Հասարակություն

Ռադիոյի նոր պատմությունը

Ռադիոյի նոր պատմությունը

Բրեխտը կարծում էր, որ նացիստները մասսաների վրա նման ներազդեցություն գործեցին եւ իրենց գաղափարները տարածեցին միայն ռադիոյի շնորհիվ, որի լիարժեք մուտքը համընկավ Հիտլերի իշխանության երեւան գալուն, եւ դա միանգամից որսաց ֆյուրերի քարոզչության գլխավոր դերակատարը՝ Գեբելսը: Այսօր արդեն մեր ժամանակներում, երբ նույնիսկ դանդաղորեն իր դիրքերն է զիջում հեռուստացույցը, ռադիոն վերափոխությունների արդյունքում նոր շնչառություն է ապրում: Եթե անգամ հատուկենտ մարդիկ են մնացել, ովքեր լուրերը, հաղորդումները տնային պայմաններում են ունկնդրում, պարզապես միացնելով իրենց հին ռադիոընդունիչները, միեւնույն է, ռադիոն մեծ հաշվով չի հեռացել մեր կյանքից, քանի որ ավտոմեքենաների, շարժական այլ տեխնիկայի համար այն ավելի հարմարավետ է ու մատչելի: Տաքսիների վարորդներն ավելի շատ ռադիոալիք են նախընտրում, քան որեւէ CD կամ երաժշտության այլ կրիչ, որն անընդհատ փոփոխությունների կարիք ունի: Եվ, ահա, համացանցի հայտնությունը ռադիոյին բերում է մի նոր, անչափ հետաքրքիր եւ դեռ ուսումնասիրելի վայր՝ տրամադրելով բացարձակ նոր հնարավորություններ: Օնլայն ռադիոն այն լավագույն երեւույթներից է, որ տալիս է համացանցը: Որոշ ուսումնասիրություններ ու պեղումներ անելուց հետո ինձ համար ընտրեցի մի քանի ռադիոկայք, որտեղ օրվա յուրաքանչյուր ժամի կարող եմ վայելել իմ նախընտրած երաժշտությունը, ուստի որոշներով ուզում եմ կիսվել ձեզ հետ:



Tunein.com - Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղակայված այս հրաշալի ռադիոընկերությունն իր կայքով հնարավորություն է տալիս 24 ժամ ունկնդրելու Յոհան Սեբաստիան Բախի երաժշտությունը: Բախի արվեստի երկրպագուների համար, կարծում եմ, սա գերազանց ու բացառիկ նվեր է:



Live365.com - Ֆոսթեր սիթիում (Կալիֆորնիա) գտնվող այս մասնավոր ռադիոընկերության կայքը հեռարձակում է բարոկկո երաժշտություն՝ Հենդել, Բախ, Վիվալդի, Մոնտեվերդի, Փյորսըլ, Պերգոլեզի, Լոկատելլի, Ռամո, Ֆաշ եւ այս շրջանի այլ մեծագույն կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համբերությամբ, երբ կա ցանկություն, դրանք մեկառմեկ կարելի է լսել, ապա, հարկ եղած դեպքում, գործերի վերաբերյալ կարդալ մանրամասն տեղեկություններ:



ancientfm.com - Ես մեծ բավականություն եմ ստանում այս հմայիչ ռադիոկայքից, որ հեռարձակում է միայն ռենեսանսի շրջանի երաժշտություն:
ambientsleepingpill.com - այս ունիկալ ռադիոկայքն առաջարկում է միայն պսիխոդելիկ, հարմոնիկ տոնայնություններով, մեդիտատիվ երաժշտություն, որը կարելի է լսել քնելուց առաջ կամ լուսաբացին, երբ առկա են այդպիսի տրամադրություն ու մթնոլորտ:



radio.macinmind.com - Եթե ձեզ հետաքրքիր է մարդկության անցյալը, 20-40-ականները, եթե ուզում եք նորից վերստեղծել աշխարհը, որն այլեւս գոյություն չունի, ուրեմն լսեք եւ ուսումնասիրեք այս ռադիոկայքը, որ հեռարձակում է բացառապես 20-40-ականների երաժշտություն եւ նույնիսկ հաղորդաշարեր, որոնք հրաշքով պահպանվել են ու դարձել քաղաքակրթության մշակութային, անտրոպոլոգիական ժառանգությունը:



audiobookradio.net - Այս ռադիոկայքը նրանց համար է, ովքեր նախընտրում են գրքերը լսել: Վեպեր, պատմվածքներ, էսսեներ, պիեսներ, որոնք վերածվել են աուդիո գրքերի եւ ամեն ակնթարթ հասանելի են:



Թերեւս իմ նախընտրած համացանցային օնլայն ռադիոկայքերն այսքանն էին: Փնտրտուքներս դեռ շարունակվում են: Վստահ եմ, դուք նույնպես ձեզ համար անակնկալ բացահայտումներ կանեք: Ռադիոյի նոր պատմությունն արդեն իսկ մեկնարկել է: Ռադիոն վստահորեն մուտք է գործել եւ հաստատվել համացանցում՝ մեզ հրամցնելով եզակի նյութեր: Սրանից օգտվել է պետք:

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image