Հարցազրույց

Թրամփն ազատեց Ռուսաստանին Անդրկովկասի՝ սարդերով լցված ամանից․ Կոլերով

Թրամփն ազատեց Ռուսաստանին Անդրկովկասի՝ սարդերով լցված ամանից․ Կոլերով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Սպիտակ տանը, այսպես կոչված, խաղաղության դեկլարացիան ստորագրեցին, ինչպես նաեւ՝ «Թրամփի երթուղի» անունը կրող միջանցքի մասին հռչակագիր ընդունեցին, որով ուղիղ կապ է ստեղծվում Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, իսկ դրա նկատմամբ վերահսկողության բոլոր լծակները տրվում են ԱՄՆ-ին: Այդ միջանցքն անցնում է Իրանի հետ սահմանի երկայնքով եւ որոշակիորեն շոշափում է նաեւ Ռուսաստանի Դաշնության շահերը:  «Հրապարակի» զրուցակիցն է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը

-Ի՞նչ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը: Ի՞նչ կտա դա Հայաստանին: 

-Ստորագրվել է միայն դեկլարացիա՝ նպատակների մասին: Դրա մանրամասները հայտնի կդառնան ապագայում, ու հենց դրանց համար էլ պայքարը կգնա: Իսկ հիմա պարզ է մի բան՝ Հայաստանը հրաժարվեց իր Սյունիքի սուվերենիտետից 99 տարով, կտրեց իր բոլոր հարաբերություններն Իրանի հետ ու ոչինչ չստացավ դրա դիմաց: 

-Բայց ասում են, որ ստորագրված դեկլարացիան խաղաղություն կբերի մեր տարածաշրջան, հանուն խաղաղության են գնացել այս զիջումներին: 

-Կապիտուլյացիան միշտ խաղաղություն է բերում: Իսկ այս դեպքում խաղաղության ամենաիսկական երաշխիքը Հայաստանի ընդհանրապես բացակայությունն է, գոյություն չունենալը: Ներողություն եմ խնդրում, բայց ինձ թվում է, որ Հայաստանի ակտիվ բնակիչների մեծ մասն աջակցում է Փաշինյանին: 

- Իսկ ինչպե՞ս են այս իրավիճակին նայում Կրեմլում: ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ քննարկե՞լ է այդ միջանցքի հարցը, ի վերջո, այս տարածաշրջանում ազդեցության մասին է խոսքը գնում: Լուրեր են շրջանառվում, որ ՌԴ-ն կարող է համաձայնության եկած լինել ԱՄՆ-ի հետ՝ Ուկրաինայում որոշակի զիջումների դիմաց:

- Ես հասկանում եմ Հայաստանում այն մարդկանց մեծամտությունը, ովքեր կարծում են, որ ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում երկկողմանի հարաբերությունների կոնտեքստում մտածում են Հայաստանի մասին: Բայց ոչ մի փաստ եւ ապացույց դրան չկա: Ռուսաստանը վաղուց է հեռացել Հայաստանից ու նրա ճակատագրից:

 - Ըստ Ձեզ՝ ո՞վ ի՞նչ է ստանում, եւ Հայաստանին ի՞նչ է մնում սրա արդյունքում: 

 - Այս ամենի գլխավոր նպատակն Իրանն է, գլխավոր զոհը՝ Հայաստանը, գլխավոր հաղթողը՝ Ադրբեջանը, իսկ գլխավոր գոհը՝ Ռուսաստանը, ինչո՞ւ, որովհետեւ ՌԴ-ն ստիպված չեղավ վճարել ոչ մի բանի համար: Թրամփն ազատեց Ռուսաստանին Անդրկովկասի՝ սարդերով լցված ամանից: Դա Թրամփի նվերն էր Ռուսաստանին՝ կվերցնի՞ արդյոք այդ նվերը Ռուսաստանը: Հիմա Ռուսաստանն ուղղակի պարտավոր է վտարել Հայաստանին ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, Ադրբեջանին՝ սիրելիների ցուցակից, իսկ ադրբեջանցի ու հայ քաղաքացիներին պետք է զրկի Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանց վիզա ռեժիմից: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image