Հասարակություն

Վերջաբանի նախաբանը

Վերջաբանի նախաբանը

Հիշողությունն ասում է, որ անցնող տարին եղել է։



Եղել են դեպքեր ու իրադարձություններ, ձախողումներ, անհաջողություններ, անձնական ու անանձնական հաղթանակներ, եղել են մարդիկ, որոնք այլեւս չկան եւ երբեք էլ չեն լինելու։ Հիշողությունը մեզ շատ բան է հուշում՝ հավատացնում է, համոզում, որ այն, ինչն անցնող տարվա մեջ ապրել ենք, մեզ է պատկանում, մերն է, ուստի դեն նետել, դրանից հրաժարվել չենք կարող։ Չէ՞ որ երբեմն հիշողությունը մեր գիտակցության մեջ ինքնակա է ծնվում՝ թույլտվություն չհարցնելով։ Հիշողությունը, որը, ինչպես Բերջերն է ասում, ժամանակակից կյանքում բոլոր հնարավոր նորաձեւությունների մեջ ամենահինն է, դուրս մղվածը։



Ահա, ըստ վերջին արդյունքների՝ Հայաստանում 2015 թվականին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 հազար մարդ, որը մշտական բնակչության ցուցանիշի հաշվով է, ներառյալ ծայրահեղ աղքատները` մոտ 310 հազար մարդ: «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցի համաձայն՝ 2015 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8 տոկոս: Հայաստանում 2015 թվականին աղքատության մակարդակն անփոփոխ է մնացել 2014-ի համեմատ։



Աղքատությունը, անհուսությունը, քաոսը, արկածախնդրությունը, տգիտությունը բռնել են մեր երկրի կոկորդը։ Մենք ապրում ենք աղքատ երկրում, ապրում ենք մեր հայրենիքում, ուր ծովից ու չքավորությունից մեռնող մարդիկ կան։ Եթե աղքատ ես եւ ինքնասպան ես լինում, ուրեմն խելագար ես, հոգեկան հիվանդ։ Եթե հարստահարվում ես, գործազուրկ ես ու հարբեցող, ուրեմն թափթփուկ ես, թույլ ու մեղավոր։ Թույլը մեզ մոտ միշտ մեղավոր է, որ թույլ է։ Հայաստանում արգելված է թույլ լինելը։ Թույլերին մեծազոր ազգասերները չեն հարգում, քանի որ թշնամիներով շրջապատված նման երկրում ոչ մի ակնթարթ թույլ լինելու իրավունք չունես։ Բայց ուժեղ լինել էլ չես կարող։ Նույնանման՝ ուժեղը մեղավոր է, որ ուժեղ է։ Որովհետեւ ուժեղի ավարտը, արդեն գիտենք՝ մահն է, իսկ մահն արդեն իսկ որոշակի մեղավորություն է։ Մահը, որ մեր երկրում դարձել է պաշտամունքի առարկա, վերածվել է ոսկե հորթի։ Ամեն օր, ամեն ժամ մահվան փառաբանում է, մահվան սրբացում՝ հանուն ոչ միայն հայրենիքի, հանուն․․․ ամեն ինչի․․․ Գնա մեռի, նահատակվի, գնա միակ-միայնակ կյանքդ դիր զոհասեղանին։ Չէ՞ որ չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն։



Սարսափ է՝ մահվան ընձեռած հնարավորություններն ենք չափում․ որն է հարմար, որը՝ ոչ։ Կարծես թե անմահությունն ավելի հարմար վիճակ է․․․ քանի որ մի փոքր, շատ չնչին առավելությամբ կարողանում է հանգստացնել, խաղաղեցնել, հնարավորության տեղ թողնել։ Բայց ի՞նչ հնարավորություն։ Առհասարակ՝ ի՞նչ անմահություն։ Հիմա մենք ինչի՞ համար ենք ապրում՝ անմահությա՞ն։ Դե ուրեմն մյուս պաշտոնական լուրերի նման հայտարարեք, թե իրականում ինչ է դա։ Գոնե մի անգամ խիզախեք՝ տվեք անմահության հստակ սահմանումը։ Անկեղծորեն՝ այս տողերը չափազանց դժվար եմ գրում, սակայն մինչեւ վերջ պիտի ասեմ այն, ինչ մտածում եմ։ Ուրեմն՝ իշխանությունների քարոզած որեւիցե անմահության որեւիցե տեսակի համար չարժե մեռնել։ Այն իշխանությունը, որը մյուսների մահվան գնով է ինքնապահպանվում, դատապարտված է կործանման։ Իսկ յուրաքանչյուր տոտալիտար իշխանություն մշտապես փորձ է անելու մնալ, հարատեւել, միայն թե ենթակաների, իր վերահսկողության տակ գտնվող մարդկանց կյանքերի հաշվին․․․ անմահության ձգտող իշխանությունը․․․



Ազգ-բանակ գաղափարի երազախաբությունը, որը դռնեդուռ ընկած՝ պաշտոնապես Հայաստանում ապրող 900 հազար աղքատ մարդուց հազար դրամ է մուրում ու յուղոտ, փնթի բերանով դավաճան համարում նրանց, ովքեր վիճարկելի են համարում նման որոշումը՝ մատնացույց անելով միլիոնավոր դոլարներ գողացած ու պարտակած օլիգարխներին։



Հայաստանում դավաճաններ փնտրել-գտնելը հաճելի, ազգանվեր մասնագիտություն է դարձել, ինչպեսեւ տարատեսակ սրբերի վեր հանելը։ Հանգիստ եղիր՝ այսօր ազգի դավաճան ես, վաղն ազգի սուրբը կլինես։ Դիմագծերով որքան նման են իրար սուրբն ու դավաճանը, ասես նույն ծնողների զավակները լինեն։ Դավաճաններն ու սրբերը ներկա Հայաստանում մտածելու բան չունեն․․․ չէ՞ որ ամեն րոպե ամեն բան կարող է գլխիվայր շուռ գալ։ Մեր պատմության մեջ կան բազում օրինակներ։



Եվ այնուամենայնիվ կարեւորը, էականը դիմանալն է։ Եվ ինչի՞ն։ Ինքս էլ չգիտեմ, կարծես շատերը չգիտեն․․․ Դե դիմանալը, այսինքն՝ նորից երթալ ի մա՞հ․․․ Այդպես է՝ համբերել, տանել, օգտագործվել, մինչեւ օրերից մի օր մահն իր լայնատարած թեւերը կբացի ու բոլորին անխտիր իր մայրական գիրկը կառնի։ Մահին վերհիշելով՝ ինքնին վերհիշվում է նաեւ անմահությունը, առանց որի կյանք չունենք, չէ՞, առանց որի անբարո ենք՝ առանց մահվան «ցավազրկող» ու գոնե առավել «հարմարավետ» այդ տեսակի։



Ահա, տարին ավարտվում է։ Լավ էլ դիմացավ անցնող տարին։ Զավեշտորեն՝ ես էլ իր հետ լավ էլ դիմացա։ Ու ի՞նչ էի անում։ Հիշում եմ՝ ինչ-որ բաներ անում էի, ինչ-որ բաներ զգում էի։ Եվ արդեն շատ բաներ չեմ հիշում՝ ինչ եմ արել, ինչ եմ զգացել։ «Այնուհանդերձ, մարդկային հիշողությունն իր թուլություններով, բացերով եւ մոռացության սպառնալիքով անհրաժեշտաբար պիտի նկարագրի աղետները եւ ցնցումները: Սակայն հիշողությունը, ինչպես նաեւ ճարտարապետական ահռելի շինությունը, արդեն ի սկզբանե իր մեջ կրում է մոռացության ողբերգական բնույթը»։



Հիշողությունն ու մոռացությունը դիմագծերով որքա՜ն նման են միմյանց։



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image