Հասարակություն

Կախարդանքի ու հավատքի սահմանները․ ֆեյսբուքահայությունն ընդդեմ Հարի Փոթերի

Կախարդանքի ու հավատքի սահմանները․ ֆեյսբուքահայությունն ընդդեմ Հարի Փոթերի
Ֆեյսբուքահայությանը, մեղմ ասած, զայրացրեց այն հանգամանքը, որ Սուրբ ծննդի օրը Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվեց Հարի Փոթեր ֆիլմը։ Մասնավորապես զայրույթի պատճառն այն էր, որ Առաջին ալիքը սուրբծննդյան օրը ցուցադրում է մոգության և կախարդության մասին ֆիլմ, մինչդեռ ողջ հայ ազգը նշում է Քրիստոսի ծնունդը։



«[Առաջին ալիք](https://www.facebook.com/ArmPublicTV/?fref=mentions)ը Հունվարի 6-ի օրով Հարի Պոտեր է ցույց տալիս: Ազգը տոնում է Աստուծո Որդուն, իսկ նրանք ֆիլմ են ցուցադրում կախարդության ու անաստվածության մասին: Հետո էլ «Մեր Բակ», ֆիլմ, որով ռաբիսը խոսելը և դրանով զվարճանալը դարձավ մեր կյանքի մի մասը: Ամոթ է: Առաջին Քրիստոնյա ժողովուրդը չունի՞ մի ավելի լավ բան, քան կախարդանքն ու անաստվածությունը: Ժողովու՛րդ, եթե մենք անտարբեր լինենք նման բաների նկատմամբ ու լուռ մնանք, ապա սա ավելի կշատանա:Եթե դուք էլ դեմ եք նման բաներին, խնդրում եմ տարածեք սա, գրեք կոմենտների բաժում «չեմ ընդունում կախարդանքը, հավատում եմ Քրիստոսին», և հուսով եմ, որ մի գուցե այնքան տարածվի, որ Հ1-ի որոշում-կայացնողներին հասնի, որ իրենք էլ անդրադառնան: Միգուցե չգիտեն ինչ են անում, որ Հունվարի մեկից գրեթե ամեն օր Հարի Պոտեր են ցույց տալիս: - Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ: «Եւ լույսը խավարի մէջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց» (Հովհ. 1:5)»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Արմեն Հարեյան ֆեյսբուքյան օգտատերը։



Այս գրառմանը հետևում են նաև մի շարք օգտատերերի «չեմ ընդունում կախարդանքը, հավատում եմ իմ տիրոջը՝ Հիսուսին։ Ամեն։» բովանդակաությունը կրող գրառումներ։



Ի վերջո ի՞նչ կապ ունի Հարի Փոթերը հավատքի ու Սուրբ ծնունդի հետ, արդյոք արգելվո՞ւմ է այդ օրը դիտել կախարդանքի և մոգության մասին ֆիլմեր։ Այս հարցերի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ եկեղեցու սպասավորներից։ Հրաչ սարկավագ Ղազարյանի խոսքով՝ ֆիլմը հավատքի հետ որևէ աղերս չունի, սակայն ցանկալի է, որ Առաջին ալիքը ՝ որպես հանրային հեռուստաընկերություն, ցուցադրի օրվա խորհրդին վերաբերող ֆիլմեր․



«Այնպսե չէ, որ այդ ֆիլմը ընդհանուր առմամբ իր բնույթով հակաքրիստոնեական է, այն իմաստով, որ քրիստոնյա հասարակությունը չպետք է դիտի այն, սակայն ցանկալի կլիներ, որ Առաջին ալիքը ՝ որպես հանրային հեռուստաընկերություն, ցուցադրեր օրվա խորհրդին վերաբերող ֆիլմեր։ Բացի այդ նմանատիպ ֆիլմերի պրոպագանդան, որտեղ առկա են գուշակություններ ու մոգություններ, այսօր հանգեցրել է նրան, որ հատկապես մարզերում մարդիկ ավելի շատ հաճախում են գուշակների ու բախտ նայողների մոտ, քան թե եկեղեցի»,- մեզ հետ զրույցում ասաց Հրաչ սարկավագ Ղազարյանը։



Նշենք, որ սկսած առաջին վեպի՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» հրապարակումից, որը հրապարակվել է 1997թ. հունիսի 30-ին, գրքերը մեծ ճանաչում են ստացել ողջ աշխարհում: Բոլոր 7 գրքերն էլ դարձել են բեսթսելլերներ և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Վերջին՝ յոթերորդ մասը վաճառքի է հանվել 2007 թվականի հուլիսի 21-ին։ Գրքի ընդհանուր տպաքանակը կազմել է 450 միլիոն (64 լեզուներով): Վերջին չորս գրքերը հաջորդաբար սահմանել են ռեկորդ՝ ճանաչվելով որպես ամենակարճ ժամանակում ամենաշատ վաճառված գիրք: Նույնչափ մասսայականություն են վայելում նաև համանուն ֆիլմերը։



**Կորյուն Սիմոնյան**

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image