Ամենահին բնակավայրերից մեկը, դեռ անհիշելի ժամանակներից, գուցեեւ մեծ պայթյունից հետո սկզբնավորված՝ իր Զանգվի կիրճով, Արարատյան դաշտավայրով, Շրեշ-բլուրով, Շենգավիթով ու Էրեբունիով, մեր քաղաքը՝ Երեւանը, ինչքան որ երգվել է, գովաբանվել, ինչքան որ հիշատակվել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի եւ այլոց մատյաններում, երկու նշանավոր, նաեւ առեղծվածային Զաքարիաների՝ Քանաքեռցու եւ Ագուլեցու պատմական երկերում, միեւնույն է՝ չի գրվել: Այո, Երեւանը չի գրվել: Մի քանի փորձեր եղել են: Մի քանի սքանչելի էջեր Գուրգեն Մահարու եռագրությունից, նրա երեւանյան քանդակներից, Մկրտիչ Արմենի «Երեւան» վեպից, որ գուցե միակ վկայությունն է, իր խոսքերով՝ «Հին դարավոր Երեւանի», որն այդպես էլ ցավալիորեն չի վերահրատարակվում: Չարենցի՝ Երեւանի ուղղիչ տան պատկերագրությունը, Դեմիրճյանի մանրապատումներում քաղաքային կյանքի ակնթարթային երեւումները, Էդուարդ Ավագյանի Կոնդը, Արմեն Շեկոյանի Շիլաչի թաղը, ապա «Սկվազնյաչոկը», «Կազիրյոկն» ու «Պապլավոկը»: Եվ էլի կան, պարզապես այս պահին մտքիս հենց այս գործերն էին:
Այնուամենայնիվ, պարզ է. գրվելով՝ Երեւանը չի գրվել: Մի քաղաք, որ ամեն օր փոխվում է եւ ամեն օր մնում նույնը: Մի քաղաք, որ զուրկ է հիշողությունից, բայց ամեն քայլափոխի ունակ է կենդանացնելու այդ հիշողությունը: Մի քաղաք, որտեղից անվերջ ուզում ես հեռանալ եւ հեռանալուց հետո տառապում վերադարձի ցավով, ահա, գրականության ներքին հյուսվածքներից զարմանալի ճարպկությամբ սպրդել է: Ներկա է եղել այնքանով, որքանով ինքն է ուզել, ասել է այն, ինչն այդ պահին հարմար է գտել: Եվ սա բնավորություն է: Մեր քաղաքի այս բնավորությունը մի՞թե ավանդույթ չէ, որի բացակայության մասին այդքան շատ է խոսքուզրույցը: Թե քաղաքը քաղաք չի եղել, թե չի ունեցել քաղաքային կեցություն, քաղաքային մշակույթ: Անհիմն, պարապ, կասկածելի փաստարկները: Բացեք Երեւան քաղաքի պատմության էջերից որեւէ մեկը՝ հին ժամանակներից սկսած մինչ մեր օրերը, եւ կտեսնեք, թե որքան յուրահատկություններով, հետաքրքրաշարժ իրադարձություններով է լեցուն մեր քաղաքը՝ առանց ավելորդ միֆականությունների, առանց անհարկի՝ քաղաքի կյանքի հետ կապ չունեցող հորինվածքների… քանզի Երեւանը բնավ հորինվելու կարիք չունի, այն արդեն բնության եւ քաղաքակրթության պատմության վաղեմի հորինվածքներից մեկն է: Ի վերջո, սա մի քաղաք է, որի հետ մենք ամեն օր կիսում ենք մեր օրը, քայլում ենք նրա փողոցներով, նստում սրճարաններում, հանդիպում ենք հետաքրքիր ու ձանձրալի մարդկանց: Մեկ-մեկ փոշմանում ենք, որ հենց այս քաղաքն է մեզ բաժին ընկել, որ կարող էր ավելի հետաքրքիր լինել, ավելի մաքուր, գեղեցիկ: Մեկ-մեկ էլ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, որ այսպիսի քաղաքում ապրելու հնարավորություն է տվել:
Գրել Երեւանը, վերածել լեզվի, խոսել քաղաքի ձայնով, ճանաչել այդ ձայնը, լինել նրա մեջ:
«Քաղաքագրություն» սյունակն ընդամենը քաղաքը գրելու իմ նվազ փորձերից մեկն է: Ես պատրաստվում եմ ավելի մեծ փորձի՝ հույս փայփայելով, որ օրերից մի օր կյանքի կկոչեմ այն եւ գուցե հենց «Հրապարակի» էջերում: Ժամանակը ցույց կտա: Եվ քանի որ ինձ համար քաղաքի հետ կապված ամեն-ամեն բան հետաքրքիր է, գուցե դու նույնպես, ընթերցո՛ղ, քաղաքաբնա՛կ, ունես այնպիսի ուշագրավ երեւանյան պատմություն, նմուշ, որը կցանկանայիր կիսել մեզ հետ: Ես պատրաստ եմ տրամադրել իմ սյունակի տարածությունը, պատրաստ եմ ներկայացնել քո պատմությունը, միայն թե մեր քաղաքը պահպանվի, միայն թե մեր քաղաքը գրվի: