Վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, արդեն 2 ամիս հանդիպում-հավաքներ է կազմակերպում՝ «կրթությունը նորաձեւ է» հեշթեգով։ Իր «կրթարշավի» շրջանակում նախօրեին նա հյուրընկալվել էր ԵՊՀ-ում եւ խոսել «տգիտությունը ճանաչելու», «չգիտեմ» բառից չվախենալու ու չամաչելու, ուրախանալ սովորելու, մեդիագրագետ լինելու եւ ընտանեկան բյուջեն ֆինանսապես ճիշտ վարելու մասին։
ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանը, տեսնելով ԵՊՀ-ում անցկացված հանդիպման կադրերը, հարկադրանք է կարդացել բոլորի դեմքերին եւ անկեղծորեն կարեկցել, քանի որ ներկաները շատ դժբախտ դեմք են ունեցել։ Դատելով հրապարակված տեսաշարից՝ նկատում է, որ ֆակուլտետի ընտրությունը եւ թեմաների քննարկումը կարծես այնքան էլ չեն համընկել․ «Նման այցերը պետք է հասցեական լինեն, իսկ այդ ընդհանուր թեմաները՝ ընտանեկան բյուջեի կառավարում կամ չվախենալ «չգիտեմ» բառը կիրառելուց, ավելի շատ հոգեբանական եւ տնտեսագիտական հմտություններ են, որը կարելի է քննարկել, բայց քննարկել՝ մասնագետ հոգեբանների ու շուկայաբանների հետ, սակայն ընտրված թեմաները չունեին տրամաբանական սերտ կապ լսարանի հետ»։
Ա․ Հակոբյանը նաեւ հրաժարվել է իրեն մոտեցած լրագրողի հարցերին պատասխանել, մինչդեռ Ն․ Դիլբարյանը կարծում է, որ նման այցերը պետք է վաղօրոք ներկայացվեն եւ լուսաբանվեն։ «Այն, ինչն առնչվում է կրթությանը, պետք է արվի շատ բաց եւ հրապարակային, ու խնդիրը հարցազրույց տալ կամ չտալը չէ, ուստի, եթե նախաձեռնվում են նման հանդիպումներ, շատ ավելի արդյունավետ ու ճիշտ է վաղօրոք հայտարարել, լուսաբանել դրանք, որովհետեւ չեմ կարծում, թե այնտեղ քննարկվել են ինչ-որ գաղտնի թեմաներ, ճիշտ հակառակը՝ դրանք հանրային կարեւորություն ունեցող թեմաներ են, եւ, իհարկե, ավելի ճիշտ է օրակարգն ընտրել հասցեական, եթե գնում ես աշխարհագրության ֆակուլտետ, ուրեմն ավելի ճիշտ է քննարկում ծավալել իրենց հուզող խնդիրներից»,-ասում է Դիլբարյանն ու նկատում՝ քանի որ Աննա Հակոբյանը նաեւ հիմնադրամներ ունի, իր համար ավելի նախընտրելի կլիներ, որ ճշտվեր, թե դասախոսները եւ ուսանողներն ինչի կարիք ունեն, 21-րդ դարի կրթությանը վայել ինչպիսի լսարանների անհրաժեշտություն կա, եւ համալսարանին նմանօրինակ աջակցություն կազմակերպել․ «Ինձ համար ամեն հանդիպում պատճառաբանված, մշակված պետք է լինի եւ ունենա արդյունավետության ՕԳԳ, իսկ այդպիսի այցերը նույնիսկ չեն էլ ծառայում PR նպատակների, այլ պարզապես «թռչնակ» են»։
Ի՞նչ նպատակով է բոլոր այդ հանդիպումներին տիկինը շրջում Խորենացու «Հայոց պատմությունը» ձեռքին։ «Երբ խոսում էի թեմաների անհամապատասխանության մասին, նաեւ դա նկատի ունեի․ Խորենացու «Հայոց պատմությունն» ընդհանրապես ոչ մի աղերս չունի ընտանեկան բյուջեն գրագետ կառավարելու, «չգիտեմ» բառն ասել-չասելու հետ։ Ի դեպ, սկզբնական շրջանում բացված էր հենց «Ողբի» էջը, ինչո՞ւ, ողբի մասին ինքը խոսում է, որպեսզի բացառի ողբը եւ բերի անպատճառ ուրախությո՞ւն, մինչդեռ մենք գիտենք, որ չպատճառաբանված ուրախությունը կապված է հիմարության կամ հոգեխանգարմունքի հետ։ Այսինքն՝ ողբի ժամին պետք է ոչ թե ուրախանալ, այլ ողբալուն զուգընթաց մտածել, թե ինչպես դուրս գալ այդ վիճակից եւ ինչպես հաղթահարել այն խնդիրները, որոնք դարձել են ողբի պատճառ, եւ Խորենացին էլ իր ողբը գրել է, որպեսզի մեզ ցույց տա, թե ինչ ուղղություններով մենք պետք է աշխատենք, ինչպես պետք է փոխենք պետական կառավարումը, ինչպիսին պետք է լինեն կառավարիչները, ուսուցիչները, հոգեւորականները, աշակերտները։ Եվ հիմա ամեն հանդիպմանը տանել մեր քերթողահոր այդ հրաշագույն պատմությունը եւ խոսել թեմաներից, որոնք կապված չեն այդ պատմության հետ, ճիշտ չէ։ Նման օրակարգի մեջ Խորենացու պատմությունը բացարձակ անպատեհ է, եւ Խորենացին երեւի ինքն էլ երկնքում զարմացած է»։
Ն․ Դիլբարյանը հետեւում է, թե ինչպես է Զելենսկու կինն ամենուր խոսում ուկրաինական ազգի ու նրա վիթխարի ներդրման մասին, միաժամանակ ջատագովում ուկրաինական ինքնությունը, ինչը չես ասի Աննա Հակոբյանի դեպքում․
«Սա ցավով եմ ասում, ես երբեք չեմ տեսել, որ նա հայկական խնդիր ներկայացրած լինի, խոսի հայկական ինքնության մասին, մենք Արցախից բազմահազար փախստականներ ունենք, պետք է դրա մասին խոսել, նաեւ՝ որ բռնազավթված տարածքներ ունենք։ Ի դեպ, Աննա Հակոբյանը գնացել էր ու Զելենսկու կնոջ հետ պատերազմից տուժած երեխաներին օգնություն էր ցուցաբերում, իսկ ինչո՞ւ ինքը հենց այդպիսի տեղերում չի խոսում այն մասին, որ մեր որբացած, ծնողներ կորցրած, հաշմանդամ դարձած հայրենակիցներին օգնություն է պետք, նրանց հանդեպ գթառատ լինենք, էլ չասեմ մեր երկրի առջեւ ծառացած վիթխարի անվտանգային խնդիրների մասին։ Պետական բարձրաստիճան այրի կինը պետք է նաեւ իր պետության խնդիրները բարձրացնի, ոչ թե բացառենք «չգիտեմ» ասելը, որը կարելի է դպրոցի տարրական դասարաններում էլ սովորեցնել։ Ու եթե թեմա եք ընտրում, ապա այդ թեմայում պետք է լինեք բազմահմուտ, ինքդ պետական բյուջեն կազմողի հետ ես առնչվում, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, հետեւաբար՝ վարչապետի կնոջը, որն անձնապես չունի նման կրթություն, հարիր չէ այս ամենը, մարդիկ դա լուրջ չեն ընդունում, այստեղից էլ ծագում են տարատեսակ կատակները»։
«Կրթվելը նորաձեւ է» բառակապակցությունը, ըստ նրա, ինքնին շատ վտանգավոր ու անհեթեթ է։ «Չարժե այդ 2 բառերը դնել կողք-կողքի եւ ստեղծել կայուն կապակցություն, որովհետեւ դու դրանով կարծես նկատի ունես, որ հիմա մի ժամանակ է, որտեղ կրթվելը հետադիմական է, բայց արդյո՞ք հանրության մեջ, մեր բոլոր խնդիրներով հանդերձ, կարող ենք պնդել, թե կրթվելը հետադիմություն է։ Մեր ազգը, անգամ Դեր Զորի անապատներում՝ ավազների վրա, հայերեն տառերն էր գրում, եւ մարդիկ «Հայր մերը» արտասանելով՝ հայերեն էին սովորում, այսինքն՝ կրթվելն ու նորաձեւությունը ոչ մի կապ չունեն իրար հետ։ Ես չգիտեմ՝ ով է հուշել այդ բառակապակցությունն Աննա Հակոբյանին, բայց այդ կապակցությունից պետք է իսպառ հրաժարվել։ Գուցե նա իր օրինակով ուզում է ցույց տալ, որ անգամ այդ տարիքում անգլերեն է սովորում, որպեսզի TOEFL հանձնի, մագիստրոսական կրթություն ստանա, եւ դրանով ուզում է խանդավառել մարդկանց, բայց չպետք է ասել, որ դա նորաձեւ է, քանի որ կրթվելը բնական պահանջ է՝ բանական մարդու համար։ Ուստի այս արշավով նա ուղղակի դառնում է քննադատության բուռն թիրախ, եւ այդ քննադատության տարափը բոլորովին էլ այն պատճառով չէ, որ մարդիկ չարակամ են կամ չեն ուզում լավը տեսնել, ոչ, ի սկզբանե այս՝ «կրթվելը նորաձեւ է» արշավը սխալ է, իսկ եթե ձեւը սխալ է, ուրեմն բովանդակությունն էլ, ընտրված գործիքներն էլ սխալ են»,- ասում է Դիլբարյանն ու մատնանշում եւս մի հանգամանք՝ տիկնոջ անհարիր դրես կոդը համալսարանական միջավայրում․ «Այդպես ինքը կարող էր գնալ կոկտելային որեւէ սրճարան՝ սուրճ խմելու, բայց ո՛չ ԵՊՀ»։