Քաղաքականություն

Հանդիսատես իշխանությունը

Հանդիսատես իշխանությունը

Իր «հույժ կարեւոր» հայտարարության տեքստը Գագիկ Ծառուկյանը դիպուկ մեկնարկեց․ «Սիրելի հայրենակիցներ, դուք գիտեք, որ ես երբեք չեմ ձգտել իշխանության»: Հայաստանում իշխանության միջով վերարտադրվող ո՞ր մի օլիգարխն է ձգտում իշխանության: Դրա կարիքն ամենեւին չկա: Եթե հարյուրավոր մարդիկ իշխանության ձգտեին կամ ցանկանային զբաղվել իշխանությամբ, ապա մենք լրիվ ուրիշ երկրում կապրեինք: 



Գագիկ Ծառուկյանի վերադարձը մի բան է ասում: Պատրաստվեք միջին վիճակագրական ՀՀԿ-ական ԱԺ ընտրությունների: Սա կարծես բոլորն են հասկանում՝ զարմանալով, թե որքան համառություն, որքան աներեսություն եւ որքան ներուժ ունի հավերժության ձգտող այս թատրոնը: Մինչդեռ քաղաքականությունը Հայաստանում թատրոնի այլեւս չի ձգում: Իշխանությունների համար հիմա միակ թատրոնը ժողովուրդն է: Այդ իրենք են սենյակներում նստած թատրոն նայում, ոչ թե մենք: Այսուհետ դերասանները մենք ենք ու խաղը կատարելապես մենք ենք առաջ տանում: Մեզ ծանոթ դերասանները, ուշագրավ դատարկամտություններով զբաղեցնողները, զվարճացնողներն էլ գալուստներն ու կճոյանները չեն, այլ ՀՀ շարքային քաղաքացին է՝ վաղուց աղքատության շեմն անցած, վարկերի ու տոկոսների տակ, ընտրությունների քարոզարշավի ու վերջնական արդյունքների վրա ձեռք թափ տվող: Առհասարակ՝ հուսահատ, արտագաղթող ու մահվան սպասող շարքային ՀՀ քաղաքացին:



Այդպես է՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը զարմացնում է, հետո զայրացնում, ապշեցնում, տարակուսում, շփոթեցնում... բայց սրանք մեր ցուցադրած թատրոնի դիտարժան հատվածներն են, հույզերի ու զգացմունքների շքերթը, որն իշխանությունների կողմից միանշանակ ծափահարություններով է ընդունվում: Իսկ պայքարող քաղաքացին (թեպետ, եթե քաղաքացի է, անպայման պայքարի ածանցներ յուրաքանչյուր քաղաքացու մեջ արդեն որոշակիորեն առկա է), որը թեւաթափ չի լինում, չի հուսահատվում ու տկարանում, այնուամենայնիվ հավատալով, որ օրերից մի օր իր ձայնը տեղ է հասնելու, շրջելու է պետության, իր կյանքի ու կեցության կենսագրությունը, վերականգնելու է կորսված արդարությունը, սոցիալական հավասարությունը… ահա, այդ քաղաքացին եւս գոնե այս պահին իշխանությունների կողմից դիտարկվում է որպես հողմաղացների դեմ պայքարող խելքը գցած ասպետ՝ կրքոտ ու արժանատես… ինչը նախընտրելի է:
Գագիկ Ծառուկյանն ասում է, որ ինքը երբեք չի ձգտել իշխանության: Ճշմարիտ է, որովհետեւ իշխանության ձգտում է միայն իշխանությունը, իսկ ինք իշխանության ներսում պարզապես մի աղյուս է, բիզնեսմեն, սպորտսմեն, որն իր աշխատասենյակի ոսկեձույլ, ոսկեջրած, ոսկեցող արձանների մեջ նստած՝ իսկական թատրոն է նայում, մեծ թատրոն:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image