Արդեն հայտնել էինք, որ «Բալասանյան դաշինքի» 14 ավագանու անդամների այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականը Գյումրիի քաղաքապետարանի աշխատանքը պարալիազացրել է։ Հանրապետության երկրորդ քաղաքը այս պահի դրությամբ քաղաքագլուխ չունի։
Այս իրավիճակում Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոյեմբերի 8-ին՝ ուրբաթ օրը, համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել։
Նշենք, որ նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխքաղաքապետը տնային կալանքի տակ է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Նիստերի դահլիճը, սակայն, այդ օրը բաց կլինի, նիստը կկայանա, եթե ավագանու գործող 20 անդամներից 17-ի մասնակցությունն ապահովվի։
Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունը հրավիրվող նիստին չի պատրաստվում մասնակցել։
«ՔՊ-ն ըստ օրենքի հիմա կարող է ավագանու նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ, այսինքն ավագանու 1/3 -րդը բավարար է, որ նիստ հրավիրելու առաջարկությամ հանդես գա, իրենք 11 անդամ ունեն, այս պահին կարող են, բայց օրենքի մի բաց կա իրենց կողմից, որը սխալ են մեկնաբանել, ըստ էության խախտվել է ընթացակարգ, այսինքն՝ իրենք արտահերթ նիստ նախաձեռնելու իրավունք ունեն, բայց համայնքի ղեկավար ընտրելու օր որոշելու իրավունք չունեն։ Ընտրական օրենսգրքի 142․3 հոդվածը սահմանում է՝ ավագանու սահմանած ժամկետում է կազմակերպվում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը ։Այսինքն՝ սկզբից պետք է նիստ գումարվեր, ավագանին օրը որոշեր, նոր նախաձեռնությամբ իրենք հանդես գային։
Մենք չենք մասնակցելու, քվորում չենք ապահովելու, որպեսզի չկրկնվի Երևանի սցենարը։ Օրենքի կարգավորմամբ՝ 14 օրվա ընթացքում պետք է ընտրվի համայնքի ղեկավար եւ, ըստ էության, նման նախաձեռնությամբ կրկին կարող են հանդես գալ սահմանված 14 օրվա ընթացքում։ Եթե կրկին նիստ չգումարվի եւ համայնքի ղեկավար չընտրվի, կառավարությունն իրավասու է դադարեցնել ավագանու անդամների լիազորությունները, որից հետո 30-40 օրվա ընթացքում տեղի կունենան արտահերթ ընտրություններ »,- hraparak.am-ին ասաց Կարեն Մալխասյանը։