Քաղաքականություն

Հերթը Լիբանանինն է

Հերթը Լիբանանինն է

Այսպիսով հերթը հասա՞վ Լիբանանի՞ն: Մերձավոր Արեւելքի հեղափոխությունների կամ հեղաշրջումների տեղից տեղ ցատկող «համաճարակը» մայրաքաղաք Բեյրութում ցույց տվեց իր առաջին նախանշանները: Լիբանանը, որ այս տարիներին թեկուզ լարված, սակայն մի տեսակ կայունության ու խաղաղության մեջ էր, մանավանդ քաղաքացիական սոսկալի պատերազմի հիշողությունը դեռ պահպանած, կարծես միանում է այդ շղթային: Իսկ «համաճարակի» շարժառիթն այս անգամ աղբն է: Մայրաքաղաքի աղբահանությունը, որ սիստեմատիկորեն չի իրացվում, սրա հետ կապված կառավարության տարատեսակ խոստումներն օդի մեջ են մնում, եւ ծագում են դժգոհությունները, որոնք վերածվում են բախումների։ Եվ, ահա, վատ աղբահանության դեմ բողոքի դուրս ելած ցուցարարները Ռիյադ Սոհլ հրապարակում պահանջում են կառավարության եւ վարչապետ Թամմամ Սալամի հրաժարականը: Կարճ ժամանակահատվածում կառավարությունը փորձ է անում լուծել աղբահանության հարցը՝ օժանդակելով ու ֆինանսավորելով քաղաքի համայնքներին: Խնդրի լուծումը հապաղում է:



Օգոստոսի 22-ին մեկնարկած բողոքի ակցիան՝ «Քեզնից վատ հոտ է գալիս» պաստառներով ու վանկարկումներով, թափ է հավաքում, մարդիկ դեպի կառավարության շենքը աղբի պարկեր են նետում: Անվտանգության մարմիններն ուժ են կիրառում՝ արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով, փշալարերով: Բախումների արդյունքում արդեն կա մեկ զոհ, 200-ից ավելի վիրավոր, ձերբակալվածներ: Վարչապետ Թամմամ Սալամը հայտարարել է, թե ցույցերի կապակցությամբ, որոնք կարող են երկիրն աղետալի վիճակի հասցնել, մտադիր է հրաժարական տալ: «Մենք շարժվում ենք դեպի կոլապսը»,- այսպես է դեպքերը բնորոշել վարչապետը: Բեյրութի տարբեր թաղամասերում ապրող բնակիչներն այրում են իրենց բակերի, տների առջեւ կուտակված աղբը, որի արդյունքում հրդեհներ են բռնկվում՝ աղտոտում քաղաքի օդը:



Բեյրութցիները սոցիալական կայքերում՝ Ֆեյսբուքում, Թվիթթերում, սկսել են քաղաքում տարածված աղբակույտերի եւ ոստիկանության հետ բախումների հարյուրավոր լուսանկարներ տեղադրել: Նրանք պայքարի եւ անհնազանդության կոչեր են անում: Սակայն կա մի հատված, որը սթափության հորդորներով հակադարձում է նմանօրինակ կոչերին՝ նշելով, որ այս ամենը երկրի համար կարող է կործանարար լինել:
Ըստ The new york times-ի, Լիբանանի ներքին գործերի նախարարը, որի հրաժարականը ցուցարարների կողմից նույնպես պահանջվում է, իր ենթակայության տակ գտնվող իրավապահ ստորաբաժանումների գործողությունները դրական է համարել եւ չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել:

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image