Այն, որ Հայաստանը Եվրոպայի անմիջական հարևանը չէ, գիտակցելու համար ընդամենը պետք է բացել աշխարհի քաղաքական քարտեզն ու ուսումնասիրել այն: Իսկ Եվրամիությանն անդամակցության հարցն էլ պահանջում է մի քիչ էլ տեղյակ լինել ԵՄ առումով ժամանակակից իրադարձություններից: Օրինակ՝ մեր երկրի արևմտյան հարևանները Թուրքիան ու Վրաստանն են: Թուրքիան, որի տարածքի արևմտյան կտորը Եվրոպայում է, մի քանի տասնամյակ սպասում է Եվրամիության անդամակցությանը:
Վիճակն ավելի լավ էր Վրաստանի դեպքում, բայց ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ ԵՄ-ն Ուկրաինայի միջոցով Վրաստանի իշխանությունից պահանջում էր բացել երկրորդ ճակատ: Ինչը տեղի չունեցավ, քանի որ մեր հարևաններն իրենց խելքն առավոտյան նախաճաշի հետ չէին կերել: Ու դա դարձավ պատճառ, որպեսզի Վրաստանի նկատմամբ վերաբերմունքն աստիճանաբար փոխվեր: Դրան էլ գումարվեց ինքնիշխանության ամրապնդման առումով օտարերկրյա գործակալների օրենքի ընդունումը: Ու եվրոպամետ, թեև ինքնիշխան վրացական իշխանությունն ընկալվեր որպես ոչ բարեկամական: Ու ԵՄ-ին անդամակցության հարցն էլ գրվեր սառույցին:
Ու եթե կրկին նայենք քարտեզին, ինչպես խորհուրդ է տալիս ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ապա պարզ կտեսնենք, որ մենք խնդիր ունենք Եվրոպայի հետ համագործակցության առումով: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանն էր անընդհատ խոսում Մաքսային միության երկրների հետ ընդհանուր սահմաններ չունենալու մասին: Նույնն էլ առկա է Եվրամիության երկրների առումով, ու այդ համագործակցությունն էլ այնպես չէ, որ վերածվելու է բոլոր խնդիրների դարմանի: Եթե որևէ մեկը կասկածում է ասվածին՝ թող բարի լինի հետաքրքրվել դեպի Ռուսաստան բեռնափոխադրումների հարցով: Դա իրականացնող ընկերությունների բեռնատար մեքենաները (ֆուռերը) օրերով ու նույնիսկ շաբաթներով կանգնում են վրացական սահմաններին: Ինչը բացարձակ ոչ բարեկամական ակտ է Վրաստանի իշխանությունների կողմից:
Բայց վերջիններս ունեն այդ հնարավորությունը և ժամանակ առ ժամանակ լիուլի օգտագործում են այն՝ սեփական արտադրողներին ու բեռնափոխադրողներին աջակցելու շրջանակում:
Ինչ մնում է տիկնոջ՝ «…մենք փորձում ենք Հայաստանի հետ որքան հնարավոր է սերտորեն աշխատել: Մենք պատրաստ ենք ուսումնասիրել նոր հնարավորություններ՝ տեսնելու, թե էլ ինչ կարող ենք անել» խոսքին, ապա նրանք, իսկապես, սերտորեն են աշխատում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ հակառուսականության հարցում: Սակայն պետական մասշտաբով քնձռոտ 10 միլիոն դոլարն, օրինակ, չեն կարողանում հատկացնել, քանի որ դրան անընդհատ դեմ է գնում Հունգարիան: Այն պետության իշխանությունը, ով քնած հայ սպային կացնահարած մարդասպան ադրբեջանցուն հանձնեց Իլհամին, ու վեջինս էլ նրան հերոսացրեց: Բայց երբ նույն Հունգարիան նույն մեթոդին է դիմում Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում, ԵՄ-ն մշակում է տարբերակներ այդ վետոն շրջանցելու ուղղությամբ: Իսկ մեր դեպքում, ինչպես ասվեց, ընդամենը փորձում է:
Ի դեպ, «քնձռոտ» ասելով ես նկատի ունեի հենց վարչապետի աթոռից կառչած անձի նման արտահայտությունը՝ երբ ԵՄ-ն մի քանի տարի առաջ որոշել էր 30 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին:
Եվ վերջապես Եվրոպային մերձենալու դեպքում Ռուսաստանից կախվածության պարագայում առաջանալիք ռիսկերի առումով տիկին Կալասը խիստ «պրակտիկ» խորհուրդ է տալիս հայաստանցիներին: «… այստեղ պետք է հստակ լինի, թե ինչ է ուզում անել … հայ ժողովուրդը: Կախվածությո՞ւն ունենալ այնպիսի երկրներից, որոնք գուցե այնքան էլ բարեկամական չեն: Նաև այդ պատճառով է պետք տնտեսության դիվերսիֆիկացումը»:
Իհարկե, հայ ժողովուրդը չէր ցանկանա կախվածություն ունենալ այնպիսի երկրներից, որոնք բարեկամական չեն: Բայց տիկնոջ նախորդ գործընկերների շնորհիվ սկսվել է կյանքի կոչվել հենց այդ երևույթը: Այսինքն, ոչ այնքան բարեկամական երկրից Հայաստանն աստիճանաբար ներառվում է ոչ միայն ոչ բարեկամական, այլ թշնամի երկրների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցության գոտում: Եվ տնտեսական դիվերսիֆիկացման փորձի դեպքում էլ Հայաստանը կընկնի այն վիճակի մեջ, որում ժամանակին հայտնվել էր Վրաստանը Միխեիլ Սաակաշվիլու նախագահության օրոք: Ու Եմ-ն ոչինչ չկարողացավ կամ չցանկացավ անել դա գոնե մեղմելու առումով: յսինքն, երբ մյուս կողմը (Ռուսաստանը) վնասներ էր հասցնում Վրաստանին, բարեկամական (Եվրամիության) երկրների հետ կապ հաստատելու փորձերը, մեծ հաշվով, որևէ արդյունք չտվեցին: Վրաստանի նոր իշխանությունն էլ աստիճանաբար, չնայած ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունենալուն, վերադարձավ իր հյուսիսային հերևանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականությանը:
Իհարկե, այդ ամենը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը չէր կարող խոստովանել հայ ժողովրդին: Նա ընդամենը հերթական եվրաչինովնիկն է, ով փորձում է Հայաստանը հեռացնել Ռուսաստանից: Կամ, ավելի ճիշտ, Ռուսաստանը հեռացնել Հայաստանից: Իսկ թե ինչ տեղի կունենա դրա արդյունքում հայ ժողովրդի հետ՝ նրան ամենաքիչն է հետաքրքրում: Կամ, ավելի ճիշտ, չի հետաքրքրում ընդհանրապես: Ինչը խիստ բնական է էստոնուհու առումով, ում պետությունն իր հարևանների նման արմատական հակառուսական դիրքորոշում է որդեգրել: Ինչի դրսևորումը սեփական ժողովրդին ու ԵՄ երկրներին վախեցնելն է Ռուսաստանի հետ սպասվելիք պատերազմի հեռանկարով: Եվ դա այն դեպքում, երբ նման մտադրություն բացարձակ առկա չէ ռուսական ղեկավարության շրջանում: Ու չէր էլ կարող առկա լինել, քանի որ դա բացարձակ չի բխում այդ երկրի շահերից: