Հասարակություն

Մեր երիտասարդությունը դատապարտված է հաղթանակի

Մեր երիտասարդությունը դատապարտված է հաղթանակի

Մի քանի օր առաջ ձեռքումս «Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված Գուրգեն Մահարու երկերի չորրորդ հատորն էր, որն ամփոփում է նրա քառագրությունը՝ «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդության սեմին» եւ «Երիտասարդություն» անավարտ վեպը, որ պատմում է եւ դեռ պիտի պատմեր մեր առաջին հանրապետության, նրա անկման, սովետական կարգերի հաստատման ոդիսականը:



«Երիտասարդություն» անավարտ վեպի այդ մի քանի էջերում այնքան մեծ հավատ ու հույս կա դեպի նոր սերունդը, երիտասարդությունը, որն անեփ է, անփորձ, հախուռն զգացմունքներով լի, սակայն հենց նրան է վերապահված իր ուսերին կրելու երկրի աղը, նրա առջեւ ծագած փորձությունների ողջ բեռը: Եվ այդ անեփությունը, անփորձությունը, այդ վտանգավոր թվացող հախուռն բնավորությունն է նրանց նշանը կռվո եւ նրանց փխրուն բնույթն է, որ ազատություն է կերտում, կենդանի մեռյալներին ապրելու հույս է շնչավորում` մատնացույց անելով լույսի ճանապարհը:
Բաղրամյան պողոտայում պայքարող երիտասարդությանը մերթ շունչդ պահած ես նայում, մերթ՝ ամոթխածությամբ, մերթ՝ վախով: Ուզում եմ մոտենալ նրանց, գրկել, ինչ-որ բան ասել, բայց ոտքերդ ծանր են, հողի մեջ պինդ խրված, ընդարմացած են, հիացմունքից չենթարկվող:



Եվ երեւի այս պահին ժամանակն է հիշելու նորանկախ Հայաստանի համար իրենց մարմինն ու հոգին անխնա նվիրաբերած բոլոր երիտասարդներին, սկսած 60-ականներից մինչ 2015 թիվը: Հիշենք նրանց, ովքեր տենչում էին անկախ Հայաստանի համար, ովքեր բանտարկվում էին սիբիրներում, փակի տակ պահվում, հետապնդվում էին սովետական գործակալների կողմից, չէին ընկրկում, երազում էին ու գործադրում մեծ երազանքը: Հիշենք նրանց, ովքեր, կիսատ թողնելով ուսումը, թողնելով իրենց երիտասարդ կանանց, նոր ծնված երեխաներին, գնացին առաջին գիծ ու չվերադառնալով՝ վերադարձրին մեր երկրի ներկան ու ապագան: Հիշենք թիկունքում օրուգիշեր մեղվի նման աշխատող լրագրողներին, բժիշկներին, գիտնականներին, արվեստագետներին, հացթուխներին, այգեպաններին, արհեստավորներին, երեխաներին, մանուկներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր զորակցում էին մեզ, ոգեշնչվում ու միանում: Հիշենք 2008 թվականի առաջամարտիկ ՀԱԿ-ի սքանչելի երիտասարդներին, ովքեր առաջինն էին, որ իրենց մարմիններով կասեցնում էին բռնությունը՝ առաջ մղելով նույնիսկ ամենահուսահատներին ու ամենաանհավատներին… Եվ նրանք էին, որ ձեւավորեցին պայքարի նոր ավանդույթ եւ փոխանցեցին եկողներին: Հիշենք խիզախ բնապահպաններին, հիշենք Թեղուտը, Թռչկանը, Մաշտոցի պուրակը… Մեր երկիրն այս անմահ երիտասարդների ձեռքում է… Սրանից ազնիվ ու հուսալի ձեռք չկա, որովհետեւ երիտասարդությունը երբեք չի պարտվում, նա պարզապես դատապարտված է հաղթանակի…



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image