Քաղաքականություն

Թրամփություն

Թրամփություն

Իսկապես՝ առաջին հերթին զավեշտն է, հետո՝ զարմանքը, ու ամենավերջում՝ հայհոյանքները, ինչպես էր հնարավոր Դոնալդ Թրամփ երեւույթը, որն այսօր ամեն ժամ, ամեն վայրկյան ասեղնահարում է եւ հեռուստաեթերը, եւ համաշխարհային ԶԼՄ-ները: Ասում են՝ ամեն ինչ պարզից էլ պարզ է, ահա դեմոկրատների վերջնարդյունքը եւ այդ վերջնարդյունքի բովանդակության գլխավոր մեղավորները. դե, իհարկե, դրանք հանրապետականներն են, անվերջանալի օբամաներն ու շարունակական քլինթոնները: Իսկ Թրամփը, ասում են, գոնե այլընտրանք է, չէ՞ որ հարատեւող ճգնաժամն օրերից մի օր պիտի պայթի ու կործանվի, եւ միայն Թրամփով է հնարավոր հաղթահարել աղետը, դուրս գալ նոր ճանապարհների վրա, սահմանել քաղաքականության ու կեցության նոր մարտահրավերներ: 



Նաեւ ասում են, թե Դոնալդ Թրամփն ամերիկյան տիպիկ դեմոկրատիայից ծնունդ առած հերոս է՝ միլիոնատեր գործարար, շոումեն, կնատյաց, մի քիչ խենթ, մի քիչ խելառ, քաղաքականությունից գլուխ չհանող, տկարամիտ ու անգրագետ, այնուհանդերձ, քաղաքական ահռելի հավակնություններ ունեցող «ամերիկյան երազանքի» ոսկեհեր արուն, որ բացարձակ զուրկ է բարդույթներից՝ զայրանում է, հայհոյում, զրպարտում, խտրականության կոչեր անում, պարում է, երգում, խեղկատակում, եւ այսպես շարունակ:
Քաղաքականությունն ու անհատական որակները բաժանող սահմանագծի պատմությունն այլեւս անցյալում է: «Մի ընտրեք Թրամփին՝ նա նողկալի մարդ է», «Այս մարդկային աղետը կկործանի աշխարհը», «Ինչպե՞ս կարող էր այս կնատյացը, հոմոֆոբն ու իսլամաֆոբը դառնար ԱՄՆ նախագահի գլխավոր հավակնորդ՝ հավաքելով ահռելի քանակությամբ ձայներ»: Այսօրինակ հազարավոր պաստառներ ու հազարավոր գրառումների կհանդիպեք: Ինչ խոսք, դանդաղորեն ու վստահաբար՝ այդ «ինչպես»-ները գնալով խամրում են, կորցնում իրենց արդիականությունը: Ինչպես տեսնում ենք, «ինչպես»-ի հարցը թրամփյան համատեքստի բուն դիսկուրսից մեկընդմիշտ դուրս է մղվել: Թրամփի վրա առմիշտ կենտրոնացումը շատ ժամանակ մոռացության է մատնել մյուս կարեւոր ու գլխավոր թեկնածուին՝ Հիլարիին, որի լինելիությունը, նախագահ դառնալու հավակնությունը նորից Թրամփի հաշվին ավելի քան ընդունելի է: Ասում են՝ դե, գոնե Հիլարին գժություններ չունի, մեծ քաղաքականության մեջ բավականին թրծված գործիչ է, գիտակցությունը հիվանդագին, անվերահսկելի հակումներից զերծ է, կնատյաց չէ, հոմոֆոբ չէ, միգրանտների հանդեպ ծայրահեղ վատ վերաբերմունք չունի, այսինքն, ըստ մասնագետների, ըստ մեծամասնության եւ այս աշխարհի կարգի՝ մարդկային հոգեւոր ու ֆիզիկական ախտերով չտառապող անձ է եւ, ուրեմն, արժանավոր մեկը, որը բարձր ճակատով կարող է ներկայացնել աշխարհի ամենառազմական, գլխավոր երկիրը: Հիլարին այսուհետ միայն Թրամփով է չափվում եւ չափվելու է նաեւ ապագայում: Նրա քաղաքական ու մարդկային որակները միանգամից դրվում են Դոնալդի հատկանիշների կողքին, որ գոնե բարձր թվան: Մի խոսքով՝ թրամփություն է, բացարձակ իրական մի մղձավանջ:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image