Եթե կյանքում ուրախանալու քիչ բան կա, ապա ինչո՞ւ չփորձել մարդկանց ուրախացնել հերթական կատակերգությամբ: Կհավաքվեն, կուրախանան, կծիծաղեն մարդիկ՝ ի՞նչ վատ բան կա դրա մեջ՝ «Հյուսիս-հարավ» ֆիլմի շուրջ իր մեկնաբանություններում ասում է «Շարմի» հերթական կինոյի գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:
Նրա խոսքով՝ սա կոմեդիա է և ֆիլմ է ժամանակ անցկացնելու համար: «Բացի դրական էներգիայից, որը մենք փորձել ենք փոխանցել հանդիսատեսին, այն իր մեջ ուրիշ ոչ մի մեծ գաղափարներ չի կրում, պարզապես՝ ընկերասիրություն, ջերմություն՚: Ավելի լավ և դիպուկ, թերևս ոչ ոք չէր կարող բնութագրել ֆիլմը՝ այն որևէ մեծ գաղափար չի պարունակում»,-ասում է նա:
Կարելի է ասել, որ գլխավոր պրոդյուսերի այս խոսքերով էլ կատակերգությունն ավարտվում և տակը մնում է այն ծափ-ծիծաղը, որ պետք է ստանային դահլիճից: Պարզ է մի բան՝ ստեղծագործական կոլեկտիվը որևէ գաղափար չի արծարծում իր կատակերգությամբ, այլ միայն նպատակ ունի ծիծաղեցնելու: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էր լինելու հանրահայտ կատակերգական ֆիլմերի ճակատագիրը, եթե էկրանի և բեմի մեծագույն վարպետների խաղացած հերոսները ոչ թե գաղափարներ արծարծեին, ոչ թե իրենց ժամանակը իմաստավորեին, այլ ուղղակի հանդիսատեսին զվարճացնեին:
Ինչ արած, «Հյուսիս-հարավ» կատակերգությունը հայրենի թիվ մեկ կինոդահլիճի էկրանին է: Չկա նաև զվարճացողի պակաս, հետևաբար, պետք է ընդունենք, որ հաջողված կատակերգություն է՝ մեր կյանքից կտրված, առանց որևէ խավի կամ երևույթի քննադատության, առանց որևէ գաղափարի:
Նման դեպքերում մի քիչ դժվար է խոսել դերասանական խաղի մասին: Բայց մյուս կողմից էլ՝ խաղ պետք է լինի, որ նկատես, մտորես, բան փնտրես դերասանի միմիկայի, շարժումների, խոսքի մեջ: Այն «ոչ շատ բարձր» գաղափարները, որոնք, ըստ գլխավոր պրոդյուսերի, ընկած են այս ֆիլմի հիմքում՝ ընկերասիրություն, բարություն, ոչ մի կապ չունեն ֆիլմի ստեղծագործական կոլեկտիվի պրպտումների հետ: Ուշադիր կինոդիտողը կնկատի, որ սա մեր հանրահայտ «Տղամարդիկ» և «Հարսնացու հյուսիսից» ֆիլմերը կապկելու փորձ է, որ ավարտվել է շատ զվարճալի այս ֆիլմով:
Ի դեպ՝ նկարահանումների համար ծախսել են 400 հազար ԱՄՆ դոլար, իրենց ասելով՝ այնքան, որքան պետք է եղել: Իսկ թե ինչ է ստացվել այդ ճոխ բյուջեի վատնումից ու ինչ շահույթ են ուզում ստանալ «Շարմում», դա էլ կախված է նրանից, թե հանդիսատեսը դեռ ինչքան կծիծաղի մի բանի վրա, որ իր կյանքի հետ կապ չունի:
Հ.Ա.