Այսօրվա կառավարության նիստում կառավարության անդամներն իրար հերթ չտալով փառաբանում էին Պարեկային ոստիկանության արդյունավետությունը Հայաստանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ոստիկանության տրամադրած մի քանի համեմատական թվեր հրապարակեց: Բնականաբար հրապարակվեցին միայն այնպիսի թվեր և համեմատություններ, որոնք հաստատում էին որ պարեկային ոստիկանության ներդրումից հետո ՀՀ հպարտ քաղաքացիների կյանքը դարձել է ավելի ապահով: Իրականում հրապարակված համեմատական թվերը ծիծաղելի էին։
Օրինակ՝ որպես ձեռքբերում նշվում էր, որ պարեկային ոստիկանները հայտնաբերել են 51 հետախուզվող, իսկ նախկին ճանապարհային ոստիկանները ոչ մի հետախուզվող չեն հայտնաբերել: Իրականում սրանք պարզ աճպարարություններ են, քանի որ համեմատվում են երկու տարբեր գործառույթ ունեցող ստորաբաժանումներ:
Ճանապարհային ոստիկանությունը հետախուզվող չի հայտնաբերել, որովհետև երբեք հետախուզվող հայտնաբերելու գործառույթ չի ունեցել, իսկ եթե վարչապետը ցանկանում էր հրապարակել իրականությունը, ապա պետք է համեմատեր պարեկային ծառայության հայտնաբերած հետախուզվողների քանակը նախկինում Երևան քաղաքի ՊՊԾ-ի կողմից հայտնաբերված հետախուզվողների թվի հետ: Չէ որ Երևանի պարեկային ոստիկանությունը ստեղծվեց Երևանի ՊՊԾ գնդի փոխարեն: Բայց ՊՊԾ-ն ընդդեմ Պարեկային ոստիկանության թվերի համեմատությունը երբեք չի հրապարակվի, քանի որ այդ համեմատությունը ի վնաս պարեկային ոստիկանության է:
Անցնենք առաջ, դիտարկենք պարեկային ոստիկանության աշխատանքը ճանապարհային երթևեկության պահպանման արդյունավետության տեսանկյունից: Այդ նպատակով համեմատենք նախկինում ճանապարհային ոստիկանների կողմից քաղաքացիներին մահվան ելքով վրաերթի ենթարկելու դեպքերը։ Դրանց թիվը զրո է: Իսկ պարեկային ծառայության ոստիկանները, որոնցից շատերը ավտոմեքենայի ղեկին կյանքում առաջին անգամ հայտնվեցին պարեկային ոստիկան դառնալուց հետո, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արդեն երկու քաղաքացու զրկեցին կյանքից՝ ոստիկանական մեքենայով վրաերթի ենթարկելով նրանց:
Անցնենք առաջ, պրոֆեսիոնալ ոստիկաններին պարեկային ծառայողներով փոխարինելու հետևանքով Երևանում հանցավոր իրավիճակը վերջին վեց ամիսներին կտրուկ վատացել է: Առանձին վերցրած հանցատեսակներ մտահոգիչ աճ են արձանագրել՝ բնակարանային գողությունները, գրպանահատությունները, փողոցային կողոպուտները, դանակահարությունները, թեթև, միջին մարմնական վնասվածքները և այլն: Ի հայտ են եկել և բարգավաճում են այնպիսի հանցատեսակներ որոնք նախկինում համարյա չկային՝ օրինակ ավտոմեքենաների թալանը, կամ պետհամարանիշերի գողությունը (վերջինս հնարավոր եղավ կարգավորել օրենսդրական փոփոխություններով):
Վարչապետը հպարտությամբ նշում է որ ամբողջ կյանքում ուսուցիչ աշխատած մարդն այսօր աշխատում է պարեկային ոստիկան: Մեղմ ասած տարօրինակ է որ այս փաստը ուրախացնում է վարչապետին, քանի որ թե ուսուցիչը և թե ոստիկանը ոչ թե «գործ» է (ժամանակավոր զբաղմունք), այլ մասնագիտական աշխատանք, որը պահանջում է մասնագիտական որակներ, գիտելիքներ և փորձ:
Վերջում մեկ հարց ուղղենք ՀՀ վարչապետին՝ եթե այսօրվա ձեր գովքը՝ առ պարեկային ոստիկանություն, կեղծ չէ, ապա ինչո՞ւ եք անձամբ դուք և ձեր ընտանիքը մինչ օրս օգտվում նախկին «արատավոր» ոստիկանների ծառայությունից: Ինչո՞ւ են ձեր կորտեժների ուղեկցումը իրականացնում ոչ թե նախկին ուսուցիչ՝ նորօրյա պարեկները, այլ ՃՈ հին և պրոֆեսիոնալ ուղեկցող դասակը: Գուցե Շիրակի մարզում պարեկային ոստիկաններ ներդնելուց առաջ ձեզ ուղեկցող պրոֆեսիոնալներին փոխարինե՞ք հպարտ նախկին ուսուցիչներով:
ՀԳ: Մեկ էլ եթե դժվար չէ՝ հրապարակեք խնդրեմ այս 6 ամիսների ընթացքում որքան բողոք է ներկայացվել դատարաններ պարեկային ծառայության աշխատակիցների դեմ և քանի մարդ է դիմել ՄԻՊ-ին պարեկների անհամաչափ գործողությունների պատճառով: