Հասարակություն

«Ճիշտ են անում, որ մեղադրում են»․ քաղաքապետը՝ Մյասնիկյան պողոտայի շինարարության մասին 

«Ճիշտ են անում, որ մեղադրում են»․ քաղաքապետը՝ Մյասնիկյան պողոտայի շինարարության մասին 

Մյասնիկյան պողոտան արդեն երկու տարի կլինի՝ քարուքանդ վիճակում է։ Երևանի քաղաքապետարանը որոշել է էլեկտրասյուները փոխել և մալուխները վերևից իջեցնել գետնի տակ։ Եւ երկու տարի է՝ գործը գլուխ չի բերոմ, հազար ու մի պատճառաբանություններ է բերում՝ մեղքը բարդելով տարբեր կառույցների ու ձգձգվող վարչարարության վրա, ու այդպես էլ չի կարողանում օր առաջ ավարտել շինարարությունը, որպեսզի վարորդները կարողանան ազատ երթևեկել այդ տարածքով։

Իսկ մի փոքր անզգույշ վարելու դեպքում հավանականությունը մեծ է, որ կհայտնվեց քաղաքապետարանի փորած փոսում, քանզի անվտանգության պատշաճ միջոցառումներ անգամ չեն ձեռնարկել այդ տարածքում։ Այս պահին պողոտայի ամբողջ երկայնքով փոս է փորած, որի վրա ուղղակի անփույթ կերպով թավալ են գալիս կարմիր խողովակներ, որոնք պետք է անցնեն գետնի տակ, դրանց միջով էլ պիտի անցկացվեն մալուխները։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Hraparak.am-ի հետ զրույցում որևէ հուսադրող բան չասաց, թե երբ կավարտվի շինարարությունը։

«Ես հուսով եմ, որ հիմա աշխատանքներն արդեն սկսել են, 28 փողոցների լուսավորությունն է, արդեն երկու տարի է՝ մեզ մեղադրում են, ու քաղաքացիները ճիշտ են անում, որ մեղադրում են, բայց դա անգործության հետևանք չէ, և ինձ հաճելի չէ, որ պարզապես ինձ մեղադրում են էդ հարցերում, բայց ունենք տեխնիկական խնդիրներ, որոնք մասամբ լուծել ենք, հիմա աշխատանքներն իրականացնում են»,-ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ ծրագրի ավարտը մինչև հաջորդ տարվա նոյեմբեր է նշված, բայց խոսքը միայն Մյասնիկյան պողոտայի մասին չէ, այլ բոլոր 28 փողոցների։

«Իսկ միայն Մյասնիկյանը, կարծում եմ, շուտ կլինի, ժամկետ չեմ կարող էս պահին նշել»,-ասաց Հրաչյա Սարգսյանը՝ չկարողանալով հստակ ժամկետի մասով խոստում տալ։
Իսկ դա նշանակում է, որ դեռ երկար այս վիճակը կձգվի Մյասնիկյան պողոտայում՝ շարունակելով անհարմարություններ առաջացնել վարորդների համար ու վտանգ հանդիսանալ նրանց երթևեկության համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image