Երեկ մի գրառում կարդացի ու մտածեցի՝ ժողովրդի մեջ հասունացել է պահը, երբ այս իշխանությունը պետք է հեռանա։ Գրառումը պարզ էր, կոպիտ, բայց անկեղծ․
«Ձեր դուխով Հայաստանը տեսանք, մենք ուժեղ Հայաստան ենք ուզում»։
Եվ սա մեկ մարդու խոսք չէ։ Սա հավաքական խոսք է։ Սա տարիներով կուտակված հոգնածության, հիասթափության ու խաբված սպասումների ձայն է։ Սա հասարակության խորքից եկող պահանջ է։ Նման գրառումներ շատ են, շա՜տ-շատ։ Եվ դրանք այլևս չեն հնչում որպես պահի հույզ՝ դրանք հնչում են որպես հանրային վճիռ։
Ձեր «դուխով» Հայաստանը տեսանք։
Տեսանք մինչև վերջ։
Տեսանք՝ ինչ արժե «դուխը», երբ այն վերածվում է ցուցադրական շոուի, քաղաքական բեմադրության, ճմրթված գլխարկի՝ առանց բովանդակության, առանց պետական մտածողության, առանց ռազմավարության։
Հիշեցի Նիկոլ Փաշինյանի «ճմրթված, դուխով գլխարկը»։
Հիշեցի՝ ինչպես ժողովուրդը հավատաց այդ գլխարկի տիրոջը։ Ոչ թե ծրագրին։ Ոչ թե փորձին։ Ոչ թե կառավարման կարողությանը։ Այլ կերպարին։ Մարդուն, ով կարողացավ խաղալ ժողովրդի զգացմունքների վրա՝ ու դարձնել դա իշխանության լծակ։ Ժողովուրդը հավատաց, որովհետև ուզում էր հավատալ։ Բայց հավատը քաղաքական ռազմավարություն չէ։ Զգացմունքը պետական կառավարման գործիք չէ։
Երբ պետությունը կառավարվում է սիմվոլներով, ոչ թե հաշվարկով ու ինստիտուտներով, արդյունքը լինում է ոչ թե ուժեղ Հայաստան, այլ խոցելի, վտանգված ու թուլացած Հայաստան, ինչպիսին այսօր է։
Մենք դուխով Հայաստան չէինք ուզում։
Մենք ուժեղ Հայաստան էինք ուզում։
Ուժեղ՝ ոչ թե խոսքով, այլ համակարգով։
Ուժեղ՝ ոչ թե լոզունգներով, այլ ինստիտուտներով։
Ուժեղ՝ ոչ թե պաթոսով, այլ պատասխանատվությամբ։
Ուժեղ՝ ոչ թե էմոցիայով, այլ հաշվարկով։
Եվ հիմա, այս ֆոնին, հայտնվում է մի շարժում, որն ասում է՝
Ուժեղ Հայաստան։
Սամվել Կարապետյանի շարժման առանցքում այլ լեզու է, այլ բառապաշար, այլ տրամաբանություն։ Այստեղ խոսքը դուխի մասին չէ։ Այստեղ խոսքը ուժի իրական աղբյուրների մասին է՝ կառույցի, տնտեսության, ռեսուրսի, պետական կարողության, ազգային դիմացկունության։
Այստեղ Հայաստանը ներկայացվում է ոչ թե որպես թույլ ու մշտապես արդարացում փնտրող երկիր, այլ որպես կառուցվող պետություն՝ երկարաժամկետ նպատակներով ու ուժեղ հիմքով։ Եթե նախկինը հիմնված էր էմոցիայի վրա, ապա այստեղ շեշտը դրվում է ռեսուրսի, հաշվարկի ու արդյունքի վրա։ Եթե նախկինը խաղում էր ժողովրդի ցավի վրա, ապա այստեղ փորձ է արվում խոսել ժողովրդի ապագայի մասին։ Եթե նախկինը խոստանում էր զգացմունք, ապա այստեղ առաջարկվում է իրական ուժ։
Ուժեղ Հայաստան նշանակում է՝
ոչ թե բարձր խոսքեր, այլ ամուր պետություն,
ոչ թե ճմրթված գլխարկ, այլ հստակ ռազմավարություն,
ոչ թե «դուխ»՝ որպես շոու, այլ ուժ՝ որպես համակարգ։
Ժողովուրդն այլևս «դուխով» Հայաստան չի ուզում։
Ուզում է Ուժեղ Հայաստան։
Ու մեր ձևով։