Ռուսաստանի համապատասխան մարմինները կորոշեն սահմանափակումների տակ ընկած հայկական ապրանքների փոխարինման հարցը, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Արդյոք այդ ծավալները լրացնելու անհրաժեշտություն ունեն և թե ինչպես պետք է դա անել՝ Ռուսաստանի համապատասխան մարմինների գործն է», – Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողներին ասել է Գալուզինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը սահմանափակել է հայկական ապրանքների ներմուծումը բուսասանիտարական նորմերի պատճառով․ «Մեր ճյուղային մարմինների այս որոշումը պայմանավորված է որոշակի ապրանքների Ռուսաստան ներմուծման համար հայտնի բուսասանիտարական կանոնների պահպանման անհրաժեշտությամբ»,– ասել է Գալուզինը։
Ռուսաստանը կարող է ՀՀ-ից ներկրվող գյուղատնտեսական արտադրանքի մի մասը փոխարինել Ադրբեջանից մատակարարվող ապրանքներով, այս մասին էլ նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը։
2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզոր-ը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով:
Ռոսսելխոզնադզոր-ը հունիսի 2-ից սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
Ավելի վաղ սահմանափակումներ են մտցվել նաև ծաղիկների, ալկոհոլային խմիչքների, Ջերմուկ հանքայի ջրի, ելակի և այլ ապրանքատեսակների ներկրման վրա։