Բանակում չծառայած մարդը երբեք չի հասկանա, որ զինվորի համար հոգևոր կյանքը շքեղություն չէ, այլ ոգի, դիմադրություն և ուժ է։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին կամավորական ջոկատների տղաներն էին խնդրում, որ իրենց համազգեստի վրա խաչ կարենք։ Իրենց խոսքերն են․ «Խաչը որ կա, մեզ ավելի ուժեղ ու ապահով ենք զգում»։
Այսօր, եկեղեցու դեմ պետական արշավի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյան Սուրենը կատարում է հերթական հրամանը՝ փետրվարի 1-ից դադարեցնել ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայության գործունեությունը․ «Փետրվարի 1–ից դադարեցնել ՀՀ Զինված ուժերի Հոգևոր ծառայության առաջնորդի եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից հոգեւոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում»։
Բայց ես Պապիկյան Սուրենին հանգիստ եմ թողնում։
Նա որոշում չի կայացնում։
Նա կատարում է։
Հրաման տվողը Նիկոլ Փաշինյանն է։
Իսկ նրանից վեր՝ կան ավելի բարձր հրաման տվողներ, որոնց նպատակը մեկն է՝ կոտրել Հայոց բանակի ոգին։
Եթե ինչ–որ մեկին թվում է, թե Փաշինյանի պայքարը Եկեղեցու դեմ է, նա չարաչար սխալվում է։
Սա պայքար է ազգի դիմադրողականության դեմ։
Պայքար է ինքնության դեմ։
Պայքար է բանակի մարտունակության դեմ։
Սա պայքար է մեր փոքրիկ զինվորի հզոր ոգու դեմ։
Մեր հաղթանակների դեմ։
Որ հայը այլևս երբեք հաղթանակ չունենա։
Պապիկյան Սուրենը հրաման կատարող է։ Թողնենք նրան։
Բայց եկեք նայենք մյուսներին։
Բանակ ստեղծած մեր գեներալներին։ Մարդկանց, որոնց ձեռքով է կառուցվել այս բանակը, որոնք այսօր իրենց լեզուն կծել՝ լուռ նայում են, թե ինչպես մի մարդ, որ երբեք բանակի հետ կապ չի ունեցել, նվաստացնում ու փլուզում է իրենց ստեղծածը։
Նայում են ու լռում, երբ իրենց զավակ–բանակը դարձնում են փորձադաշտ։
Նայում են, թե ինչպես օտարը ոչնչացնում է այն, ինչ իրենք արյունով ու կյանքով են ստեղծել։
․․․ Այս լռությունն էլ է հանցանք։