Հայ ճարտարապետության խոշորագույն պատմաբան Թորոս Թորամանյանի կարծիքով, Երկուերեսնին Երեւանի ամենանշանավոր եկեղեցին էր եւ գտնվում էր նոր ժամանակներում կառուցված (1869-1900թթ.) Ս. Լուսավորչի տեղում։ Այդ առումով էլ հավանական կարելի է համարել Երվանդ Շահազիզի այն դիտողությունը, թե «Գրիգոր Դարանաղցու ժամանակագրությունից» էլ երեւում է, որ «Երկու յերեսեն» եկեղեցին գտնվել է ոչ թե Ձորագեղի անապատում, այլ մի ուրիշ տեղ, որովհետեւ նա, Գրիգոր Դարանաղցին, երբ եկել է Երեւան, նախ իջեւանել է Ձորագեղի անապատում եւ հետո արդեն գնացել է «Յերկու յերեսեն», որի մոտ, ինչպես երեւում է, նույնպես իջեւանելու կամ բնակվելու տեղ է եղել երթեւեկ հոգեւորականների համար։
Մեր կարծիքով, Երկուերեսնիի հնության եւ ճարտարապետական կառուցվածքի տեսակետից ավելի հետաքրքիր է նույն ժամանակագրի մեկ այլ վկայությունը, որը նախորդ ուսումնասիրողների կողմից նկատի չի առնված։ Ահա այդ հիշատակությունը. «Եւ ապա յԵղիվարդոյ գեղջէն լուեալ գնացին (թուրքերը՝ Թ. Հ.), բայց զԵղիվարդի վանքն այրեցին, որ զարմանալի շէնք ունէր, որ Երեւանու Երկերեսին կու նմանէր»։ Ինչպես տեսնում ենք, Եղվարդի՝ ճարտարապետական առումով հայտնի եկեղեցու «զարմանալի շէնք»-ի գեղեցկությունն ընդգծելու համար ժամանակագիրն այն համեմատում է Երեւանի Երկուերեսնի եկեղեցու հետ եւ դրանք համարում իրար նման։
Մեր կողմից ուրիշ առիթներով մեջբերված մի այլ հիշատակարանից երեւում է, որ Երկուերեսնին որոշ հարկ է տվել քաղաքի եպիսկոպոսական մայր եկեղեցուն։
Երկուերեսնին հիշատակվում է նաեւ 16-17-րդ դարերի մի շարք հիշատակարաններում։ Մեզ համար դեռեւս անհայտ է մնում, թե երբ է բոլորովին ավերվել ու վերացել հին Երեւանի հայտնի այդ եկեղեցին։ Հիշատակություններից պարզվում է, որ 1679 թվականի երկրաշարժից ավերվել է նաեւ Երկուերեսնին, բայց շուտով այն վերականգնվել է եւ բավական երկար ժամանակ գործել։ Համենայնդեպս, 18-րդ դարի երկրորդ կեսից Երկուերեսնին այլեւս չի հիշատակվում որպես կանգուն ու գործող եկեղեցի։ Հավանաբար, այն իսպառ ավերվել ու ամայացել էր նույն դարի առաջին կեսում պատերազմների հետեւանքով։ Միայն պետք է նշել, որ, ինչպես կտեսնենք, Երկուերեսնին պատկանում է հին Երեւանի այն եկեղեցիների թվին, որտեղ կային եւ որտեղ ընդօրինակվել էին զանազան ձեռագրեր։ Երկուերեսնիի ձեռագրերի մեջ հատկապես հայտնի էր «Վիշակենց» կամ «Վիշապենց» կոչված բժշկական ավետարանը, որի վերանորոգման, գնման ու «զորությունների» մասին մեզ հասած հիշատակարանները վկայակոչված են մեր սույն աշխատության առաջին գրքում՝ մշակույթի մասին խոսելիս։
Երեւան քաղաքի պատմությունը