Հասարակություն

Պատվերի մասին

Պատվերի մասին

Հնարավոր է նույնիսկ կյանքն ինչ-որ առիթով մարդու կողմից որպես պատվեր ընկալվի: Հավի ու ձվի պատմությունն է: Արդյոք հա՞վն է ձվի լույս աշխարհ գալու առիթը, թե՞ հակառակը: Մի երկրի կառավարում, որ գնում է դեպի ամբողջատիրությունը, միակուսակցականությունը, անգրագիտության ու ապամարդկայնության լեգիտիմացումը, ներշնչում է, ապահովագրում, տալիս է հնարավորություն, որ հասարակական այս կամ այն դրսեւորումը, մեղավոր թե անմեղ, որպես պատվեր ընկալվի: Եվ պատվերն ու պատվիրատուի աղբյուրը նույնիսկ կարեւոր էլ չեն, քանի որ էականը գտնված անձն է, մարդը, ով հավանական զոհն է, այլեւս ամբաստանյալը, որ ամեն պարագայում ստիպված է մեկառմեկ լսել մեղադրանքների ճիշտ ու սխալ տարափը, հասկանալ, թե ինչու հենց ինքը հայտնվեց այդ բարդ եւ ոչ ուրախ մեղքի աթոռին: Երկրում տիրող մետաղյա միաբանությունը մարդկային յուրաքանչյուր արարքի հետեւից ուղարկում է իր ատենախոսներին, ովքեր գալիս են՝ մամուլի կեցությունից կորզելու պատվիրատուների անունները: Եվ յուրաքանչյուր ժեստ, արարք, գիծ, զգացողությունների վերարտադրություն մտցվում է պատվերի ողբերգական կաղապարի մեջ․ «Սրա կամ նրա պատվերն եք կատարել», «Ո՞վքեր են պատվիրատուները»: Ինչ պատասխան էլ հնչի, միեւնույն է՝ հնչած տողը եւս ընկալվելու է որպես «սրբազան» պատվեր, որն այդքան հաճելի մի բան է հասարակական տարբեր շերտերի քիմքը թմրեցնելու համար:



Ամեն ինչ պատվեր է ընկալվում, պատվեր չկատարելդ պատվեր է, նույնիսկ հագուստդ, բոլոր այն գործողություններդ, որոնք միտված են դեպի հնոտիք դարձած ձեւակերպումները՝ «լավագույն», «բարի կամք» եւ այլ նմանատիպ ուտոպիաներ: Եթե մամուլին մեղադրում են պատվեր կատարելու մեջ, պիտի ի ցույց դնեն հզոր, անհերքելի փաստարկներ եւ ենթարկեն օրենքի պահանջներին: Բայց շատ ժամանակ օրենքը, հենց ինքը հասարակության լայն զանգվածների կողմից որպես պատվեր է ընկալվում, ստեղծված մի բան, որ եկել է ոչնչացնելու, քայքայելու, այլ ոչ պաշտպանելու, օգտակար լինելու, ինչպես նաեւ պետությունը, բանակը, Ազգային ժողովը, նախագահը, ոստիկանությունը, արվեստագետը, հավաքարարը, պահակը, աղբամանի շունը, որի սովահառաչ կլանչը նույնպես պատվերի համոզմունք է փոխանցում: Հաննա Արենդթն «Ամբողջատիրության ակունքները. պատասխան» էսսեում այսպիսի պարբերություն ունի․ «Այլ կերպ ասած, ամբողջատիրության հաղթանակը հավասարազոր է ազատության շատ ավելի ծայրահեղ ոչնչացման՝ որպես քաղաքական եւ մարդկային իրականություն, քան երբեւէ ականատես էինք եղել։ Նման պայմաններում հազիվ թե սփոփվենք՝ կախվելով մարդու անփոփոխ բնույթից եւ եզրահանգելով, որ կամ մարդն ինքն է կործանվում, կամ ազատությունն իրոք մարդուն չպատկանող էական կարողություններից է։ Պատմականորեն մարդու բնույթի մասին գիտենք միայն այն, ինչ գոյություն ունի, եւ հավիտենական էությունների ոչ մի արքայություն չի կարող մեզ սփոփել, եթե մարդը կորցնում է իր էական կարողությունները» (անգլերենից թարգմանեց Շուշան Ավագյանը): Ահա, եթե Հայաստանում ձեւավորված ամբողջատիրական իշխանությանը հաջողվել է մարդու ձեռքից վերցնել իր էական կարողությունները, որի մեջ մտնում է նաեւ հավատն առ մարդ, հավատն առ ճշմարտություն բանաձեւերը, եթե այդ իշխանությանը հաջողվել է մարդկային միտքը տանել դեպի բացարձակ կասկածամտությունը, ուրեմն առջեւում սոսկալի քաոսն է, ավերակները թեկուզ խարխուլ արժեքների, եւ, ուրեմն, առջեւում իսպառ անապատացումն է:



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image