Մշակույթ

Միքայել Մանվելյան. Յերեւան

Միքայել Մանվելյան. Յերեւան

Հատվածներ համանուն անավարտ վեպից



Նորքի Աստվածածնա տոնին Աստաֆյան փողոցը տոնական տեսք է ընդունում: Էշ, ձի, մատաղացու ոչխար ու գառ, ոտները կապած աքաղաղներ՝ էշերից կախված, սայլերի ճռինչ, մարդկանց ու անասունների իրար խառնված ժխորի մեջ խլացրել էին փողոցի երկու կողմից կարկաչող առուների ձայնը:



Դեռ տոնից մի օր առաջ էր, որ ուխտավորների ծայրը բացվեց: Դեպի Նորքի Աստվածածին էին շտապում ուխտավորների շարքերը: Ամենքն աշխատում էին շուտ տեղ հասնել՝ լավ տեղ գրավելու համար:



Գույնզգույն հագնված հարս ու աղջիկ, ոտաբոբիկ գեղջկուհիներ, մեծ քանակությամբ փորներն ուռած հղի կանայք մալարիայից մեղրամոմի պես դեղնած դեմքերով…
Նորքի բարձրավանդակը հարսանքատուն էր դարձել:



Եկեղեցու բակը, շրջակա այգիները լցված էին ուխտավորներով: Մերթընդմերթ լսվում էին եկեղեցու զանգերի լալկան մրմունջները: Փողոցի դռնից մինչեւ եկեղեցու դուռն իրար սեղմված եւ ձեռքերն առաջ պարզած մուրացկանների աղեկտուր ձայները, չոնգուռի ճնկոցը, աշուղների խզված, խռպոտ ձայները, փողոցի այգիների պատերի տակ շարված մանրավաճառների սեղանները, ամեն կողմ աղմուկ, իրարանցում, գոռում-գոչում:



Մատաղացու ոչխարների բառաչը, էշերի զռռոցը, լացող երեխաները, զուռնա-դհոլ, դուդուկ ու հարբած մարդկանց խռպոտ ձայները,- այդ բոլորը, միանալով եկեղեցու զանգերի ձայնին, կազմում էին մի աններդաշնակ անորոշ թնդյուն, որ գնում տարածվում էր հեռու…
Երեկոյան դեմ քարքարոտ, ոլորապտույտ սարալանջով, ինչպես պարտված բանակի հոգնատանջ խղճուկ մնացորդներ, Նորքի բարձունքից քաղաք էր իջնում ուխտավորների քարավանը: Շատերի քիթ ու պռունգը ջարդված, ոմանց գլուխը կեղտոտ գունավոր թաշկինակով կապած, որի տակից երեւում էին ճակատից կպած արնաթաթախ չորացած մազերը: Կռիվներում վիրավոր հերոսներն են, որ դեռ օրորվում էին գինու ազդեցության տակ: Երգելով ու հայհոյելով, իրար թեւ մտած՝ իջնում են, երբեմն գլորվում գետին, վեր կենում ու փոշեթաթախ շարունակում վայրէջքը: Ոմանք էլ, գինովությունից դեռ չսթափված, մրափում են քարերի վրա ցատկռտող սայլակների մեջ, ուռած տկերի պես խփվում սայլերի կողերին:



Չբեր կանայք, հարսնացու աղջիկներ, ազապ նշանվելու տղաներ, հիվանդներ ամեն կողմից, հեռվից ու մոտից Նորքի Աստվածածնա ոտքն էին եկել իրենց մուրազն առնելու, բայց մուրազին հասնելու փոխարեն հարբած, կռիվներում արյունլվա, հոգնած ու դժգոհ տուն էին դառնում:



Ուխտավորները ոչինչ չշահեցին, Աստվածածինը՝ նույնպես, շահվողները, տերտերն ու տիրացուն, չարչին, ժամկոչը, նրանք էին, որ գոհ իրար էին շփում ձեռները եւ ծիծաղում ամբոխի վրա:



«Խորհրդային գրականություն» հանդես, 1939թ. (10-11)



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image