Հասարակություն

«Ոսկե ծիրան». «Սպանության գործողություն»

«Ոսկե ծիրան». «Սպանության գործողություն»

20-րդ դարի երկրորդ կեսի ամերիկյան գրականության եւ մտքի երեւելի դեմքերից մեկը՝ Սյուզըն Սոնթագը, իր էսսեներից մեկում գրում էր, որ բռնության տեսարաններով լուսանկարներն ու վիդեոձայնագրություններն այնքան են շատացել, որ այլեւս չեն ունենում այն հուժկու ազդեցությունը, որ կոչված է ընդդիմանալու չարի ֆենոմենին: Կորցնելով իրենց հատկությունները՝ դրանք դառնում են սովորական բաներ, որոնցով լցված է գիտակցությունը:



Նախօրեին, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման օրը, արտամրցութային ծրագրի շրջանակում դիտեցինք Ջոշու Օփենհայմերի «Սպանության գործողություն» վավերագրական ֆիլմը: Ջոշուան ծնվել է 1974 թվականին, Թեքսասում (ԱՄՆ), սովորել է Հարվարդում եւ Սուրբ Մարտինի անվան արվեստի եւ դիզայնի կենտրոնական քոլեջում: Այժմ Մեծ Բրիտանիայի արվեստի եւ հումանիտար հետազոտությունների խորհրդի «Ցեղասպանության եւ ձեւ» նախագծի ավագ գիտաշխատող է:
2001-2012 թվականներին նա աշխատում է Ինդոնեզիայում՝ ուսումնասիրելով աշխարհազորայինների, մահվան ջոկատների եւ նրանց զոհերի պատմությունը, հետազոտելով քաղաքական բռնության եւ հանրային երեւակայության հարաբերակցությունը:



Այս ուսումնասիրությունների արդյունքում ծնվում է «Սպանության գործողություն» ֆիլմը (համառեժիսոր՝ Քրիստիան Քին): Ֆիլմի պրոդյուսերներն են Վերներ Հերցոգը, Էրրոլ Մորիսը:
Ինդոնեզիայում 1965 թվականի քաղաքական հեղաշրջումից հետո իշխանություն ձեւավորած կառավարության նոր անդամները՝ տեղի գանգստերները, փողոցային թափթփուկները, հանցագործները, ոչնչացնում են 2 միլիոն կոմունիստ, էթնիկ չինացի եւ առայսօր մնում անպատիժ: Դահիճներ Անվար Կոնգոն, Հերման Կոտոն եւ մյուսներն այսօր Ինդոնեզիայում կենդանի լեգենդներ են, իսկական հայրենասերներ, տղամարդկային ուժի, խիզախության մարմնացումներ, որոնցով ներկա իշխանությունը եւ հազարավոր մարդիկ հիանում ու հպարտանում են: Եվ, ահա, այս ապշեցուցիչ, իր թեմայով ու «խաղաղությամբ» գրեթե անհնարին ֆիլմում մարդասպաններ Ալվար Կոնգոն եւ Հերման Կոտոն, խանդավառությամբ ու երջանկության զգացողությամբ հանդես գալով որպես դերասաններ, պատկերահանում են անցյալի իրենց ձեռքով կատարած դաժան սպանությունները: Եվ Օփենհայմերի տեսախցիկը ֆիքսում է ցեղասպանողների ֆիլմը, որի կարիքը, պարզվում է, ավելի շատ դահիճներն ունեն, քանի որ չեն ուզում իրենց համերկրացիների աչքին սխալ հասկացված թվալ: Նրանք ցանկանում են խոսել եւ խոսում են «ճշմարտության» անունից… Այո, իրենք գանգստեր տղերք են… Էն հոլիվուդյան ֆիլմերի գանգստերներից, այսինքն՝ «ազատ մարդիկ» են եւ անցյալում չեն ներել կոմունիստներին, էթնիկ չինացիներին, որոնք իրենց հայրենիքը կործանման էին տանում … Ու հիմա, ինչու չէ, կարող են տեսախցիկի առաջ ցույց տալ, թե ինչ մեթոդներով էին սպանում մարդկանց… Եվ ցույց են տալիս…



Վերեւում հիշատակել էի Սյուզըն Սոնթագին, ով ասում էր, թե բռնության տեսարաններն այնքան շատ են, որ կորցնում են ներազդեցության ունակությունը: Սակայն Ջոշուա Օփենհայմերը բռնության ու չարի բնույթը վեր հանող հերթական մի ֆիլմ չի նկարահանել, ուստի ֆիլմը ցնցում է ու ահռելի տպավորություն թողնում, քանի որ բռնության տեսարանից անդին է խոսում: Աներեւակայելի է՝ ինչպիսի սովորականությամբ են մարդասպանները վերաբացատրում, մանրամասն ցույց տալիս, թե ոնց են մետաղական մալուխներով խեղդամահ արել, դանակներով կտրտել կանանց, երեխաների, տարեցների: Մի՞թե սա ուղղակի բռնության տեսարանի վերարտադրություն է… Սպանության անվերջանալի շարունակությունը, դրա պերֆորմանսը, խաղը, որի մեջ մտել են մարդասպանները, եւ որը կազմավորվում է նրանց «լեգենդար կյանքով», նրանց անպատժելիությամբ, ահա՝ մի քանի երեսանց դրույթ, որոնք շրջում են իշխանության ու բռնության մասին եղած ու չեղած պատկերացումները… Սարսափելի եւ հեղափոխական ֆիլմ…



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image