Հարցազրույց

«Հրապարակ»․ Մոսկվան դեռ ուժեղ է, եւ չի կարելի Մոսկվային հրել Բաքվի եւ Անկարայի գիրկը

«Հրապարակ»․ Մոսկվան դեռ ուժեղ է, եւ չի կարելի Մոսկվային հրել Բաքվի եւ Անկարայի գիրկը

Հայաստանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի արդյունքում որեւէ բանաձեւ չընդունվեց, եւ Ադրբեջանում սա հաղթանակ են համարում։ Հայկական կողմը, սակայն, բանաձեւ չէր էլ պահանջել, եւ այն, որ ռեզոլյուցիա չկա, ըստ ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի, Հայաստանի ձեռքբերումն է։ Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերով հայտնի փորձագետը մեզ ներկայացրեց իր պատկերացումները, որոնք չափազանց լավատեսական թվացին։ 

- Ստանիսլավ Նիկոլաեւիչ, ցանկալի է լսել Ձեր ընդհանուր գնահատականը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ, ի՞նչ տվեց այն Ղարաբաղին, ո՞րն էր մեր ձեռքբերումը, եթե ռեզոլյուցիա չի ընդունվել։ 

- Հայկական կողմը, ըստ իս, շատ հաջող կոմբինացիա իրականացրեց։ Ինտերնացիոնալ մեծ հնչեղություն հաղորդեց Ղարաբաղի եւ Լաչինի միջանցքի խնդրին։ Ոչ մի ռեզոլյուցիա այս փուլում հայկական կողմը չէր պահանջել, թեեւ Ադրբեջանը սա իր հաջողությունն է համարում։ Իրականում ակնհայտ դարձավ միջազգային հանրության իրական վերաբերմունքը ղարաբաղյան խնդրին, եւ ակներեւ դարձավ, որ Ադրբեջանը ոչ մի համակրանք եւ աջակցություն այդ հարթակներում չունի։ Այս իմաստով, այս փուլում, ըստ իս, սա Հայաստանի միջանկյալ հաղթանակն էր, բայց տվյալ ձեւաչափում այն կոնվերտացնելը շատ բարդ է լինելու։ Պետք է վերադառնալ այլ ձեւաչափի։ 

- Ո՞ր ձեւաչափին։ 

- Մտահոգում է այն հանգամանքը, որ Հայաստանը կորցնում է կոնտակտները Մոսկվայի հետ, հույս է դնում Արեւմուտքի վրա՝ «Արեւմուտքը մեզ կօգնի»։ Չի օգնի Արեւմուտքը։ Մոսկվան դեռ ուժեղ է, եւ չի կարելի Մոսկվային հրել Բաքվի եւ Անկարայի գիրկը։ 

- ՌԴ ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկին ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ առաջարկեց Լաչինի միջանցքին զուգահեռ միջանցք բացել՝ Ադրբեջանի վերահսկողության  տակ գտնվող Աղդամով։ Այս առաջարկությունը Հայաստանում եւ Արցախում խիստ քննադատում են, համաձայն չե՞ք, որ այն առնվազն տարօրինակ է, անհասկանալի։ Պարզ է, որ այդ միջանցքով ոչ ոք հայերից չի տեղաշարժվելու, առավել եւս, եթե բաց լինի Լաչինը։ Ո՞րն է այդ առաջարկի իմաստը, եթե այն ի սկզբանե չաշխատող է։ 

- Շատ անհասկանալի պահեր կան։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրերում անհասկանալի, անորոշ ձեւակերպումներ կան։ Ո՞վ պետք է վերահսկի Լաչինի միջանցքը։ Հայկական կողմը պնդում է, որ ռուս խաղաղապահները, բայց երբ ռուսական կողմն առաջարկում է, որ անհրաժեշտ է առանձին եռակողմ համաժողով հրավիրել՝ խաղաղապահների կարգավիճակը եւ դրանց ժամանակավոր իրավասությունների սահմանները հստակեցնելու համար, Բաքուն եւ Երեւանը, չգիտես ինչու, հրաժարվում են, հետո էլ նրանց մեղադրում եք, որ ոչինչ չեն անում։ Սա բլեֆ օպերացիա է։ Ե՛վ Երեւանը, ե՛ւ Բաքուն երկուսն էլ բլեֆ են անում, տարբեր ձեւերով ու նպատակներով, բայց Հայաստանը հաջողության է հասնում, պրեմիա է ստանում, իսկ Ադրբեջանը՝ ոչինչ։ 

- Այսինքն՝ դուք պնդում եք, որ ՄԱԿ-ի նիստը Հայաստանի հաջողությունն էր այս փուլում, բայց Հայաստանում շատերը համարում են, որ մեզ այս ամենը ոչինչ չտվեց, անգամ մի բանաձեւ չունեցանք։ 

- Միայն ապուշները կարող են մտածել, որ այս ֆորմատի քննարկման ժամանակ կարող էր ընդունվել ռեզոլյուցիա։ Ռեզոլյուցիա կարող է ընդունվել, եթե տվյալ քննարկումը նախաձեռնում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրներից մեկը։ Իսկ տվյալ նիստը հրավիրվել էր միայն Հայաստանի պահանջով։ 

- Նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը ցույց էր տալիս ծնունդ նշող, քեֆ անող արցախցիների նկարները՝ փաստելու համար, որ ոչ մի ճգնաժամ էլ Ղարաբաղում չկա։ Ձեր կարծիքով, այդ նյութերը տպավորե՞լ են մասնակից երկրներին։ 

- Ոչ, սա բացարձակ բլեֆ է, դա քարոզչական շոկ է, որը հաշվարկված է նախեւառաջ ադրբեջանական հանրության համար։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր կոմպետենտ անդամները, մշտական եւ ոչ մշտական, ունեն եւ ստացան բավականաչափ տեղեկատվություն Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ, այդ պատճառով էլ բոլորը պահանջեցին բացել Լաչինի միջանցքը, կոնֆլիկտը լուծելու մեխանիզմներ փնտրել։ Կոչերն առայժմ ուղղված էին հակամարտող կողմերին, բայց օրակարգում է արդեն միջազգային մեխանիզմների ստեղծման հարցը։ Առաջին քայլը, առաջին թայմը հայերը հաղթեցին, երկրորդ քայլը միջազգային մեխանիզմներ ստեղծելու պահանջն է լինելու հայերի կողմից։ Ադրբեջանն այս «գոլը» բաց թողեց։ 

- Այսինքն՝ հասանք նրան, որ աշխարհը հասկացա՞վ, որ Ղարաբաղում իրոք ծանր, աղետալի վիճակ է, եւ պետք միջոցներ ձեռնարկել:

- Այո։ Եվ ղարաբաղյան անկլավի հարցը լուծելը` մեխանիկորեն, ճնշումների, պատերազմի միջոցով, Ալիեւի մոտ չի ստացվելու։ 

- Տեսեք, տարբեր երկրների ներկայացուցիչները կոչեր են անում, իսկ սայլը տեղից չի շարժվում՝ 400 տոննա բեռը, որը հասել է Լաչինի մատույցներ, կանգնած էր եւ կանգնած է։ Դուք խոսում եք խաղաղապահների կարգավիճակի մասին։ Արդյո՞ք հնարավոր չէ գոնե այս հարցում ՌԴ միջամտությունը։ 

- Երեւանը պետք է դա պահանջի Ռուսաստանից, բայց Երեւանը դիմում է ՄԱԿ-ին։ 

- Երեւանը չի՞ դիմում Ռուսաստանին, չի՞ դիմում ռուս խաղաղապահներին` սա նորություն էր ինձ համար։ 

- Չի դիմում։ Երեւանն ասում է՝ «Արեւմուտքը մեզ կօգնի»։ Սա կործանարար բանաձեւ է՝ դիլետանտների համար նախատեսված։ Բայց հայերը կարողանում են ժամանակ շահել, թույլ չեն տալիս Ալիեւին պատերազմում տարած հաղթանակը կոնվերտացնել եւ խաղաղության պայմանագիրն իր պայմաններով ստորագրել։ Իսկ պահն այսպիսին է՝ ուկրաինական իրադարձություններում ճգնաժամ է, շատ բարդ իրավիճակ, Թուրքիան սկսում է կորցնել իր հովանավորներին, Հայաստանն էլ ընտրում է գործընկերների, աշխատում է Արեւմուտքի հետ` հեռանալով Ռուսաստանից։ Իմ կարծիքով, սխալ է թույլ տալիս։ 

- Դատելով ՌԴ եւ ԱՄՆ ներկայացուցիչների ելույթներից՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ, նրանք նույն բանն էին պահանջում՝ գնացեք, խոսեք Ադրբեջանի հետ եւ միաժամանակ բացեք միջանցքը։ Ի՞նչ եք կարծում, արդյոք հիմա պետք չե՞ն ստիպողական միջոցներ` Ադրբեջանի դեմ։  

- Ոչ, որովհետեւ հիմա ոչ մեկին Հայաստանն ու Ադրբեջանը չեն հետաքրքրում։ Հիմա աշխարհի ճակատագիրը լուծվում է Ուկրաինայում։ Սա պետք է հասկանալ։ 

- Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ղարաբաղում ապրող այն 120 հազար մարդկանց, այն 30 հազար տղամարդկանց ճակատագիրը, որոնք մասնակցել են առաջին արցախյան պատերազմին, որոնց Ադրբեջանը հայտարարել է հանցագործ, ու պարզ է, որ նրանց ոչնչացնելու են, արդեն ոչնչացնում են: Գիտեք, որ վերջերս մարդուն գողացան Կարմիր խաչի ավտոմեքենայից։ Ի՞նչ է լինելու նրանց հետ։ Չէ՞ որ նրանք դատապարտված են մահվան։  

- Սա Ադրբեջանի բլեֆն է։ Նրան ոչ ոք թույլ չի տա զբաղվել հայերի դեմ հաշվեհարդարներով, ինչպես դա անում էին թուրքերը 1915 թվականին։ Ադրբեջանը մեծ սխալ է թույլ տալիս, իմ կարծիքով։ Ադրբեջանը, հաղթած լինելով պատերազմում, այնուամենայնիվ, կորցնելու է Ղարաբաղը։ 

- Երեկ, կարծեմ, նրանք տեսանյութեր էին տարածել, թե ինչպես են ռուսների ընտանիքները հեռանում Ղարաբաղից։ Իրական տեսանյութե՞ր էին։ 

- Թող նրանք իրենց կանանց ցույց տան այդ լուսանկարները։ Մենք այնտեղ հետախուզություն ունենք, ու մեզ նման լուսանկարներ են ցույց տալիս։ Դա բացարձակ հիմարություն է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image