Կյանքից հեռացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջեյմս Քարթերը, ով վերջերս նշեց իր 100 ամյակը։ Ինչպես յուրահատուկ հատկանիշներով օժտված անհատ, նրա գործունեությունը դրսևորվեց ինչպես ձերքբերումներով, այդպես էլ անհաջողություններով: Քարտերի կառավարումը (1977 – 81 թթ.) աչքի ընկավ խորհրդա-ամերիկյան հարաբերությունների հերթական սրացմամբ՝ պայմանավորված, մասնավորապես, 1979թ. ԽՍՀՄ-ի կողմից Աֆղանստան ներխուժմամբ։ Իմ սերնդակիցների առաջին «ծանոթությունը» միջազգային պատժամիջոցների հետ տեղի ունեցավ հենց այդ ժամանակ, երբ Քարթերի վարչակազմի կոչով արևմտյան շատ երկրներ բոյկոտեցին 1980 թվականի Մոսկվայի օլիմպիական խաղերը։
Նախագահ Քարթերը, որպես առաջնահերթություն հռչակելով մարդու իրավունքների պաշտպանությունը, ԽՍՀՄ-ը դարձրեց իր քննադատության հատուկ թիրախ, ինչը զգալիորեն վատթարացրեց խորհրդա-ամերիկյան հարաբերությունները։ Նա և իր համախոհները հատուկ անդրադառնում էին Խորհրդային Միությունում խոսքի, հավաքների և կրոնի ազատության միջազգայնորեն ամրագրված նորմերի խախտումներին, որոնք Մոսկվան հանձն էր առել 1975 թ․ Հելսինկիի համաձայնագրով։ Այս համատեքստում ԱՄՆ վարչակազմը հնարավորինս աջակցում էր այնպիսի խորհրդային նշանավոր իրավապաշտպանների, ինչպիսիք էին Անդրեյ Սախարովը և Ալեքսանդր Սոլժենիցինը։
Ներքաղաքական կյանքում Ջիմի Քարթերի նախագահությունը շարքային ամերիկացիների համար նշանավորվեց ճգնաժամերով, որոնց հիմնական պատճառը տնտեսական լճացումն էր։ Գնաճը Քարթերի համար դարձավ գլխացավանք, որի դեմ պայքարելու նպատակով նա ստիպված եղավ դիմել ոչ ժողավրդահաճ քայլերի: 1979 թվականին նա Փոլ Վոլքերին նշանակեց Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում, դրան հաջորդեց ֆինանսավորման տոկոսադրույքի աննախադեպ աճը մինչև 20 տոկոս, ինչը խոչընդոտեց տնտեսական աճը։ Թեև ձեռնարկված միջոցները հետագայում լրջորեն նպաստեցին գնաճի զսպմանը, սակայն կոշտ դրամավարկային քաղաքականության անմիջական արդյունք հանդիսացած տնտեսական անկումը և գործազրկության աճը դարձան 1980 թվականի ընտրություններում Քարթերի պարտության գլխավոր պատճառները։
Ամերիկյան տնտեսության աշխուժացման նպատակով Ջ․ Քարթերը դիմեց նաև դեմոկրատական կուսակցության համար ոչ ավանդական քայլերի։ Այսպես, 1978 թվականին նրա կողմից հաստատված ավիաուղիների ապակարգավորման օրենքը թուլացրեց ավիաընկերությունների ուղեվարձերի և երթուղիների պետական կարգավորումները, խրախուսեց նոր ավիաընկերությունների ստեղծումը, նպաստեց ներճյուղային մրցակցությանը, ինչը զգալիորեն նվազեցրեց ավիատոմսերի գները և մատչելի դարձրեց օդային ճանապարհորդությունը շարքային ամերիկացիների համար:
Քարթերի հեղինակությունը առավել տուժեց, երբ 1979 թ․ Իրանում իսլամական հեղափոխությունից հետո ուսանողները գրավեցին Թեհրանում ամերիկյան դեսպանատունը և 444 օր պատանդ պահեցին 52 ամերիկյան դիվանագետների և քաղաքացիների։ Վերջիններիս ազատման նպատակով 1980 թ․ ապրիլին Քարթերի հրամանով Կենտրոնական հետախուզական վարչության կողմից ձեռնարկած գաղտնի գործողությունը ձախողվեց։ Պատանդների ձգձգվող ճգնաժամը թույլ տվեց նախագահի հակառակորդներին դեռ երկար ժամանակ մեղադրել նրան անգործության մեջ և դրանով իսկ խաթարել նրա նախընտրական դիրքերը:
Արտաքին քաղաքականության բնագավարռում Քարթերի կարևորագույն նվաճումներից էր «Քեմփ Դեվիդը», որի արդյունքում Եգիպտոսը դարձավ Իսրայելը ճանաչած առաջին արաբական երկիրը, իսկ դրա դիմաց Իսրայելի զինուժը դուրս եկավ Սինայի թերակղզուց, որը գրավել էր 6-օրյա պատերազմի արդյունքում:
Քարթերի արտաքին քաղաքական կարևոր նախաձեռնություններից էր նաև 20-րդ դարի սկզբին ԱՄՆ միջոցներով կառուցված Պանամայի ջրանցքի հանձնումը Պանամայի կառավարությանը: Սակայն թե՜ «Քեմփ Դեվիդի», թե՜ Պանամայի ջրանցքի համաձայնագրերը միանշանակ չընդունվեցին ամերիկյան հասարակության կողմից։
Չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն էին կազմում Քարթերի կուսակիցները, նա ոչ միշտ էր կարողանում արդյունավետ համագործակցել օրենսդիրների հետ, ինչը դարձավ նրա մի շարք կարևոր նախաձեռնությունների ձախողման պատճառը։ Նախագահի քաղաքականությունից դժգոհ դեմոկրատների ազատական թևը 1980-ի փրայմերիզներում առաջադրեց սենատոր Թեդ Քենեդիի թեկնածությունը՝ պառակտում մտցնելով կուսակցության շարքերում և դրանով իսկ լրջորեն թուլացնելով Քարտերի վերընտրվելու հնարավորությունը։
Առհասարակ, Քարթերին հաճախ էին քննադատում իր կառավարման ոճի համար, շատերը նրան համարում էին չափազանց փափուկ և վճռական գործողությունների ոչ ընդունակ ղեկավար։ Ամերիկյան հասարակությունը չընկալեց առաջնորդության բարոյական բաղադրիչի վերաբերյալ նրա աներկբա հիշատակումները: Նրա հավատամքի քվինտէսենցիան էր 1979 թ․ հուլիսյան ուղերձն ամերիկյան ժողովրդին։ Խորացող տնտեսական ճգնաժամի պատճառ նա համարեց «ամերիկյան ապրելակերպը», որն անհնար է հաղթահարել առանց ինքնազսպման և դեպի բարոյական ակունքներ վերադարձի։ Այս փիլիսոփայությունը հիասթափեցրեց ամերիկացի քաղքենուն, որն իր սպառողական հոգեբանությամբ երկրի ղեկավարից ակնկալում էր գոտեպնդման ու լավատեսության խոսքեր։ Իրավիճակից օգտվեց հանրապետական կուսակցության թեկնածու Ռոնալդ Ռեյգանը՝ խոստանալով «վերականգնել Ամերիկայի մեծությունը»։
Եթե Քարթերի նախագահության արդյունքները դեռևս բանավեճի առարկա են, ապա Սպիտակ տնից հեռանալուց հետո նրա ավելի քան 40 տարվա հասարակական գործունեությունը բացառիկ երևույթ է, որի համար նա ձեռք բերեց «Ամերիկայի լավագույն նախկին նախագահի» համբավ։ Ի տարբերություն իր շատ գործընկերների՝ նա չտրվեց անձնապաստանության, չձգտեց անդրազգային կորպորացիաների կառավարիչների առջև ճառասացությամբ վաստակել վեցանիշ հոնորարներ կամ վրեժխնդրությունից դրդված վերադառնալ մեծ քաղաքականություն:
1982-ին իր հայրենի Ջորջիա նահանգում նա հիմնեց «Քարթերի կենտրոն» հիմնադրամը, որը հետամուտ եղավ ժողովրդավարական կառավարման զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, հակամարտությունների կանխարգելմանը, հումանիտար ճգնաժամերի հաղթահարմանը և Աֆրիկայում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին:
Պաշտոնաթողությունից հետո Քարթերը պարբերաբար անդրադարձել է ընթացիկ քաղաքականության կարևորագույն հարցերին, երբեմն քննադատել հաջորդ վարչակազմերի արտաքին և ներքին քաղաքականությունը, մասնավորապես, դատապարտել ԱՄՆ ներխուժումը Իրաք և ահաբեկիչների հարցաքննությունների ժամանակ խոշտանգումների կիրառումը, հանդես եկել Մերձավոր Արևելքի ճգնաժամերի խաղաղ կարգավորման օգտին, պաշտպանել պաղեստինցիների իրավունքները:
Նրա ամբողջական գործունեության բարձր գնահատականի վկայությունն է Խաղաղության Նոբելյան մրցանակը, որին նա արժանացավ 2002 թվականին՝ հակամարտությունների կարգավորման, ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանման, վարակիչ հիվանդությունների ու աղքատության դեմ պայքարում իր ավանդի համար:
Մինչև 2022 թվականը, որպես բարեպաշտ քրիստոնյա, Քարտերը եղել է իր եկեղեցական համայնքի գործուն անդամ, մատուցել է պաշտամունքային ծառայություններ և դասավանդել կիրակնօրյա դպրոցում։
ԱՄՆ 39-րդ նախագահ Ջեյմս Քարթերի կյանքը բարոյական սկզբունքների վրա խարսխված առաջնորդության եզակի օրինակ է։ Նրա քաղաքական ժառանգությունը պայմանավորված չէ միայն իր պաշտոնավարմամբ. նախագահությունը սոսկ փորձություն էր, որն ամրապնդեց նրա առաքելական եռանդը և ուղղորդեց նրա գործունեությունը հանուն համամարդկային իդեալների:
Արմեն Մարտիրոսյան
ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (1995-99թթ.)
ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան