Հասարակություն

«Բարեփոխումների» ժամանակը

«Բարեփոխումների» ժամանակը

Ջոյսի «Ուլիսեսից»՝ «Իռլանդացու տունն իր դագաղն է»: Գուցե իռլանդացիների համար դագաղը կղզին չլքելու վերջին հույսն էր, որտեղ թագավորներին կանգնած էին հուղարկավորում՝ դեմքով դեպի թշնամական երկրները:
Հայաստանում արտագաղթի աղետալի հետեւանքների ու, առհասարակ, երկրից հեռացող մարդկանց քանակի եւ հեռանալու դրդապատճառների վերաբերյալ նույնիսկ մանկահասակ երեխաները գիտեն: Բնավ զարմանալի չի թվա, եթե երեխան նույնպես ցանկություն հայտնի լքել Հայաստանը՝ պարզաբանումներն ու մեկնաբանությունները թողնելով վերլուծաբաններին կամ հեռուստաէկրանից այն կողմ սահմանադրական «բարեփոխումների» շուրջ բանավեճ ծավալած պատգամավորներին, շարունակ բարբաջող մարդկանց տեսակին, որոնցից մի քանիսին մեկ-մեկ շփոթում ես մեսիայի հետ:



Անզեն աչքով էլ տեսանելի է՝ երկրից գնում են: Ընկերների, ծանոթ-բարեկամների շրջանակը գնալով նոսրանում է: Գնալու ձեւն արդեն կարեւոր չէ՝ թաց աչքերո՞վ է, թե՞ հայհոյելով: Գնացողի համար կարեւորը «տեղից պոկվելն ու տեղ հասնելն է»: Ժողովուրդն ասում է․ «Գնացողի հետեւից չեն լացում»: Հիմա թվում է, որ ոչ լացում են, ոչ էլ հայհոյում, կարծես մոտ է մեծ լռության ժամանակը, երբ դատարկությունն իր տարածքներն ավելի աննկատ, առանց ավելորդ խոսք գլորելու է գրավում: Բայց եղած խոսքն ուտելն է դժվար, երբ մեջտեղ են բերվում գնալու իրական ու երեւակայական շարժառիթները, միայն այն բանի համար, որ ներսիդ տարակուսանքն իսպառ փուլ գա, ինչ-որ բաներ ասելու հոժարությունից ձեռք քաշես, ինքդ քո գնալու մասին հոգ տանես: Այդպես է՝ գնացողների ետեւից այլեւս խոնավ աչք պահող չկա, քանի որ «հիմա արդեն, վերջապես, կարողացանք տեսնել, որ մեր աղետների եւ ժամանակակիցն ենք, եւ գործուն մասնակիցը, եւ մենք մեզ սիրելի չենք» (Հրանտ Մաթեւոսյան):



Տուգանքների կապոցը թեւի տակ սեղմած փոստատարից մինչեւ ատամներ կրճտացնող, զզված նամակընկալը կարճ ճանապարհ է՝ մի քանի լուսացույց, մի քանի փողոց ու բակ: Ասես Գողգոթան լինի: Փոստատարը գրեթե միշտ քարուքանդ դեմքով է, անպայման ճիգ է անում գոնե հասցեատիրոջ առջեւ ինքն իրեն ժպիտ պարտադրել, բայց ավերակներն էլ ավելի է խորացնում: Նամակընկալը սրտի դողով սպասում է ամսվա վերջին, մտաբերում հավանական խախտումները, խառնում ամեն ինչ, ինքն իրեն փարատում: Բայց ճակատագրից չես փախչի: Դռան մահազանգը հնչում է, եւ իշխանության փոխարեն կաս-կարմիր կտրած, նաեւ, իհարկե, թուքումուր ուտող փոստատարը, ամաչելով ու քթի տակ կրկնելով՝ «ես ի՞նչ անեմ, ես ի՞նչ անեմ», նամակընկալին է մեկնում հերթական սեւ թուղթը: Ողբերգական հանդիպումն ավարտվում է «ստեղից գնալը կփրկի» տողով ու դռան բարձրագոչ շրխկոցով: Եվ գնում են:



«Սեփական» ժողովրդին հարկահավաք դարձրած այս իշխանությունը, որ իր անդուլ կյանքը սահմանադրական «բարեփոխումներով» է մատնում, ո՞ւմ է իշխելու՝ շնագայլերին, անապատներին, անմարդ նորակառույցներին, քաղաքն ուտելանոցներով ու մեռելի ծաղիկներով պարուրած տզրուկներին: Կիշխի:



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image