Մշակույթ

Կարեն Ղարսլյան. Ատերազմա

Կարեն Ղարսլյան. Ատերազմա

Հոկտեմբերի 23-ին Միրզոյան գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Կարեն Ղարսլյանի նոր գրքի շնորհանդեսը: «Ատերազմա» անվանումով գիրքը հեղինակն անվանել է տպագրային ֆիլմ, այն հրատարակել է Ինքնագիր գրական ակումբը: «Եթե գրականությունն ու արվեստը տարբեր բնագավառներ են, ապա Կարեն Ղարսլյանի «Ատերազմա» գիրքը գրականությո՞ւն է, թե՞ արվեստ, վե՞պ է, թե՞ արվեստի գործ, ընթերցանության համա՞ր է, թե՞ դիտելու կամ ընթերցելու ոչ թե որպես գիր, այլ պատկերներ, որոնք ստեղծվել են գրերով` տառերով ու բառերով ու չեն դադարում գրություն լինել... Երկու խոսքով՝ «Ատերազման» ապրիլյան պատերազմի ներշնչմամբ պատերազմի վերապրումն է Սուրամի ամրոցի լեգենդի միջոցով: Իսկ լեգենդը հայտնի է Սերգեյ Փարաջանովի համանուն ֆիլմով» (աղբյուրը՝ http://inknagir.org/ ):



Ստորև ներկայացնում ենք «Ատերազմա» գրքի առաջաբան ամբողջությամբ:



«ვენში კარგად ცნობილია ციხე-სიმაგრის კედელში ცოცხლად ჩაკირული ჭაბუკის ლეგენდა. ამ ლეგენდამ შთააგონა დანიელ ჭონქაძე, ნიკო ლორთქიფანიძე, დანიელ ჭონქაძე... ჩვენც მათ კვალს გავყევით Մեզանում քաջ հայտնի է պատանուն ամրոցի պատի մեջ ողջ-ողջ որմնապատելու մասին սարսափելի ավանդությունը: Այն ոգեշնչել է Դանիել Չոնքաձեին, Նիկո Լորտքիփանիձեին, Դավիթ Սուլիաշվիլիին... Մենք հետևել ենք նրանց օրինակին)»,- պնդում են բեմադրիչ Սերգեյ Փարաջանովն ու սցենարիստ Վաժա Գիգաշվիլին «Սուրամի ամրոցի լեգենդը» (1985) ֆիլմի սկզբում, բայց անում հակառակը` ֆիլմի վերջում:



Ըստ Չոնքաձեի՝ թշնամու վերահաս հարձակումից պաշտպանվելու նպատակով նախաձեռնվում է Սուրամի ամրոցի վերանորոգումը, իսկ ըստ Սուլիաշվիլիի ու Լորտքիփանիձեի՝ նորի կառուցումը։ Չնայած թափված ջանքերին՝ ամրոցի պատերից մեկն անընդհատ փլուզվում էր։ Գուշակը (ըստ Չոնքաձեի) կամ աստվածը սևազգեստ ծերունու միջոցով (ըստ Սուլիաշվիլիի) հայտարարում են, որ լուծումը ամրոցի պատի մեջ մինուճար որդու որմնապատման մեջ է։ Իսկ Լորտքիփանիձեն հավելում է, որ պատը կանգուն կմնա, միայն եթե պատանին ինքնազոհաբերման գնա կամովին ու մերկ։



Ըստ Սուլիաշվիլիի և Լորտքիփանիձեի՝ հայտարարված չափորոշիչներին համապատասխանող մի պատանի ինքն իրեն ամրոցի պատի մեջ որմնապատելու պատրաստակամություն է հայտնում: Բայց հենց այդ սխրագին հոժարակամության շնորհիվ էլ նրան, ի վերջո, ազատում են ինքնազոհաբերության քայլից: «Եթե մի երկրում կա մի մարդ, ով ի զորու է ինքն իրեն որմնապատել ամրոցի պատի մեջ, այդ երկիրն ու այդ ժողովուրդն անհաղթ են»,- գրում է Լորտքիփանիձեն։



Մինչդեռ ավանդության գրավոր սկզբնաղբյուրում՝ Դանիել Չոնքաձեի «Սուրամի ամրոցը» երկում, իշխանությունները հարկադրաբար են որմնապատում պատանուն, ով պատի շինարարներից մեկն էր։ «Մահացու սփրթնած պատանին` ձեռքերը կապված, կանգնած էր պատի երկու շարքերի միջև»,- գրում է Չոնքաձեն: Հետևելով միակ որդու բռնի զոհաբերմանը, բայց պարետի ու նրա ենթակաների խիստ վերահսկողության պատճառով այն կանխել չկարողացանալով` մայրը խելագարվում է:



Փարաջանովն ու Գիգաշվիլին մեկտեղում են այս հեղինակների իրարամերժ վարկածները։ Նրանց ֆիլմում պատանին ինքն իրեն հոժարակամ ողջ-ողջ որմնապատում է, ժպիտը՝ դեմքին:



Ի վերջո որմնապատվե՞ց պատանին, թե՞ ոչ:



Ասում են, թե այն հատվածում, որում որմնապատված է տարաբախտ պատանին, ամրոցի պատը միշտ մնում է թաց. արցունքների պես ջրի կաթիլներ են ժամանակ առ ժամանակ հոսում-թափվում հողին: Ասում են նաև, թե մինչև հիմա լուսնյակ գիշերները Սուրամի ամրոցի մոտ կարելի է տեսնել արձակ մազերով սևազգեստ մի կնոջ, ով թափառում է պատերի տակ ու լացով կանչում պատանուն:



Եթե որմնապատվեց, ապա հոժարակա՞մ, թե՞ հարկադրաբար:



Ասում են, թե ամրոցի պատի մշտապես թաց հատվածում ժամանակ առ ժամանակ նվաղ ձայն է լսվում:



Ասում են նաև, թե տեղ ու դադար չունեցող ոգիների պես այդ ձայնային ուրվականը մինչ օրս թափառում է աշխարհի մարտնչող երկրներն իրարից բաժանող դիրքերի, փշալարերի, խրամատների, պատերի մեջ և հար կրկնում միայն մեկ բառ: Միայն թե բաժանարար պատնեշների ո՛չ մի, ո՛չ մյուս կողմում այդ միակ բառը պատի ներսից դեռ լսած չկան։ Բանն այն է, որ ձայնն այն կրկնում է բացառապես հնչյունների անդադար վերադասավորումներով։ Եվ այդ ամենատարբեր համակցումներից և ոչ մեկը երբևէ չի համընկնում մայր բառի հնչյունների ճանաչելի դասավորության հետ:



 

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image