Քաղաքականություն

Ընդդիմության քողը

Ընդդիմության քողը
Կասեն՝ ամեն տեղ էլ ընդունված, դասական կարգ է՝ իշխող կուսակցությունը, ահա, ցած է դնում իր նախկին լիազորությունը, պարտավորություններն ու դառնում ընդդիմություն: Հաշվի առնելով Հայաստանում քաղաքական իրավիճակի երկար տարիներ սպասված կտրուկ փոփոխությունների ողջ եղելությունը, հաշվի առնելով նախկին իշխանությունների վարած քաղաքականության ողջ հետեւանքները, որոնց թվարկման համար պարզապես հատորներ են անհրաժեշտ, հաշվի առնելով ընդդիմության քողի տակ ծպտյալ, այդ քողով պաշտպանության, ինչու չէ՝ նաեւ որոշակի անձեռնմխելիության ակնկալիքներ ունեցող կուսակցության երեկն ու այսօրը, պարզ է դառնում, որ սա ՀՀԿ-ի հերթական, արդեն իսկ զավեշտի հնարավոր ու անհնարին դռները թակող ավանտյուրա է:



Աներկբա է՝ այս պահին ՀՀԿ-ի՝ իբր ընդդիմության վերածվելն «ատմասկա» է, պետությունը տարիներ ի վեր քաղաքական, տնտեսական, սոցիալական աղետի ենթարկած ուժի՝ պատասխանատվությունից խուսանավելու «հիմնավոր առիթ»: Այնուհանդերձ, բաց թատրոնի իրականությունը, ցինիզմով բաց թատրոն խաղալն իր մեջ ավելի մեծ վտանգներ է պարունակում՝ հաշվի առնելով հակահեղափոխական երեւույթների, զանազան, խառնածին ուժերի ամեն րոպե առաջ գալու, իշխանությունը վերցնելու հնարավորությունը: ՀՀԿ-ն բոլորիս աչքի առաջ «ներքին բարոյականություն» է խաղացնում՝ անվերջ նույն բարբաջանքը՝ «համախմբվածություն», «միասնականություն», «հանուն պետական շահի, հանուն պետության կայունության՝ լրջագույն քայլերի գնալու կարողություն»:



ԱԺ-ում դեռեւս ներկա ՀՀԿ-ականների՝ ուղղակի դիտավորությամբ, անպատկառության ու ողորմելիության աստիճան ինքնավստահ կեցվածքն ու խոսքն ուղերձ են, վերահաստատում, որ իրենց իսկ իշխանության «թեթեւ ձեռքով» քանդած, աղքատության ու կոլապսի շեմին հասցրած պետության առջեւ քաղաքականապես մեղավորության գեթ աննշան զգացում նրանք չեն ապրում, ընդհակառակը՝ պատրաստվում են մնալ, վերահաստատվել ու շարունակել կիսատ թողած «ազգային-պահպանողական սուրբ գործը»: Դժվար է պատկերացնել, թե  Հայաստանում, առհասարակ, կա՞ մի կուսակցություն, քաղաքական, պետական գործիչ, որ չի պնդի, թե իր ողջ ուժերը բանեցնելով՝ աշխատում է բացառապես հանուն պետական շահի, հանուն պետության կայունության, հանուն ՀՀ քաղաքացիների բարօրության, հանուն հայ ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի:



Ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը ժողովուրդն է ընտրում՝ տալով իր վստահության քվեն, տալով իր ըմբռնողական համաձայնությունը: Գուցե քաղաքականության համատեքստում իշխող կուսակցությունն ընդդիմություն դառնալու իրավական, գաղափարական լիազորություն ունի, բայց այս պահին ՀՀԿ-ին դա ոչ մի կերպ չի վերաբերում՝ անգամ խիստ բացառության կարգով: ՀՀԿ-ն կատարելապես ձախողված, հօդս ցնդած քաղաքական դիակ է, որին անպայման ժամ առաջ հողել է պետք:



 



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image