Հասարակություն

Քաղաքագրություն. եվրոպական արտագաղթ

Քաղաքագրություն. եվրոպական արտագաղթ

«Երեւան» հյուրանոցի ներքնաբակում Իտալիայից ժամանած ընկերոջս հետ սուրճ ենք խմում, զրուցում երեւանյան խոսքուբանով: Թեմայից թեմա կտրուկ անցումների արանքում, իհարկե, արծարծվում է արտագաղթը: «Գալիս են, միշտ էլ գալիս են, բայց Եվրոպայում եվրոպական դրախտավայրը չգտնելով, ձգվում են ավելի մեծ ցամաքներ, ԱՄՆ, Ռուսաստան, Կանադա, Ավստրալիա: Իսկ մերոնց մեծ մասի համար եվրոպական դրախտավայր կոչեցյալը փոքր ծածկն է ու ինչ-որ տխուր աշխատանքը: Եթե փոքր ծածկը գտնվում է, ապա աշխատանքի հարցը լուրջ է, քանի որ հենց եվրոպացիների մի զգալի հատված, գործազրկությունից դրդված, իրենք են արտագաղթում, իսկ լեզվի վատ իմացությամբ պրոֆեսիոնալական հմտություններ չունեցող մարդուն, իհարկե, ծանր օրեր են սպասվում, եւ ուշ թե շուտ՝ ծնվում է հիասթափությունն ու Եվրոպայից ազատվելու ցանկությունը»:



Մեր երկրացիների որոշակի հատվածի Եվրոպա մեկնելը, այնտեղ սովորելն ու հաստատվելը միշտ էլ քաղցր երազային մի բան է եղել, եւ հիմա էլ այդպես է: «Գնանք Գերմանիա, գնանք Ֆրանսիա, գնանք Իտալիա, գնանք Լեհաստան՝ սովորենք գանք, համ էլ կյանք կանենք, աշխարհ կտեսնենք»: Եվ պարզ չէ, թե աշխարհաճանաչողությունն է, աշխարհը տեսնելը, ուսումնասիրելը, հոգու խորքում աշխարհի քաղաքացի չլինելու հոգեբանական ազդա՞կն է իրական հանգամանքը, թե՞ սովորելու նպատակը, որն իր մեջ, իհարկե, ճանաչողության ավելի ընդարձակ տարածություններ ունի:



Հայաստանում առկա ծանր սոցիալական դրությունը, համատարած ապօրինությունները, անպաշտպանվածության զգացողությունը, հաջորդ օրվա անիմանալի կենցաղը, որոնք ամրագրում են, սրում ու վերջնականապես հասունացնում գնալու կամքը... եւ, ահա, ավելի երիտասարդները՝ հիմնականում նրանք, ովքեր իրենց ուսումը դրսում շարունակելու հնարավորություն են գտնում, ընտրում են Եվրոպան՝ որպես քաղաքակրթության, առաջադիմության ու այլընտրանքի աշխարհ: Բայց ունե՞նք մենք վիճակագրություն, թե ուսում առնելուց հետո քանիսն են վերադառնում: Եվ ինչքանո՞վ է այդ վիճակագրությունը ճշմարտացի...



Պարզ է, որ եվրոպական երկրներում սովորելուց հետո լավ գործի տեղավորվածներից շատերը Հայաստան չեն վերադառնում, մանավանդ, երբ այդ գործը հիսուսյան չարչարանքների գնով է գրավված: Ինչեւէ: Ընկերս ասում է, որ «հնարավոր է մի երկու տարի հետո Իտալիան եւ Իսպանիան Հունաստանի օրն ընկնեն, թեպետ Հունաստանում ամառային արձակուրդներ անցկացնող այլազգի մարդիկ դժվար թե զգան երկրի իրականությունը: Մի պահ տպավորություն է, որ հունական ճգնաժամը մենակ հույների համար է, ոչ զբոսաշրջության»:



Հեռվից Եվրոպայում ապրելն այնքան գրավիչ է թվում, որ նույնիսկ դրա մասին խոսելն է նորաձեւ դարձել: Ի մտոք՝ եվրոպական արտագաղթ... մի տեսակ խղճուկ պարտադրված քաղքենիություն, եւ այս քաղքենիության խորքը տանում է դեպի Բաղրամյան 26-ի մատույցներ, դեպի իշխանական գոմ, որի անդամներն այս արտագաղթի գլխավոր մեղավորներն են, եւ նրանք այս օրերին իրենց հանգիստն անցկացնում են հենց եվրոպական ափերին՝ ոչխարների պես մակաղած հին մայրցամաքի ընկնող արեւի տակ:



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image