով կտա ընտրություններին»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով գարնանը Գյումրիում սպասվող արտահերթ ՏԻՄ ընտրություններին՝ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը մեկ անգամ ևս վերահաստատեց իրենց դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ընտրությանը մասնակցելու նախնական որոշումը մնում է անփոփոխ․ «Մասնակցելու ենք՝ մեր կուսակցությունով, գիտեմ՝ շատերին հետաքրքրում է դաշինք կազմելու եւ չկազմելու հարցը, բայց ասեմ, որ նման հարց չի քննարկվել, առաջին իսկ օրվանից ինչ որոշում որ ունենք, այդ ձևաչափով էլ գնալու ենք ընտրության: Եթե որևէ բան փոխվի, միանշանակ, կտեղեկացնենք»,-նշեց Մալխասյանը :

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image