Հասարակություն

«Հրապարակ». Քաղշինկոմիտեն որոշել է արված աշխատանքների համար դարձյալ բյուջեից փող դուրս գրել

«Հրապարակ». Քաղշինկոմիտեն որոշել է արված աշխատանքների համար դարձյալ բյուջեից փող դուրս գրել

Քաղաքաշինության կոմիտեն նոր տենդեր է հայտարարել՝ Վայոց Ձորի Չիվա գյուղի միջնակարգ դպրոցի տիպային մոդուլային շենքի կառուցման համար: Նախկին կապալառուի՝ «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի հետ Կոմիտեն խզել է պայմանագիրը՝ նրան մեղադրելով շինարարությունը ժամանակին ավարտին չհասցնելու համար: Այս մասին մենք օրեր առաջ ծավալուն հրապարակում արեցինք: Շինարարը պնդում է, որ չի կարողացել աշխատանքները կատարել, քանի որ չի ունեցել կոյուղու համակարգի, հենապատի ու բարեկարգման նախագիծ, ավարտված է եղել շինթույլտվության ժամկետը, եւ Կոմիտեն ժամանակին չի երկարացրել այն, եւ չեն ստացել իրենց կատարած աշխատանքների համար ահռելի գումարներ: Բայց այս նոր տենդերը հատկապես ուշագրավ է մեկ այլ իմաստով: Տենդերի արժեքը 345 մլն դրամ է` այն դեպքում, երբ նախկին շինարարին, դպրոցի կառուցումն ավարտելու համար, ընդամենը պետք է վճարվեր 216 մլն դրամ: Եվ մեծ թվով աշխատանքներ արդեն արված են, բայց քաղշինը որոշել է սալիկի վրա նոր սալիկ խփել, արված գործերի դիմաց պետբյուջեից նոր միջոցներ հատկացնել:

Որտեղի՞ց առաջացավ այս 345 մլն թիվը, երբ աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է` այս հարցին պետք է պատասխանեն իրավապահ մարմինները: «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն հաղորդում է ներկայացրել դատախազություն` տեղեկացնելով, որ Քաղաքաշինության կոմիտեն Չիվայի դպրոցի շինարարության համար նոր տենդեր հայտարարելով՝ 100 մլն-ից ավելի հավելագրում է կատարել, այսինքն՝ տենդերի արժեքի մեջ մտցրել է արդեն կատարված եւ ավարտին հասցված գործերի արժեքները: Հաղորդման մեջ նշված է. «Քաղաքաշինության կոմիտեն մտածված 2024 թ. մայիս ամսվանից դադարեցրել է շինարարությունը՝ անտեսելով մեր բազմաթիվ գրությունները... որի մնացորդային գումարը կազմում էր 193 մլն 913 հազար 781 դրամ, խզում է պայմանագիրը եւ կազմակերպում է նոր մրցույթ, որի գումարը կազմում է 343 մլն 250 հազար 390 դրամ, այսինքն` 149 մլն 336 հազար 609 ՀՀ դրամով ավելի»: Այլ կերպ ասած` քաղշինկոմիտեի «անհասկանալի գործողության» հետեւանքով պետությանը պատճառվել է 149 միլիոնի վնաս:

Օրինակ, նախկին շինարարն ամբողջությամբ կապել է դպրոցի տանիքը, բայց նոր տենդերի նկարագրական բաժնում նշված է, որ տանիքի 30 տոկոսն ավարտված չէ: 10 մլն դրամ է նախատեսել գոյություն չունեցող շինության քանդման համար, մի շինության, որը նախկին շինարարն արդեն քանդել է, եւ դրա դիմաց պետությունը նրան արդեն վճարել է: 15 մլն դրամ նոր տենդերով նախատեսված է Չիվայի դպրոցի արեւային կայան կառուցելու համար, մինչդեռ արեւային կայանը վաղուց արդեն կառուցված է: Արդեն խփած «կաֆել-մետլախի» համար էլ են նոր գումար դուրս գրելու` մետր քառակուսին ոչ թե 2 հազար 400 դրամ, ինչպես պետությունը վճարել է  նախկին շինարարին, այլ՝ 4 հազար: Նոր տենդերը, փաստորեն, հայտարարվել է նախքան դատական վեճի ավարտը: Եթե դատարանը որոշի, որ քաղշինկոմիտեն շինարարի հետ պայմանագիրն ապօրինաբար է խզել, ապա հին պայմանագիրը կրկին մտնելու է ուժի մեջ, եւ նոր հայտարարված տենդերը չեղարկվելու է: Սակայն քաղշինկոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի համար սրանք մանրուքներ են, որոնք նա հաշվի չի առնում: Կարեւորը բյուջեից փող հանելն է, իսկ պետական բյուջեն ամեն ինչի կդիմանա:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image