Երբ ամեն ինչ պահպանվում է, նույնիսկ փողոցների անկոփ սալաքարերը՝ արծաթացող, սրճագույն, որոնք մաշվել են իրար հաջորդող դարերի մեջ՝ վերապրելով մարդկային ուրախության ու տառապանքի քայլերթը, հոգեւորականների փափուկ մուշկերն ու կայսերական զինվորների ճտքակոշիկները, նաեւ կառքերի անիվները, անձրեւն ու ձյունը:
Հին քաղաքով քայլել՝ չի նշանակում տեսնել միայն հին շենքեր, հին եկեղեցիներ, բակեր ու փողոցներ ստուգել, փորձել դրանց հնությունը, կարդալ ցուցանակներ, որոնք պատմում են անցյալը, ավելի շատ կենդանացնել այն, ձուլել ժամանակակից կյանքի ռիթմերին, շրջվել դեպի պատմությունը:
Այսպիսին է Լվով քաղաքը:
Հին ու նոր քաղաք, որի մեջ մտնելով՝ ամեն քայլափոխի շոշափում ես անցյալը, որ ոչ մի կերպ պատմության գիրկն անցնել չի ուզում, ասես հենց նոր են արարել սուրճի, շոկոլադի համով, տրամվայների համաչափ զրնգոցներով, սրճարանների անաղմուկ, հյուրընկալ դռներով: Չգիտեմ՝ ապագայում սերունդները ներելո՞ւ են մեզ այսօրվա Երեւանը ժառանգելով, երբ Հյուսիսային պողոտան նրա հանճարեղ ձեռքբերումն է համարվում, երբ հին քաղաք կոչվածը պարզապես մեր երեւակայության ճիգն է:
Լվովում լինելով՝ մտքերդ Երեւանի հետ են, որն այլեւս զուրկ է անցյալից, անցյալի հիշողությունը փաստելու շատ քիչ բան ունի, սակայն իսկապես իր ուրույն պատկերագրությամբ, հարմարավետ ու լավ իմաստով մնացել է արտաժամանակյա: Երեւանից տարիներ առաջ արտաքսված նույն մոդելի տրամվայները՝ ներկված, թարմացված, պտտվում են Լվովի կախարդական փողոցներում, նորերի կողքին՝ շարունակելով, լրացնելով միմյանց: Իսկ մենք դեռ տառապում ենք երթուղային անճաշակ ու զզվելի՝ Ռուսաստանից ներկրված փոխադրամիջոցներից, որոնք տղմոտ աղբաջրի նման խցանում են փողոցները, ոճազրկում քաղաքի ողջ շարժումը: Մտածում ես՝ վերջին հաշվով, ինչո՞ւ պահպանել հին սալարկը, հին շենքը, հին տախտակը, որոնք վաղուց կորցրել են իրենց ֆունկցիոնալ հատկությունները, պիտանի չեն, կիսավեր են, խարխլված: Ինչո՞ւ պահպանել անցյալը, որով մենք չենք հետաքրքրվում, որը հետաքրքրված չէ մեզնով:
Շատերի կարծիքով, հին քաղաքները միշտ էլ կառուցապատման մեջ են եղել, քանդվել են, կառուցվել նորովի: Բայց արի ու տես՝ նորովի Հռոմ, նորովի Վենետիկ, նորովի Լվով պատկերացնել մի տեսակ չի ստացվում: Հռոմը, Վենետիկը, Լվովը պահպանում են անցյալը՝ միշտ նորը թվալու համար: Եվ միայն անցյալի յուրաքանչյուր փշուրի հանդեպ հոգատար քաղաքներում ես զգում քաղաքակրթության ներկայությունը, որ մեզնից առաջ մարդկությունն ապրել է, արարել իր արժեքները, որոնք առայսօր փառավորում են, վեհացնում ժամանակակից մարդուն՝ փոխանցելով շարունակության ջահը:
Երեւանն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է եւ դեռ կարող է ցուցադրել իր լավագույն կողմերը, դեռ կարող է պահպանել ունեցածը: Այս ամենն անելու համար նրան ճշմարիտ ղեկավարներ ու քաղաքը պաշտող իսկական նվիրյալներ են պետք: