Քաղաքականություն

Ցինիզմի ու քննադատության միջեւ

Ցինիզմի ու քննադատության միջեւ
Շատերն են կառուցողական քննադատությունը որպես կենսական անհրաժեշտություն համարում: Ժողովրդավարության, բացության միտված հասարակությունները կառուցվում են նաեւ հենց կառուցողական քննադատության անաչառ, հետեւողական գործոնի շնորհիվ: Իշխանությանը զգոն, կենսունակ պահելու միակ ճանապարհը, անկասկած, հենց դա է, մանավանդ այն իշխանությանը, որը զարտուղի ճանապարհ է որդեգրել՝ երես թեքելով ժողովրդավարության, արդարադատության ապահովման հիմնարար սկզբունքներից:



Սակայն, երբ այս պահին կազմավորվել է մի նոր իշխանություն, որը հավանության է արժանացել, կարելի է ասել՝ ողջ ժողովրդի կողմից, որպես այդպիսին, հենց ժողովրդի արդյունքն է, միանշանակ՝ անթույլատրելի է քննադատության այն կերպը, որի բաղադրությունը ցինիզմն է, վիրավորանքը, ինքնապաշտպանողական հեգնանքը, անհասկանալի զառանցանքների շքերթը: Ցինիզմը երբեք արդյունքներ չի ակնկալում, այն կատարելապես հակոտնյա է անգամ սուր, ծայրահեղական քննադատությանը:



Ցինիկն իր խեցու մեջ քաշված է գործում, բայց ո՛չ թիկունքից, ո՛չ քողարկված, այլ ամբողջովին բացահայտ: Ինձ համար կատեգորիկ անընդունելի ու աններելի են այս օրերին նոր իշխանության, նոր ձեւավորված ժամանակավոր կառավարության հասցեին հնչեցված ցինիկ արտանետումները, ցինիզմի ճչացող վերնագրերով հրապարակվող բոլոր հոդվածները, որոնց հեղինակները նույնիսկ եթե ունեն որոշակի մտահոգություններ, միեւնույն է՝ ստրկացնում ու փոշիացնում են իրենց կասկածելի ասելիքն այդ նույն ցինիզմի ակնհայտ գերիշխանության ներքո:



Բայց լավ, իսկապես ո՞րն է նրանց նպատակը, որո՞նք են այս մարդկանց ձգտումները։ Այն պահին, երբ կա լռության, ըմբռնման ու զորակցության կարիք, ինչո՞ւ են փլուզում հեղափոխության դեռեւս փխրուն երազանքը, որը դեռ պիտի ամրանա, դեռ լրիվությամբ պիտի կյանքի կոչվի: Տարիներ ի վեր ապրելով քծնանքի, ցինիկության, կասկածի, զանազան ցնորական դավադիր ուժերի տեսության կալվածքում, ուր հասարակությունն իբր բաղկացած է սոսկ կասկածելի ու վտանգավոր մարդկանցից (հասարակություն, որին կալանել էին շինծու, էթնիկ ազգայնականության, հող պահելու «ատմասկայով»), ցինիկների մեջ կյանքի բնականոն ռիթմով նողկալի ու արատավոր մի պարտավորություն է ի հայտ եկել՝ ինքնարտահայտվելու մոլուցք, որը ոչնչի առաջ կանգ չի առնում, որեւիցե էթիկական համատեքստ չունի, քանի դեռ գնում է սեփական կարճառոտ իշխանությունը բանեցնելու, դրանից անասնական հաճույք քաղելու «տոնի» հետեւից՝ «ցինիզմ» անունով տխուր ու ամայացնող «տոն»:



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image