Հայ-ադրբեջանական լարվածության շուրջ «Հրապարակը» զրուցել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ։
- Պարո՛ն Կոլերով, Ձեր գնահատմամբ՝ ինչի՞ է փորձում հասնել Ադրբեջանը՝ ներխուժելով Հայաստանի տարածք: Ադրբեջանական կողմը նշում է, որ «աշխատանքներ է տանում իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ»: Ալիևը Սալիվանին հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ «Հայաստանի ոչ ադեկվատ արձագանքը սահմանային լարվածությանը և այս հարցը միջազգայնացնելու փորձերը կարող են հանգեցնել լարվածության աճին տարածաշրջանում», ինչպես նաև ընդգծել է «բոլոր տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելն ու բանակցային գործընթացի շրջանակներում»:
- Ինչի՞ է փորձում հասնել Ադրբեջանը։ Ադրբեջանը ցանկանում է ամբողջությամբ լիակատար դարձնել, ստանալ հավելյալ արդյունքներ Ղարաբաղում իր հաղթանակից։ Նրա մոտ պատկերացումներ, զգացումներ կան, որ Հայաստանն այնքան թույլ է, որ ավելի կնահանջի, ինչպես նահանջեց Ղարաբաղում։ Որովհետև կարծում եմ, որ որևէ սթափ դիտորդ կասկած չունի, որ Հայաստանի չօգտագործեց իր ունեցած ամբողջ ռազմական և այլ ռեսուրսները Ղարաբաղի պաշտպանության համար։ Դա տպավորություն ստեղծեց, որ Հայաստանն ավելի կնահանջի։ Ուստի հարձակողական փոքր գործողությունների մեթոդով Ադրբեջանը հետագայում էլ կփորձարկի իրավիճակը, կփնտրի թույլ օղակ։ Ադրբեջանին պետք է տալ արժանին․ զարմացրեց իր կարողությամբ թե՛ մարտի դաշտում, թե՛ Հայաստանի պաշտպանության մեջ թույլ տեղ գտնելու իր կարողությամբ։ Հայաստանը նույնպես զարմացրեց, ինձ նույնպես շատ զարմացրետ նրանով, որ ոչ միայն չի պահպանում իր պետական սահմանը, որ կարելի է առանց պատժվելու անցնել տարածքի խորքը 3,5 կիլոմետր, այլ նաև, որ ներխուժումը ո՛չ զինվորականները, ո՛չ սահմանապահները, ո՛չ ԱԱԾ-ն, ոչ ոք չնկատեցին։ Նկատեցին միայն տեղի պատգամավորները, տեղի իշխանությունները, այսինքն՝ սահման չկա։ Եվ քանի դեռ այդպես է, քանի դեռ այդ իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմաններին այդպես է, այդպիսի սադրանքները կշարունակվեն։
- Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ դելիմիտացիայի, դեմարկացիայի մասին փաստաթուղթ է ստորագրելու։ Սա ի՞նչ կտա Հայաստանին։ Եվ Ռուսաստանն ասում էր, որ կարող է նպաստել սրան։
- Եթե նույնիսկ դեմարկացիա իրականացվի, իսկ դեմարկացիան շատ երկարատև ու բարդ աշխատանք է, նայելով, թե ինչպես է իրեն պահում Հայաստանը, չկա դեռ որևէ հիմք ակնկալելու, որ դեմարկացիան ինքն իրենով կպաշտպանի այդ սահմանը։ Սահմանը պաշտպանում են մարդիկ՝ սահմանապահները, զորքերը։ Լավ, չեն բավականացնում սահմանապահները, սահմանին զորքեր տեղակայեք։ Եթե օրենքը դա թույլ չի տալիս, մեկ օրում օրենք փոխեք, գրողը տանի։ Ո՞վ է ձեզ խանգարում։ Ձեզ մոտ խորհրդարանում բացարձակ մեծամանություն կա, կարող եք անել այն, ինչ ուզում եք։ Ո՞վ է խանգարում փոխել օրենքը, եթե դա պետք է։ Քանի դեռ Հայաստանը ֆիզիկապես, ռազմական ուժով չպաշտպանի Ադրբեջանի հետ իր սահմանն ամբողջ երկայնքով, այդ սադրանքները կշարունակվեն։ Դրանում որևէ կասկած չկա։
- Ադրբեջանն օգտագործե՞ց իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացումը Հայաստան ներխուժելու համար՝ հաշվի առնելով, որ աշխարհը կենտրոնացած է այս հակամարտության վրա:
- Ոչ, չի օգտագործել։ Եվ եթե նույնիսկ Իսրայելում կոնֆլիկտը չլինի, աշխարհը երբևէ կենտրոնացած չի լինի Ադրբեջանի հետ Հայաստանի կոնֆլիկտի վրա։ Պետք է անկեղծ ասել։ Պետք է առաջինը պահպանել սեփական սահմանը։ Ահա այսքանը։ Աշխարհն այստեղ չի օգնի, քանի դեռ դու չես պահպանում քո սահմանը՝ ֆիզիկապես, զինված ուժերով։
- Պարո՛ն Կոլերով, ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում Մեղրիով կամ Սյունիքով միջանցք կամ երթուղի բացելուն: Ռուսաստանին ձեռնտո՞ւ է բացումը՝ հաշվի առնելով, որ նա Նոյեմբերյան եռակողմ հայտարարության միջնորդն է: Ի՞նչ ռիսկեր ու հնարավորություններ է տեսնում Ռուսաստանը երթուղու բացման մեջ:
- Ռուսաստանը չի քննարկում այդ միջանցքը, քանի որ միջնորդության մանդատի, առարկայի մեջ այդ միջանցքի թեման չի մտնում։ Այնտեղ այլ կերպ է հնչում՝ «տրանսպորտային հաղորդակցությունների բացում», դա այլ է։ Ինքնին «միջանցք» բառը ենթադրում է որոշ այլ հանգամանքներ՝ միջանցքի գրեթե արտատարածքայնությունը, հասկանում եք։ Հաղորդակցությունների բացման հարցը, հնարավոր է, կրկնում եմ չորրորդ անգամ, միայն այն ժամանակ, երբ կպաշտպանվեն ինքնիշխան տարածքերը։ Հնարավոր չէ տրանզիտ, հնարավոր չէ «միջանցք», հնարավոր չէ որևէ հաղորդակցություն պետությունների միջև, որոնցից մեկը չի պաշտպանում իր սահմանը։ Եթե լինի, պատկերացնենք մի իրավիճակ։ Եթե բաց լինի ինչ-որ մուտքային տրանզիտային հաղորդակցություն, կարելի է 100 տոկոս համոզված լինել, որ այդ տրանզիտային հաղորդակցության երկայնքով հակառակորդը կտեղակայի իր զինված ուժերն ու տակտիկապես կսկսի խլել այդ տարածքը։ Ահա, թե ինչ կնշանակի դա։
- Ձեր կարծիքով՝ Իրանը, Չինաստանը և Արեւմուտքն ինչպե՞ս են վերաբերվում Մեղրիով կամ Սյունիքով երթուղու բացմանը:
- Չինաստանը որևէ կերպ չի վերաբերվում։ Իրանն արդեն հայտարարել է, որ վերաբերվում այն ձևով, թե ինչպես է իրավիճակը զարգանում․ բացասական է վերաբերվում։ Եվ իմ համոզմամբ՝ Իրանն ինքը հենց Հայաստանի Մեղրիի տարածքն օգտագործում է իր շահերի և անհրաժեշտությունների համար։ Իրեն այնտեղ մրցակցող, տրամագծորեն հակադիր հաղորդակցական երթուղի՝ Ադրբեջանի և Նախիջևանի և Թուրքիայի միջև, պետք չէ։ Իսկ Արևմուտքը թքած ունի դրա վրա, ազնիվ խոսք, խորապես թքած ունի, ինչպեսև այլ խնդիրների վրա։
- ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Հնդկաստանն Ադրբեջանին կոչ արեցին հետ քաշել իր զորքերը Հայաստանի տարածքից: Ձեր կարծիքով՝ որո՞նք են այս հայտարարությունների պատճառները:
- Պատճառները պարզ են։ Քանի որ Ադրբեջանը մտել է հաևան պետության միջազգայնորեն ճանաչված տարածք։ Եթե հանկարծ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան չբարձրացնեին իրենց բողոքը դրա հետ կապված, ապա դա կնշանակեր, որ իրենք պատրաստ են չճանաչել Հայաստանի տարածքը։ Ահա այսքանը։
- Իսկ ինչո՞ւ Ռուսաստանն այդպիսի հայտարարություն չարեց։
- Ռուսաստանն արել է բազմաթիվ այլ հայտարարություններ այդ թեմայով հենց այդ բովանդակությամբ։ Ավելի վաղ Ֆրանսիայից, ավելի վաղ Միացյալ Նահանգներից։
- Դե բառացի չի ասել։
- Իսկ Դուք ուզո՞ւմ եք, որ դրանք կրկնօրինակի պես համապատասխանեին։ Ռուսաստանը չի աջակցում այս սադրանքին, դա միանշանակ է։