Քաղաքականություն

Ավելի քան կայունացում

Ավելի քան կայունացում
Ըստ ականատեսների՝ հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ, ոստիկանների լուռ ներկայությամբ, ծեծի են ենթարկել երկու քաղաքացու, որից հետո այդ քաղաքացիներին բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք: Այսօրինակ նախադասություններով գրական-գեղարվեստական գործեր են սկսում՝ փոքր-ինչ մոգական ռեալիզմին բնորոշ: Սակայն սա բովանդակ իրականությունն է՝ բավականին վտանգավոր հետեւանքներով հղի: Միջադեպի արդյունքում հունիսի 2-ին հարյուրավոր քաղաքացիներ իրավապահ մարմիններից, առհասարակ՝ իշխանությունից, արդարություն եւ օրինականություն պահանջելով՝ դուրս էին եկել փողոց, փակել քաղաքի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը:



Ահա, Հայաստանից մինչեւ Արցախ քաղաքացիների ոտնահարված իրավունքներն ու անաչառության պահանջները տեղ հասցնելու ուղիղ ճանապարհը՝ խաղաղ անհնազանդության կիրարկությամբ, այլեւս սերտված է եւ ժողովրդի համար ավելի քան մատչելի մի ճանապարհ է դարձել՝ օրհասական խնդիրներն ու տագնապները բարձրաձայնող շեփորականչ՝ ուղղված տեղի իշխանություններին եւ, ըստ էության՝ հենց այդ իշխանությունների դեմ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է օրինականություն, միջադեպին համահավաք, անաչառ վերաբերմունք պահանջող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների՝ հավաստիացնելով նրանց, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն: Այդուհանդերձ, հունիսի 3-ին ցուցարարները կրկին փակել են Ազատամարտիկների փողոցը՝ շարունակելով բողոքի նույնաբովանդակ ակցիաները, ընդսմին՝ նկատվել են հայկական թավշյա հեղափոխությունը հիշեցնող նշանաբաններ, կոչեր:



Արցախում տեղի ունեցած այս լրջագույն, ներքին կայունությունը կազմաքանդող միջադեպին արձագանքեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ պարզապես անթույլատրելի համարելով այն: Մեջբերում նախագահի խոսքից․ «Որ զանգվածային բողոքի առիթ հանդիսացած միջադեպի մեղավորները խստագույնս պետք է պատժվեն, ոչ ոք չի կարող առարկել. այս կապակցությամբ ԼՂՀ նախագահը եւս հստակ հավաստիացում է տվել: Սակայն ուժային կառույցների` ԱԱԾ եւ ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարեւորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել: Քանի որ պահանջները հասցեագրված են Բակո Սահակյանին, նրա խոսքը, որքան էլ հեղինակավոր, համոզիչ չի լինի բողոքավորների համար: Անհրաժեշտ է մի երրորդ, չեզոք կողմի ակտիվ միջամտությունն ու հորդորը` Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու եւ պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար: Այդ կողմը դեռեւս 1993 թվականից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի Հանրապետության ղեկավարն է` Նիկոլ Փաշինյանը» (աղբյուրը՝ [http://www.ilur.am](http://www.ilur.am/news/view/68504.html)):



Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցրել է նաեւ, որ համանման մի իրավիճակ ստեղծված է եղել հեռավոր 1993 թվականին եւս, սակայն իր եւ Վազգեն Սարգսյանի անմիջական ջանքերով շուտափույթ կարգավորվել է: Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այս ահազանգին լրջագույնս հետամուտ լինել է պետք: Այս պահին Արցախի ներքին ապակայունացումը Հայաստանի, հայկական թավշյա հեղափոխության, նոր իշխանության կենսական գործունեության համար կարող է կորստաբեր եղելությունների պատճառ հանդիսանալ: Վստահաբար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը, նրա հանդեպ ժողովրդի մեծ համակրանքն ու վստահությունը հիմնավոր երաշխիք են, որպեսզի այս հարցը ժամ առաջ բարեհաջող եւ օրինավոր կերպով եզրափակվի: Եվ ոչ ոք չի կասկածում՝ Արցախում յուրաքանչյուր ցնցում, ներքին ապակայունացմանը միտված յուրաքանչյուր վարմունք, աներկբա, արտոնաթուղթ է հակահեղափոխականների, ամեն գնով սաբոտաժի դիմող ուժերի դավադիր ձեռքին:



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image