Հասարակություն

ՔՊ-ի եւ «Բալասանյան» դաշինքի ջրերը նույն առվով չեն հոսում․ դեմ քվեարկեցին Զատիկը համաժողովրդական տոնի վերածելու որոշմանը

ՔՊ-ի եւ «Բալասանյան» դաշինքի ջրերը նույն առվով չեն հոսում․ դեմ  քվեարկեցին Զատիկը համաժողովրդական տոնի վերածելու որոշմանը

Այսօր Գյումրու ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել, որի օրակարգային հարցերից մեկը հույժ կարևոր էր: Քաղաքապետարանի մշակույթի բաժնի առաջարկով ապրիլի 17-ին Սուրբ Հարության տոնը վերածվելու է համաժողովրդական տոնի: Գյումրու համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի խոսքերով՝ դուրս չգալով ժողովրդական չափորոշիչներից, մի քիչ ժողովրդական ոգին բարձրացնելու, ինչպես նաև զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով Սուրբ Զատիկը Գյումրիում ինքնատիպ եւ յուրօրինակ տոնելու մտահղացում է առաջ եկել, որի համար բյուջեից ընդամենը հատկացվելու է 2 300 000 դրամ:

Տոնը մեկնարկելու է Յոթ Վերքի Սուրբ պատարագով, տեղափոխվելու է Կենտրոնական հրապարակ, սկսվելու է մեծ հավկիթախաղը, որի ընթացքում Երուսաղեմի ուղեգիր  կխաղարկվի, եւ տոնախմբությունը կավարտվի ավանդական ժողովրդական երգերով:

Մշակույթի բաժնի պետի զեկույցից եւ առաջարկից անմիջապես հետո սկսվեց «Բալասանյան դաշինքի» եւ ՔՊ ավագանու անդամների տարաձայնությունը: Ավագանու արտահերթ նիստը բավականին լարված ընթացավ: Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը պնդում էր, թե Հրաշափառ Հարության տոնին իրենց խմբակցությունն ամենևին էլ  դեմ չէ, բայց անհասկանալի համառությամբ նախագծին են դեմ:  

«Ինչու՞ արտահերթի շրջանակներում, ավելի վաղ կարելի էր քննարկել այս հարցը, քանի որ Զատիկի օրը մեզ հայտնի էր ավելի վաղ: Մենք չգիտենք, թե ում ինչի համար ենք գումար տալու, անգամ մրցույթ չի հայտարարվել, դրա համար հանձնաժողով պետք է ձևավորվեր: Ես այս հարցն անձնական դաշտ չեմ տանի, բայց գիտեմ, թե ինչու է միջոցառման մասնակիցների ընտրությունը՝ սկսած հաղորդավարից, կոնկրետ մարդկանց վրա կանգ առել, բոլորը ձեզ հետ փոխկապակցված անձինք են»,-խոսքն ուղղելով քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավարը՝ առաջարկելով հանձնաժողով ձևավորել: Մի փոքր վրդովված՝ քաղաքապետը պատասխանեց․ «Ամբողջ աշխարհը մեզ է նայում, բերեցիք կանոնակարգի խախտման, որոշումն ընդունելուց հետո հանձնաժողովը կձևավորվի»:

Իշխող կուսակցության ավագանու անդամները, այնուամենայնիվ, չէին հանգստանում, փորձում էին ամեն կերպ հակադարձել եւ նեղը գցել Սամսոնյանին: ՔՊ ավագանու անդամներից մեկը միջոցառման համար հատկացվող ծախսերի նախահաշիվն էր փորփրել, բացահայտել էր, որ բեմի ձևավորման համար բավական է 300 հզր դրամը, մինչդեռ նշված է 400 հզր դրամ: «Դրանք մոտավոր թվեր են: Եթե կա ավագանու անդամներից ինչ-որ մեկը, որ կարող է մեզ անվճար բեմ տրամադրել, սիրով կընդունենք»,-ասաց քաղաքապետը:  

 ՔՊ-ն այլ փաստարկներ էլ ուներ․ հաղորդավար կարելի է հրավիրել 30 հզր դրամով, ոչ թե՝ 100 հզր: Այս անգամ հակադարձեց մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը․ «5 հզր դրամով էլ կան: Հաղորդավարի ընտրությունը շատ կարևոր է, հազարավոր մարդկանց պետք է կառավարի, խաղարկային փորձ ունենա, սա սովորական միջոցառում չի լինելու․․․․»:

Նշենք, որ չնայած ՔՊ-ի դեմ քվեարկելուն, որոշումն ընդունվեց: 2022-ի ապրիլի 17-ին Սուրբ Զատիկի տոնը Գյումրիում նշվելու է առանձնահատուկ՝ այն վերածվելու է համաժողովրդական տոնի եւ, ըստ պատասխանատուների, կրելու է շարունակական բնույթ:

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image