Ընդամենը օրեր անց Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հանդես կգա որպես ՀՀ վարչապետ, երբ կհայտարարի ժամանակավոր կառավարության կազմը, երբ ժողովրդին կծանոթացնի առաջին քայլերի բովանդակությանը, ահա՝ այդժամ կսկսվի այն փորձաքարը, որ կվերաբերի յուրաքանչյուրիս: Հավաքականություն, ոգու զորություն են հարկավոր, որպեսզի խուսափենք ավելորդ հախուռնությունից, անհամբերությունից, զանազան ասեկոսեներին ընթացք տալու գայթակղությունից։
Անգամ ժամանակավոր կառավարության կազմն է բուռն քննարկվելու՝ անգամ ժամանակավոր այն երկրորդական, երրորդական էշելոնի պաշտոնակատարը, որից անհնարինն են պահանջելու, կայծակնայինը։ Թերեւս իսկական հետհեղափոխական ինդիվիդուալ փորձությունը հենց սա է լինելու՝ հեղափոխությունն իր հետ թարմ շունչ է բերում, խանդավառության հզոր ալիք, եւ մեզնից՝ յուրաքանչյուրիցս, գերզգաստություն է պահանջվում՝ դիմադրել քանդող ու կառուցող այդ հուժկու հոսանքին, դիմադրել ինքներս մեզ, վերահաս տագնապներին, խառնաշփոթությանը, օգտագործման լեզվին, խոսքի կառուցվածքին, որովհետեւ, ակներեւ է՝ դրանցից բխելու են լրջագույն հետեւանքներ, գուցե նաեւ՝ իրավիճակային փոփոխություններ։
Այս պահից սկսած՝ մեզ ժամ առաջ կառուցողականություն է անհրաժեշտ, պարզորոշ քարտեզագրություն, որոշակի կուռ համակարգ, որով հնարավոր կլինի առաջ շարժվել՝ դիմակայելով սոցիալական, լրատվական կայքերում ի հայտ եկող քաոսային միջամտություններին, որոնք կարող են դանդաղորեն կազմաքանդել նույնիսկ ամենակուռ թվացող եղելությունները։ Այո, հեղափոխությունն ամրագրված փաստ է, բայց այն շարունակվում է եւ պիտի անկասելիորեն շարունակվի։ Եկել է այն պահը, երբ հեղափոխությունը, անխոս, ինքն իր մեջ ճշգրտելու է այն արժեքային հղացքի ողջ իսկությունը, որի շուրջ կերտեց սեփական ճարտարապետության կերպն ու առանձնահատկությունը։
Ամեն ակնթարթ բովանդակ տեսադաշտից անհետացած աղբոտությունը, հետ քաշված իշխանության գիտակցությունը իրական շանսի դեպքում աներկբա սպառնալու է ռեւանշով։ Հակաթույնը յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է արարքների, խոսքերի, մեկնումների հանդեպ, որոնք, իհարկե, աչալրջորեն զննության են ենթարկվելու, եւ ռեակցիան դրանցում խոցելի տեղեր է որոնելու, իսկ այսուհետ անմեղ թվացող գործիք պարզապես չկա։
Կլինեն գործիքներ հավաքագրող ռեւանշիստների խմբեր, որոնք կայծակնորեն կօգտագործեն հիասթափության նոտաները, անգիտությունը, մտքի ու զգացումի կարճատեսությունը։ Ամեն գնով պիտի թույլ չտալ, ամեն գնով պիտի կառչել հեղափոխության այն վճիտ կրքին, այն անպարտելիության եղանակին, որի առջեւ ծնկեց ՀՀԿ-ի ավտորիտարությունը, ծնկեց իշխանության հարատեւությունը։ Հասկանալի է՝ այդ կրակի թափը պահելը բնավ հեշտ չէ, բայց հիշենք՝ հեշտ չէր նաեւ կրակի ստեղծումը։ Ամենակարեւորը դրա ստեղծման բարդության աստիճանի գիտակցումն է, որ լրջություն կհաղորդի մեր հաջորդ քայլերին։
**Արամ ՊԱՉՅԱՆ**