Հասարակություն

Քաղաքագրություն. Նամակ «Պսակի» խմբագրին

Քաղաքագրություն. Նամակ «Պսակի» խմբագրին

Զարմանալիորեն, 1880 թվականին լույս տեսնող Երեւանի առաջին պարբերականում՝ «Պսակում», հրապարակված քաղաքացու այս նամակը ներկա ժամանակներում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին արդիական է մնում: Այս պահին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նողկալի որոշումը չեղյալ հայտարարելու պահանջը յուրաքանչյուր երեւանցու կարիքն ունի: Քաղաքի անհայտ բնակիչը կոչ է անում երեւանցիներին անտարբեր չլինել հասարակական խնդիրներին եւ տանուլ չտալ իրենց կառուցած կյանքը:



Ստորեւ ներկայացնում եմ նամակն ամբողջությամբ։



 



Երեւանը խաղալիք է դարձել մի քանի բծավոր մարդկանց կողմից: Մի քանի մարդիկ, որոնց բոլորովին անծանոթ է «առաքինություն» ու «բարոյականություն» ասվածը: Այսօր տեսնելով, որ անձնական օգուտներն ու շահերը ոտնակոխ են լինում եւ չեն տալիս իրենց սրտի ու կամքի համաձայն արդյունք, խոսում են միայն առաքինության ու բարոյականության մասին:



Զարմանալի երեւույթ… Նրա հասկացողությամբ «բարոյականությունն» ու «առաքինությունը» մեկ արվեստ է, որով մի մարդ կարող է իրեն բարոյական ու առաքինի ձեւացնել՝ առանց մազաչափ անգամ իր անձնական շահերից, օգուտներից հեռանալու: Նրա հասկացողությամբ բարոյական ու առաքինի լինել՝ կնշանակի տալ ավելի մեծ ու ընդարձակ ասպարեզ ոտից գլուխ խարդախ մի գործի: 



Ցավով պետք է ասենք, որ այսօր հնարել տեսակ-տեսակ չեղած բաներ՝ մի մարդու արժանավորությունը ստորացնելու, նրա հասարակական օգտակար գործունեությունն ի դերեւ հանելու համար, «առաքինություն» ու «բարոյականություն» բառերով վարագուրելով սեւահոգություն, ագահություն, անձնական թշնամական հարաբերություններ եւ այլն, դարձել է մեր քաղաքում մի քանի շրջմոլիկ մարդկանց արտոնությունը, որ սպառնում է ահավոր վտանգ անդուլ աշխատությամբ նորանոր կառուցած հասարակական տաճարի ճարտարապետական շինվածքին: Այո՛, մեզ սպառնում է վտանգ, եւ մեր հասարակական գործերն այս րոպեիս հուսահատ դրության մեջ են: Երեւանցիները քնած են քաղցրաժպիտ, բայց դառնաշունչ մարդկանց հավաստություններից: Բայց, երեւանցիք, մի՛ հավատացեք այդ եղկելի սոփեստներին, եթե ո՛չ՝ կզղջաք, կզղջաք… բայց հետո ուշ կլինի:



Դուք ձեր գործը լավ եք սկսել, հիմքը պինդ ու ամուր եք դրել: Ձեզ միայն սկսած գործը շարունակել է պետք, որ այդ գործը ոտքի կանգնի: Ձեր աշխատությունն ապարդյուն չկորչի, գործը թերի չմնա, ընդհակառակը՝ գա հասնի ձեր ուզած վախճանին: Ո՞վ չգիտի, որ մի շինության քարը, փայտը տեղահան անես, ամբողջ շինությունը կխախտվի, իր հավասարակշռությունը կկորցնի եւ, ժամանակի ամենափոքր հոսանքին չդիմանալով, կընկնի, ձեր աշխատությունը կանհետանա: Կզղջաք, կզղջաք, երեւանցիներ, եթե ձեռք եք զարկել մի քարի, մի փայտի, այդ շինությունը հիմնովին կտապալվի, եւ կմնան միայն ավերակները՝ բնակարան բվեճների եւ չղջիկների համար:



Հավատացե՛ք, որ այդ ավերակները կլինեն կենդանի արձաններ անմտության ու դյուրահավատության՝ օտարների ու ապագա սերնդի մոտ, որոնցից մեկին արհամարհելով, մյուսին ցավեցնելով՝ կմեռնի ձեր գործը: Արհամարհելով, որովհետեւ դուք արհամարհեցիք եւ չհյուրընկալեցիք նախախնամության առատ պարգեւը: Եվ ցավեցնելով, որովհետեւ ձեր անմտությամբ ու դյուրահավատությամբ զրկեցիք նրանց այդ պարգեւից, այդ արտոնության ժառանգությունից:



Լա՛վ մտածեք եւ ապա գործե՛ք, երեւանցիներ, եթե ոչ՝ կզղջաք, կզղջաք, բայց արդեն ուշ կլինի:



 



Կ.
28 փետրվար 1880 թ.
Երեւան



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image