Գրախանութներ
Իհարկե, լավ գրախանութների կարելի է հանդիպել նաեւ կիսաաղքատ գյուղում, գրախանութի համար անհավանական թվացող վայրերում: Գրախանութներով հարուստ Կիեւը գիտի գիրք մատուցելու ձեւը, որն ինձ համար «լավ գրախանութի» առաջին երաշխիքն է՝ ամենակարեւորը: Կիեւի գրախանութներում յուրաքանչյուր գիրք ոչ միայն իր տեղում է, այլեւ իր տեսքով, առարկայով չի խանգարում մյուսներին՝ եւ տեսքի, եւ առարկայի առումով: Նոր գրքերն առանձնացված են: Նորույթների գրապահարանը հիմնականում տեղադրված է խանութի կենտրոնական, ավելի տեսանելի մասում: Աշխատակիցները գիտեն մի քանի լեզու, որոնցով ազատորեն շփվում են օտարազգի հյուրերի հետ եւ տեղյակ են վաճառվող գրքերի բովանդակությունից, հարկ եղած դեպքում կարող են համառոտ պատմել այն:
Երեւանյան գրախանութներում այս կարեւոր իսկությունների բացակայությունը՝ գրադարակներում ունիկալ խառնաշփոթը, գրքի վերաբերյալ համահավաք տեղեկատվության պակասը, մեր քաղաքի գրախանութները դանդաղորեն վերածում է գրքի շուկայի, որտեղ աչքառու շեշտադրումը գրքերի քանակն է ու բազմազանությունը:
Մի շատ կարեւոր հանգամանք եւս Կիեւի գրախանութներին անհատականացնում է՝ դա ուկրաինական ժամանակակից գրականության հարուստ բաժինն է, որն իր առանձին ու պատվավոր տեղն ունի՝ խնամված, ուշադրության կենտրոնում:
Մարշը
Լվովյան փողոցների մեջ խրվելով, սուրճի, շոկոլադի բույրից թմրած, ճակատդ տրամվայի պատուհանի սառը ապակուն սեղմած՝ փորձում ես հավաքել, ի մի բերել մտքերդ: Գրքի լվովյան ֆորումի շրջանակներում նույն հրատարակչությունը նաեւ տպագրել է հռչակավոր նեյրովիրաբույժ Հենրի Մարշի հիշողությունների գիրքը: Մի քանի ժամից պիտի հանդիպես նրան, փոխանցես հայրիկի բարեւները… Հավանական ու անհավանական հանդիպումների համար, հրաշալի ուկրաինացիներն իրենց երկիրը կամուրջ են դարձրել, գրքերով ստեղծել մի միջավայր, որի սահմանագծին են մոտենում միմյանցից հազարավոր կիլոմետրերով հեռու ապրող մարդիկ, որ հանդիպեն, փոխանակվեն մի քանի նախադասությունով ու կրկին դառնան դեպի հարազատ կղզիներ: Մարշին ասում եմ, որ հայրս վիրաբույժ է, որ ջերմ բարեւներ է փոխանցել: Ժպտում է, ասես գիտի ամեն ինչ: Առաջին հայացքից վիրաբուժության ու գրականության համադրությունն այնքան անհավաստի է թվում, այնուհանդերձ, խորքի մեջ նրանք քայլում են մի ճանապարհով, որի անունն է «արկած»: Կյանքի ու մահվան միջեւ՝ գլխուղեղը, ինչպես պատմությունը, որը գրողը պատրաստվում է պատմել, անվերջանալի արկած է՝ անհայտ վերջաբանով:
Լվովյան փողոցների մեջ խրվելով, սուրճի, շոկոլադի բույրից թմրած, ճակատդ տրամվայի պատուհանի սառը ապակուն հենած, փորձում ես հավաքվել, ի մի բերել մտքերդ՝ երազելով, որ Ուկրաինան խաղաղվի, խաղաղվեն բոլոր պատերազմող երկրները՝ լինելով ազատության մեջ, լինելով ինչպես ուզում են: