Հայոց աշխարհի հինավուրց, պապենական հողի վրա նոր «գուրու» է հայտնվել, ոչ Հնդստանից է եկել, ոչ Հիմալայներից, ոչ էլ, առավել եւս՝ Շամաբալայի կողմերից: Եկել է իր ոստիկանական աշխատասենյակից, թեպետ ասում է՝ ինչ Բաղրամյան պողոտայում սկսվել է շարժումը, ավելի շատ փողոցում է, քան իր սենյակում: Այդ գուրուն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է, որի՝ երիտասարդներին ուղղված երեկվա խոսքին նույնիսկ կնախանձեին կրիշնամուրտիները, Օգոստոս երանելիները, տարատեսակ ճիզվիտները եւ նրանք, ովքեր իշխանությունն իրացնում են միայն Աստծո անունից, Աստծո համար եւ Աստծո հետ:
Եվ մեղրածոր օրհնանքը դեղթափ անող նեկտարի նման ծորում է նրա աստվածահաճո շուրթերից՝ կակաչների, թիթեռնիկների, այծեմնիկների ծիլեր պարգեւելով երկրի ապագա հողին՝ երիտասարդությանը:
«Այծեմնիկ, Այծեմնիկ, փոքրիկ հեղափոխական»․ աղջնակին «գորովալից» աչքերով նայելով՝ կրկնում է Վովա Գասպարյանը, քանզի հենց նոր նրա շուրթերից սիրտը հովացնող նախադասություն է լսել: Աղջիկն ասում է, որ իր կարծիքով Սերժ Սարգսյանի ելույթից հետո Բաղրամյան պողոտայում իրենց մնալը սխալ է, իսկ մինչեւ երեկ չէ առաջին օրը ճիշտ էր, հիմա ինքը պարզապես մնացել է ընկերների համար եւ ժամանակ է անցկացնում:
Գուրուի աչքերը գոհունակությունից եւ իր առաքելության կաթուկ պտուղների առաջին համտեսից պսպղում են: «Աստծո կամոք, Բարձրյալի կամոք», նա այլեւս լրջագույն ներազդեցություն ունի նոր ձեւավորած աշրամի անդամների վրա, որոնք իր բերանից սպրդած Աստծո խոսքը պիտի ձեռնափերի մեջ հավաքեն ու տարածեն երկրով մեկ:
Վովա Գասպարյանը, իհարկե, որպես բարձրյալի էակ, ընտրյալի բարձրյալ, մերժում է մարմինը եւ երիտասարդներին խորհուրդ է տալիս մարդուն հոգով ճանաչել՝ հղվելով Սուրբ գրքին, որին եւ ինքն է հղված ապրում: Մերժում է իր հրոսակախմբի կողմից խաղաղ ցուցարարների, լրագրողների մարմինների հանդեպ կիրառված բռնության պատմությունը եւ երազում, որ նույն երիտասարդները միանան մերժմանը: Քիչ է մնում համոզի, թե բռնությունը կիրառվում էր մարդկային հոգիները բացահայտելու համար, որ բացահայտվածները հոգիներով ճանաչեն Հայաստանի բովանդակ իրականությունը:
«Աշխարհը սատանին ա պատկանում»: Մելանխոլիկ, թախծի մեջ տապակվող ձայնով ասում է ոստիկանապետը: Երիտասարդներից մեկը մեջբերում է անում Սուրբ գրքից: Վովա Գասպարյանը խորհուրդ է տալիս նրան․ «Մի կարդա Սուրբ գիրքը, խոսի՛ր Սուրբ գրքի հետ», հետո ձեռքով թփթփացնում է նրա որովայնին, մեռոնաջրում՝ «Լավ կլինի քու մոտ»: Վերջում գուրուն Շահեն Հարությունյանին հորդորում է․ «Ձգվի, ամուր եղի, խելառությունդ պահի չափի մեջ», ապա, բոլորին օրհնելով, քայլում է դեպի տունն Աստծո:
Հայաստանի «աստվածային իշխանության աստվածային հրեշտակապետը»… Գուցե ժամանակն է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը Վովա Գասպարյանին եկեղեցական կոչում շնորհի, կամ նոր աշրամը նամակ գրի Դալայ Լամային, որպեսզի նրան ճանաչեն որպես իշխանության պատմության մեջ ամենանշանավոր գուրու-առաջնորդի, ով, բռնությունների աղբյուր հանդիսանալով, այդքան արհեստավարժորեն կարողանում է խոսել եւ հանդես գալ հոգու անունից: