Շուրջբոլորը հողը տնքում է ռումբերի պայթյուններից, միլիոնավոր մարդիկ տարհանվում ու կոտորվում են։ Մեր երկրի վրա անթիվ հարցականներ են կախված, իսկ քաղաքական «էլիտան», ինչպես միշտ, իր նեղ շահերից վեր կանգնելու հասունություն չունի։ Հունիսի 7-ին ընդառաջ ՔՊ-ն կասկածելի խաղաղության ճերմակ դրոշը կծածանի հանրապետության վրա, կթմբկահարի Թրամփ «խաղաղաբերի» անունը, Ալիեւի հետ չեղած համաձայնությամբ մեր տարածքային ամբողջականության ճանաչումը (ոչինչ, որ նա մեզ հրապարակայնորեն մեղադրում է ցեղասպանության մեջ)։
- Ուտոպիա՜,- հեռուներից կքմծիծաղի մեծն Չերչիլը,- երբ քո գլուխը վագրի երախում է, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։
«Ուրախ ավտոբուսի» ՔՊ-ական երջանիկ ուղեւորները, պեռաշկի ըմբոշխնելով, վաղաժամ քարոզարշավի են գնում։
- Ի՞նչ կա միջազգային կյանքում,- ծամելով հարցնում է շեֆը։
- Խառն է,- ասում է ԱԺ փոխնախագահը։
- Շատ լավ,- կուլ է տալիս պատառը,- շատ լավ։
Մեր քթի տակ՝ Իրանի դեմ պատերազմի առաջին օրն էր․․․
Իշխանության «պահապան հրեշտակներն» իրենց բռի, թունոտ խոսույթով, թերեւս, ավելի շատ վնասում, քան օգնում են «պատրոնին»։ Օրինակ, եղբոր՝ Վազգենի անունը տեղի-անտեղի շահարկող Արամ Սարգսյանը պնդում է, որ Սամվել Կարապետյանի թիմին պետք է զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից (այս կպչուն միտքը հանգիստ չի տալիս նաեւ մյուս «հրեշտակներին»), պատճառաբանելով, թե մարզեր այցելության համար մեծ թվով ավտոբուսներ են օգտագործել․․․
- Օրենքով արգելվո՞ւմ է,- հարցնում է իշխանամետ զրուցավարը։
- Ոչ,- խոստովանում է պարոնը,- բայց․․․
Լսում ես սրա նմաններին (Հ․ Մկրտչյան, Ռ․ Մեհրաբյան, Լ․ Շիրինյան, Հ․ Խուրշուդյան, Ա․ Արշակյան, Հ․ Սուքիասյան․․․) ու ակամա հիշում մեծն լոռեցուն՝ էսքա՜ն էլ չար լինի մարդ․․․ Բա որ կեղծ փաստաթղթերով բանակից թռած էն Արման Բաբաջանյանը բարոյականությունից է խոսում։ Լավ, էլի․․․ Ու ամեն մեկը, երկրի համար այս ճակատագրական պահին, խաշլամայի հոտից արբած, իր փայ բաժինն է փորձում թռցնել քլթքլթացող կաթսայից։
Սրանց դեռ կարելի է հասկանալ, անմեկնելի է «անկախ» պատգամավոր Գեղամ Նազարյանի, որն ասպարեզ եկավ որպես 44-օրյայում զոհված Աբգարի հայր (նրա սրտառուչ ելույթները դեռ ականջներումս են), կերպափոխությունը։ Եթերում, անառարկելի տոնով, ասում է․ «Եթե չլինեին մեր ազգի պոռոտախոսությունն ու մեծամտությունը, մեր զոհված տղերքն այսօր կքայլեին մեզ հետ փողոցում», «Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ մեզ վրա հարձակվելու», գլխավորը՝ «Փորձում են համոզել մարդկանց, որ Նիկոլն է պատերազմ բերել», եւ ամենագլխավորը՝ «եթե անկախություն եք ուզում, ընտրեք Նիկոլին եւ ոչ թե հյուսիսից հյուրախաղերի եկած ինչ-որ մեկին․․․»: Համաձայնեք․ միշտ չէ, որ լուրջ դեմքով կարելի է խելացի մտքեր դուրս տալ ու ազնիվ լինել․․․
Կկեղծեմ, եթե ասեմ, որ հիացած եմ ընդդիմության գործելաոճից։ Նկատե՞լ եք, որ սրանք էլ, ինչպես իշխանության «կարկառունները», անհավանականորեն գիրացել են, զուգվում-զարդարվում են (հատկապես՝ կանայք)՝ «գնա, գալիս եմ»։ Այն տպավորությունն է, որ խորհրդարանական ընդդիմությունն իր «սուր» հարցերով փորձում է արդարացնել 2021-ին մանդատից չհրաժարվելը։ Իսկ ո՞ւր մնաց «հողատուին» պաշտոնանկ անելու, ՔՊ-ի կյանքը դժոխքի վերածելու խոստացված օրակարգը։ Անեկդոտ հիշեցի. մարդ ու կին գնում են դաշտով, հանկարծ հայտնվում է մի ձիավոր, կնոջը նստեցնում է թամբին, շրջանի մեջ առնում տղամարդուն ու հրահանգում՝ ոտքդ դուրս չդնես շրջանից, մինչեւ վերադառնանք։ Որոշ ժամանակ անց ձիավորը հանձնում է կնոջը, քշում-գնում։
- Այ կնիկ,- ճանապարհին խորհրդավոր ժպտում է ամուսինը,- բա չիմացար, էդ տականքին լավ հիմարացրի՝ երկու անգամ ոտքս հանել եմ շրջանից․․․
Այո, ընդդիմությունը մի երկու անգամ ոտքը հանել է շրջանից․․․ Պարզ ասած՝ ի՞նչ է արել անցած հինգ տարիների ընթացքում։ Իսկ ընտրություններին հաշված օրեր են մնացել։ «Հայաստան» դաշինքը, կարծես, դասեր չի քաղել եւ կրկնում է 2021-ի սխալները (տաք դահլիճներում՝ հազար անգամ լսված խոսքեր, բազմասերիանոց անհաջող փոդքաստներ․․․)։ Սրա վերջը, թերեւս, այն կլինի, որ Իշխան Սաղաթելյանը, ինչպես նախորդ անգամ, իր հաճելի բարիտոնով հայտարարի, որ պայքարը շարունակվելու է՝ մարզերում «բջիջներ» ստեղծելուց հետո․․․
Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին լրագրողը հարցնում է՝ իսկ եթե․․․
- Եթե-մեթե չկա, հաղթելու ենք, ու վերջ։
Բայց, պարոն նախագահ, ախր, Դուք նույն բանը նույն համոզվածությամբ ասել եք նաեւ 2021-ին։ Չհամոզվեցի՞ք, որ առանց «եթե»-ների պատասխանն ունենալու դատապարտված եք անհաջողության։ Ասենք՝ եթե Ձեզ կալանավորեն (ինչը չի բացառվում), ասենք՝ դաշինքին արգելեն ընտրություններին մասնակցել եւ այլն, եւ այլն, բա չունենա՞ք այլընտրանքային տարբերակներ։
Իմացեք, այս անգամ Ձեր պարզապես արգելված է պարտվել, հակառակ դեպքում՝ խաչ քաշեք Ձեզ ու Ձեզ դեռեւս հավատացող մարդկանց ու երկրի վրա։ Հրավիրեք քաղտեխնոլոգների, լսեք նրանց (մի կասկածեք, մեր երկրում Ձեզնից ու Ձեր շրջապատից ավելի խելացի մարդիկ էլ կան)։ Դուրս եկեք խեղդուկ դահլիճներից, անձամբ Դուք եւ Ձեր թիմը շփվեք մարդկանց հետ (ուշացել եք, բայց դեռ ուշ չէ), շրջեք քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, թաղ առ թաղ։ Եթե դուրս եք եկել պայքարի, բարի եղեք՝ քաշ գցել․․․
Առայժմ լավ տպավորություն է թողնում «Ուժեղ Հայաստան» շարժումը։ Երիտասարդ են, էներգիան «ուտում» է նրանց։ Պակաս կարեւոր չէ, որ անբիծ կենսագրություն ունեն ու «նախկին» չեն։
Հետաքրքիր մարտավարություն է ընտրել «Բարգավաճը»՝ «առաջարկ Հայաստանին» կարգախոսով։ Սահուն ներքաշվել է քաղաքական պայքարի մեջ՝ իր շուրջը համախմբելով ոլորտային առաջատար մասնագետների։ Գագիկ Ծառուկյանի առավելություններից մեկը մարզաշխարհում եւ գյուղացիների շրջանում ունեցած հեղինակությունն է։ Բայց նա էլ պետք է անխուսափելի «եթե»-ներին պատրաստ լինի։ Բարեկամաբար հուշեմ, որ շատ բանով կշահի իր քարոզչությունը, եթե «Կենտրոն» ՀԸ-ի հաղորդաշարերի հեղինակներ Ա․ Աբովյանը եւ տեղի-անտեղի դիմացինին ընդհատող Մ․ Մելքումյանը փոխարինվեն պրոֆեսիոնալներով։ Ժուռնալիստիկան թթու թան չէ, ինչը չի կարելի ասել «Առանց կարծրատիպերի» ու «Ես կամ» հաղորդաշարերի հեղինակների մասին։
Ավելորդ է խոսել ՀԱԿ, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունների եւ «քամի անող» ուրիշ գաճաճ խմբերի մասին, որոնք իրենց մանր-մունր հաշիվներն ունեն։
Սիմոն Հակոբյան