Քաղաքականություն

Քաղաքապետի ով լինելը

Քաղաքապետի ով լինելը
Այնքան էլ հեշտ չէ կարեւորն անկարեւորից տարբերել, շատ ժամանակ տարբերակումներն ուղղակիորեն հորինվում են՝ անշուշտ, մասնակի ճշմարտություններին թողնելով հեռու հեռվում: Երեւանի ապագա քաղաքապետի ով լինելը խնդրո առարկա դարձնելով՝ իրականում ի՞նչ ենք ուզում ասել, ի՞նչ նկատի ունենք: Անցած քսան տարիները, մեղմ ասած, արատավոր, բարդ սովորույթների կարծրացման շրջափուլ էին, դրանցից մեկն ինքնահրման սովորույթն էր, մյուսը՝ անձնավորման: Բովանդակության հարցն ընդհանրապես արանքից դուրս էր եկել, բովանդակությանը փոխարինել էր կեղծ իրականության պատրանքը:



Հստակ է՝ Երեւանին հմուտ, բանիմաց, Երեւանի առջեւ ծագած հիմնախնդիրների ողջ իսկությանը ծանոթ, այդ հիմնախնդիրների լուծման համար ծրագիր եւ, իհարկե, ուրույն աշխարհայացք ունեցող քաղաքապետ է պետք: Տասնյակ տարիներ Երեւանը, Երեւանի տնտեսությունը, կենսական պաշարներն անխնա սպառվել են, հարստահարվել, քաղաքը քաղաքապետեր ունեցել է, բայց դրանք եղել են լոկ իշխանության սպասյակներ. սպիտակ վերնաշապիկներով ու փողկապներով հանդերձված մարդիկ, որոնք սկուտեղի վրա քրեաօլիգարխիկ ռեժիմին հողեր, կանաչ գոտիներ, հեկտարներով տարածություններ են նվիրաբերել, մարդիկ, որոնք չսիրված, մերժելի են եղել, չեն ապրել քաղաքաբնակների հոգսերով, չեն կիսել այս հոգսը, ընդհակառակը՝ ամեն քայլափոխի ստորացրել են բնակչին, չնչին առիթի դեպքում պատժել, զբաղվել դաժան հարկահավաքությամբ, չեն լուծել հանրային տրանսպորտի խնդիրը եւ ամենատխուրը՝ քաղաքը հասցրել են էկոլոգիական աղետի շեմին:



Քսան տարին էլ բավական եղավ, որպեսզի այլանդակվեր քաղաքի համայնապատկերը, աղավաղվեր պատմական շենքերի ու շինությունների ճարտարապետական դիմագիծը, նվաճվեին անգամ մայթերն ու խաչմերուկները: Տասնյակ տարիներ Երեւանի ավագանու կազմի՝ իբր թե «հարգը» բարձրացնելու համար հանրությանը քիչ թե շատ հայտնի անուններ էին ընդգրկել կազմի մեջ՝ ճարտարապետ, երաժիշտ, արվեստագետ, եւ ի՞նչ էին անում այս մարդիկ, ո՞րն էր նրանց իրական դերը՝ տաքուկ ծակուռ մտնել-պախկվե՞լը, իշխանության քարո՞զը, սադրիչ զազրախոսությո՞ւնը, քծնա՞նքը: Աներկբա՝ ապագայում նոր կազմավորվող ավագանին պիտի թոթափի քաղքենության ու հիմարության այս ախտը:



Բոլորը գիտեն՝ քաղաքի կորուստներն ահռելի են, եւ ով էլ որ դառնա Երեւանի քաղաքապետ, ծանրագույն ու գերպատասխանատու աշխատանք է սպասվում ոչ միայն նրան, այլ նաեւ ողջ աշխատակազմին, համայնքների ղեկավարներին, Երեւանի ավագանուն: Ներկայիս Երեւանը հենց հեղափոխական բարեփոխումների կարիք ունի՝ կտրուկ, անակնկալ բարեփոխումների, եւ դրանցում անպայման ներգրավված պիտի լինեն մարդիկ՝ Երեւան քաղաքի բնակիչները՝ որպես քաղաքը վերստին արարելու կարեւորագույն եւ ամենաակտիվ օղակ:



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image