Այլ

Արեվմուտքի ձեռքերին

Արեվմուտքի ձեռքերին

Մոլորակի դեռեւս ավելի խաղաղ հատվածներում գտնվող բնակչությունն այս օրերին հետեւում է սիրիացի փախստականների՝ հին մայրցամաքով ոչ հաճելի եւ ոչ ինքնակամ ճամփորդությանը երկրից երկիր, քաղաքից քաղաք: Նրանք կորցրել են իրենց հայրենիքը, կորցրել են իրենց տունը, աշխատանքը, այն վայրը, որտեղ ապրել են, ձեւավորվել՝ մտածելով, որ դա գուցե մշտատեւ մի կյանք լինի: Սակայն այլ է իրականությունը: Ինչքան էլ որ քաղաքագետները հաշվարկներ, կանխագուշակումներ անեին, միեւնույն է, ոչ մեկի մտքով չէր անցնի, որ Մերձավոր Արեւելքն այսպիսի վայրիվերումների ու ասպատակումների կենթարկվի: Սիրիայից գաղթած մեր երիտասարդ հայրենակիցներից շատերի համար նույնպես առայսօր տեղի ունեցածը շոկային ու անհավանական է թվում, մինչեւ սեփական ճակատագրով պատերազմի արհավիրքն ապրեցին եւ հասկացան, որ կորցրածը հետ չես բերի:



Ահա, այս օրերին համացանցը, հեռուստաընկերությունները պատկերում են հազարավոր սիրիացիների, որոնք կյանքի գնով փորձում են փախչել մահվան որոգայթ լարած հայրենիքից, գտնել կյանքի համար ավելի նպաստավոր, ավելի անվտանգ վայրեր: Փախստականները եվրոպական փոքր ու խոշոր քաղաքների հրապարակներում վրաններով ճամբարներ են խփում, մի փոքր հանգստանում են, սնվում, նաեւ հետազոտում են նոր, անծանոթ քաղաքը՝ այդտեղ մնալու եւ ապրելու հնարներ են փնտրում, մի մասի մոտ ստացվում է, մյուս մասի մոտ՝ ոչ: Մի մասը մնում է նոր քաղաքում, մյուսները, հանուն ավելի լավ կյանքի, մահվան ու չարչարանքի միջով շարունակում են ճանապարհը:



Սպանություններով, հրմշտոցներով, սովով, բռնություններով լի այդ աղետի ճանապարհն ասես «քաղաքակիրթ» աշխարհի այսօրվա արտանկարն է, նրա բնույթը, որը մերթ բարի պապիկի դեմքով ընդունում է փորձությունների ենթարկվող, հայրենազուրկ մարդկանց ու գովաբանվում, մերթ վհուկի հիշոցներով անիծում նրանց գալստյան օրն ու ցասման ալիք բարձրացնում:



Սիրիացի փախստականները Ռուսաստանի միջով Եվրոպա տանող ուղի են գտել: Սիրիացի փախստական մի տղա հարցազրույց է տալիս եւ հայտնում, որ Սերբիայում, Հունաստանում, Հունգարիայում, Մակեդոնիայում փախստականներին վատ են վերաբերվում: Իսլանդիայի 10 հազար բնակիչներ աննախադեպ պատրաստակամություն են հայտնել իրենց կացարանները փախստականների հետ կիսելու վերաբերյալ։ Ինչպես նշում է The Telegraph-ը, նախքան այս երկրի իշխանությունները հայտարարել էին, որ պաշտոնական մակարդակով կացարան կտրամադրեն միայն 50 սիրիացի փախստականի:



Այս «համեստ» որոշումից հետո քաղաքացիական ակտիվ շարժում է սկսվել, որի արդյունքում ընդամենը 24 ժամվա ընթացքում 10 հազար իսլանդացի օգնության ձեռք է մեկնել դժվար կացության մեջ հայտնված սիրիացիներին: Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլան փախստականներին առաջարկել է օթեւանել իր տանը, հայտնելով, որ կարող է Քեմփելում գտնվող իր տունը փախստականներին տրամադրել հաջորդ տարվա սկզբից, իսկ ինքն այդ ընթացքում կապրի Հելսինկիում: Նա քաղաքացիներին կոչ է անում հետեւել իր օրինակին: Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթերջենը եւ Միացյալ Թագավորությունը խոսք են տվել մոտ 15 հազար սիրիացի փախստականի ընդունել եւ ապաստարան տալ: Կույր, զարհուրելի պատերազմում կորցնելով իրենց հայրենիքում մնալու բոլոր հնարավորությունները՝ սիրիացի փախստականներն այսօր ստիպված նայում են արեւմտյան աշխարհի ձեռքերին՝ հուսալով, որ դրանք հոգատար ու բարի կլինեն: Սա գուցե արդեն կարեւոր էլ չէ: Սիրիացիները հայրենիք են կորցրել:

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image